Ստորև «Հուշեր Եղիշե Չարենցի մասին» (Կազմող` Եղիշե Հովհաննսիյան) ժողովածուից ձեզ ենք ներկայացնում երկու մեծերին` Եղիշե Չարենցին ու Ակսել Բակունցին նվիրված մի գողտրիկ հուշաբեկոր:
Պատմում է Խորեն Աճեմյանը. (Խորեն Ռադիո 1907 — 1968), հայ բանաստեղծ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը:
Չարենց և Բակունց… Չի կարելի առանց ազգային հպարտության հիշել այդ երկու վարպետներին, որոնք, ասես, մրցում էին իրենց բարեմասնություններով:
Նրանք սրտակից, գաղափարական ընկերներ էին, որոնց կապում էր ամենից ավելի ազգային նիհիլիզմի դեմ ունեցած ատելությունը: Բայց դրա հետ մեկտեղ նրանք շատ տարբեր էին իրարից և հաճախ թունդ վեճի էին բռնվում այս կամ այն հարցի, մանրամասնի կամ երանգի առիթով: Վեճը սուր բնույթ էր ստանում, թվում էր, թե նրանք ինչ-որ տարբեր հայացքների մարդիկ են և ոչինչ չի կարող նրանց հաշտեցնել:
— Դե՛, թող մարդը իր խոսքն ավարտի,- մռլտում էր Բակունցը, այդ քչախոս, ինքնամփոփ մարդը, տեսնելով, որ անհամբեր խոսակիցը կտրում է իր խոսքը:
— Լա՛վ, խոսի, եթե ասելիք ունես: Ախր ասելիք չունես:
Երբեմն էլ դերերը փոխվում էին:
— Ախր չես թողնում, որ մարդ իր ասածը ասի և մեջ ես ընկնում, ոնց որ
Քսպեն.-
— Ну, дуй, дуй, сколько угодно, и так все время ты говоришь.
Դժվարանում եմ ասել, թե ինչ կապակցությամբ հայերենից անցնում էին ռուսերենի, բայց պիտի ասեմ, որ հաճախ էր լինում: Չարենցը, անշուշտ, վելի լավ էր տգիրապետում բանավեճի արվեստին և ռուսերենին, բայց սակավախոս Բակունցն իր հակիրճ, լակոնիկ պատասխաններով հաճախ նեղն էր գցում ճարտասան ընդդիմախոսին: Վեճերի նյութը և տարաձայնությունների բնույթը զանազան հարցեր էին լինում: Բերեմ մի օրինակ, որպեսզի ընթերցողը պարզ պատկերացում ունենա, թե ինչպես էր սկսվում բախումը և վերածվում երկարատև բանավեճի:
Զբոսնում ենք Աբովյանով, ապա զբոսայգով անցնում Նալբանդյան փողոց. զրույցը` շատ խաղաղ և ակադեմիկ ոգով, ուղեկցում է երթի ընթացքին: Խոսում է Չարենցը և հիշում լատինական այն առածը, թե` «Habent sus fata libelli» և ապա թարգմանում է, դառնալով Բակունցին.
— Այսինքն` գրքերն ունեն իրենց ճակատագիրը:
— Կարող էիր չթարգմանել, — ասում է Բակունցը և ապա ավելացնում. – Ամեն մի հգիրք ունի իր ճակատագիրը – ահա այդ աֆորիզմը:
— Նախ, քանի որ հայերեն ենք խոսում, ապա ոչ թե աֆորիզ, այլ ափորիզմ… Հ.Մ.-յա՞ն դարձար գլխիս…
— Գուցե կասես` «աթոռիզմ», — ասում է Բակունցը:
— Եվ երկրորդ (չլսելու դնելով նրա հեգնանքը), — ինչի՞ ես վիրավորվում, որ թարգմանում եմ, երբ ո՛չ դու, ո՛չ էլ Խորենը լատին չգիտեք… Եվ հետո…
— Իսկ դու ո՞ր օրվա լատինագետը դառար, — հարցնում է Բակունցը` շատ անմեղ հետաքրքրությամբ:
— Ճի՛շտ է, որ ես լատինագետ չեմ, բայց նախ` մի քիչ ավելի գիտեմ, քան դու և, բացի դրանից, քանի որ ես լատիներեն ասի այդ աֆորիզմը` պիտի թարգմանեի: Ճի՞շտ եմ ասում, թե չէ, Խորե՛ն:
— Շա՛տ ճիշտ է: Ես այդ ասացվածքը գիտեի ռուսերենից և, եթե չթարգմանեիր, չէի հասկանա:
— Տեսնո՞ւմ ես, — հաղթականորեն բացականչում է Չարենցը, նայելով նրան այնպես, որ ուզում է ասել. – Տեսնո՞ւմ ես, որ «մեջ մնացիր» և զուր տեղն ես ընդհատում ինձ: — Ապա շարունակում է.
— Բայց այստեղ մի հետաքրքիր փիլիսոփայական հարց է ծագում, որի առթիվ քիչ վեճեր չեն եղել անցյալում: Ի՞նչն է ավելի բարձր, ստեղծագործական անհա՞տը, թե՞ նրա գիրքը:
Տիրում է կարճ լռություն , և հանկարծ`
— Դատարկ, — բացականչում է Ակսելը, — պարզ է, որ ստեղծագործողը ավելի բարձի է, քան ստեղծյալը, արարիչը ավելի բարձր է, քան արարածը:
— Դու այդպե՞ս ես կարծում: Շատ միամիտն ես: Դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սև ցլերն» ու «Մթնաձո՞րը», թե՞ Ակսել Բակունցին:
Վեճը տաