Ինչ էր սիրում ոտել և ինչ էր անձամբ պատրաստում Թումանյանը․ սիրած ուտելիքներն ու դրանց բաղադրատոմսերը հենց պոետից

Հետաքրքիր պատմություններ

Ի՞նչ էր սիրում ուտել Հովհաննես Թումանյանը, ի՞նչ էր պատրաստում անձամբ, ի՞նչ էր սիրում հյուրասիրել իր բազմաթիվ հյուրերին… Այս հարցերի շուրջ զրուցել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի հետ:

Անիի հետ զրույցներում պարզեցինք, որ ամենայն հայոց բանաստեղծը սիրել է և՛ համեղ ուտել, և՛ համեղ պաատրաստել: Հաճախ է հյուրեր ունեցել, որոնց համար իր «ֆիրմային» ուտեստներն է պատրաստել:

Անի Եղիազարյանը մի շարք արխիվային նյութերի, նամականիի և ընտանիքի անդամների հուշերի ուսումնասիրություններից հետո առանձնացրել է յոթ ուտեստ, որը սիրել է ուտել և պատրաստել մեծ պոետը:

Հիշում է Նվարդ Թումանյանը

«Սիրում էր քաշովի՝ խորոված ձկան (դասպիչի) հետ: Ձուկը փաթաթում էր լրագրի կամ թիթեղյա թերթիկի մեջ, դնում վառարանը, խորովում: Ծննդավայրի թխվածքներն էր սիրում, որ կերել էր մանուկ օրերին՝ ամենից շատ թարմ սերուցքով պատրաստած ագդակը, ապա և հալվան, խավիծը, նազուկը, գաթան, բաղարջն ու բիշին: Սիրում էր բամյա և մրգի պահածոներ, ձվածեղ պոմիդորով և սուխարիկներով: Սուրճն իրեն վնաս էր, բժիշկներն արգելել էին, բայց ինչպես ինքն էր ասում. «շախի խաթեր» և՛ պատրաստում էր, և՛ խմում»:

«1915-ին Հայրիկն Էջմիածնում ամբողջ օրն զբաղված էր գաղթականների և որբերի վիճակը թեթևացնելու, նրանց կերակրելու, բուժելու գործը կազմակերպելով: Ինքը ոչինչ չէր կարողանում ուտել, միակ բանը թեյն էր ու սուրճը, որ կոնյակով օրը մի քանի անգամ խմում էր զանազան հիվանդությունների դեմն առնելու համար:

Այդ օրերին ապրում էինք Մատենադարանի շենքի ներքին հարկում. վերևում կաթողիկոսի տեղակալ Հուսիկ արքեպիսկոպոսի սենյակն էր: Նա ամեն առավոտ պոմիդոր էր ուղարկում հայրիկին: Հայրիկն առաջին անգամ պատրաստեց ձվածեղ՝ պոմիդորով ու սուխարիկներով: Դրանից հետո ամեն օր պատրաստում էինք: Դա եղավ նրա սիրած նախաճաշը»:

Եվ այսպես, յոթ ուտեստ ու յոթ բաղադրատոմս Հովհաննես Թումանյանից

1. Կրյուշոն

Պատրաստման եղանակը

Կրյուշոն են կոչվում մրգային հյութերից, գինուց, չգազավորված ջրից, շամպայնից, նաև թարմ և սառեցված մրգերից պատրաստված և մինչև 7-10C պաղեցրած ըմպելիքները: Մրգերը խառնում են շաքարավազի և գինու հետ և թողնում են թմրեցման սառը միջավայրում մի քանի ժամ: Այնուհետև ավելացնում են գինի, սառույց և մատուցելուց անմիջապես առաջ լցնում են գազավորված հյութեր:

Թումանյանը հաճախ էր պատրաստում կրյուշոն՝ իր տանը հավաքված հյուրերին հյուրասիրելու համար: Հիմնականում նախընտրում էր տանձով, խնձորով, սերկևիլով, բալով և կարմիր գինով բաղադրատոմսը:

2. Ձուկը՝ լավաշով

Անհրաժեշտ բաղադրիչներ

Ձուկ – 1 հատ

Կարագ – 100 գրամ

Կանաչի (ըստ նախասիրության) – կես փունջ

Լավաշ – 2 հատ

Ձեթ – 2 ճաշի գդալ

Աղ, սևպղպեղ, կարմիրաղացածպղպեղ

Պատրաստման եղանակը

Ձուկը կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը աղով, սև ու կարմիր պղպեղով համեմել: Վերջում ձեռքով ողջ ձուկը պատել ձեթով և թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն:

Այնուհետև կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի հետ (կարելի է տարբեր կանաչիներ օգտագործել՝ համեմ, թարխուն, կամ էլ բոլորն իրար հետ), տեղադրել ձկան փորի մեջ:

Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ: Վերցնել սառը թավան, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: Այդպես նաև մյուսը: Դնել ջեռոցը և եփել 180 աստիճան ջերմաստիճանում 30-40 րոպե: Վերջին 10 րոպեն ձուկը բաց վիճակում տապակել, որպեսզի կարմրի: Հանել և մատուցել տաք վիճակում:

Թումանյանը ձկան պատրաստումն անում էր շատ թեթև ու արագ, առանց ավելորդությունների՝ ձկան փորի մեջ տեղադրում էր կարագ, կանաչիներ, փաթաթում լավաշի, իսկ հետո փայլաթիթեղի մեջ և տեղադրում վառարանի մեջ: 30 ր. անց համեղ ուտեստը պատրաստ էր մատուցման:

3. Եղնջապուր

Անհրաժեշտ բաղադրիչներ

500 գրամ եղինջ
2-3 միջին չափի կարտոֆիլ,
2 ձու
100 գրամ յուղ
1 գլուխ սոխ

Աղ

Պատրաստման եղանակը

Թարմ եղինջը եփել, քամել, մանրացնել և նորից լցնել բանջարի ջրի մեջ։ Ավելացնել կարտոֆիլ կամ մի քիչ ալյուր՝ ըստ նախասիրության և նախապես պատրաստած սոխառածը։ Վերջում ավելացնել ձու և աղ

Սոխառածի պատրաստման համար թավան դնել կրակին, մեջը լցնել անհրաժեշտ քանակությամբ յուղ, սոխը մանր կտրատել, ավելացնել յուղին, անընդհատ խառնել մինչև սոխը փափկի և ստանա վարդագույն երանգ:

Թումանյանները նախընտրում էին ճաշատեսակի հետ մատուցել կաթի սեր, հացի չորացրած կտորներ, որոնք նախապես թաթախված էին սխտորով պատրաստված թանձրուկի մեջ:

4. Թել պանիրով ձվածեղ
Անհրաժեշտ բաղադրիչներ
ձու

կարագ

թել պանիր

աղ, պղպղեղ

Պատրաստման եղանակը

Անալի թել պանիրը (ջիլ) (կամ եթե աղ դրած է, նախապես 2 ժամ թողնում են ջրի մեջ) նախօրոք մանրացնում ենք: Թավայի մեջ լցնում ենք կարագ, այն դաղվելուց հետո ավելացնում ենք թել պանիրը և անընդհատ խառնում: Համասեռ մասսա դառնալուց հետո, ավելացնում ենք հարած ձու: Մատուցվում է տաք վիճակում:

Թումանյանները նախընտրում էին թել պանրի հետ խառնել նաև ռեժան, իսկ ձվի մեջ մանրացրած սպանախ ավելացնել:

5. Ընկույզով կոզինախ

Անհրաժեշտ բաղադրիչներ

600 գր. ընկույզ

350 գր.մեղր

9 ճ. գդալ շաքարավազ

Կոզինախն արևելյան քաղցրավենիք է: Ամենից հաճախ կոզինախը պատրաստում են ընկույզից, որը միացնում են իրար մեղրի և շաքարավազի խառնուրդով: Դրանից հետո զանգվածից շերտ են ձևավորում, թողնում են սառչի և կտրատում են:
Կոզինախ կարելի է պատրաստել ընկույզից, քնջութից, գետնանուշից և այլն:

Պատրաստման եղանակ

Ընկույզները կեղևազրկել, սուր դանակով կտրատել, մաղել` թեփերից մաքրելու համար, թեթևակի բովել: Մեղրը շաքարավազի հետ եփել մարմանդ կրակի վրա այնքան ժամանակ (երբեմն-երբեմն խառնել), մինչև ստացվի միասեռ զանգված:

Ընկույզը լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել հալեցված մեղրի և շաքարավազի խառնուրդը, գդալով լավ խառնել:

Հետո ստացված զանգվածը շրջել թաց տախտակի վրա և թաց գրտնակով գրտնակել և 1 սմ հաստությամբ շերտ ձևավորել: Մի փոքր սառելուց հետո կտրատել և հյուրասիրել:

Քաղցրավենիքն այս հաճախ էր պատրաստում Թումանյանի դուստրը՝ Թամարը, և մատուցում այն թեյի հետ:

6.Բաղարջ

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 կգ ալյուր,
100 գր. մեղր,
150 գր. ձեթ,
200 գր. ջուր,
12 գր. սոդա,

20 գր., աղ

Պատրաստման եղանակը

Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, կողքերը կսմթելով նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում:

Նույն կերպ էր պատրաստում Թումանյան ընտանիքը՝ բաղադրատոմսին հավելելով տարբեր մրգերից պատրաստված չրեր:

7. Ագդակ

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 բ. ալյուր
1 ձու

50 գր կաթի սեր

1 թ. գ. սոդա

յուղ՝տապակելու համար:

Պատրաստման եղանակը

Հունցել խմորը, թողնել հանգչի 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ կտորների և տապակել տաք յուղի մեջ: Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:

Նույն կերպ էր պատրաստում Թումանյան ընտանիքը՝ հատկապես Թումանյանի մայրիկը՝ Սոնան:

Աղբյուր՝ art365.am

Оцените статью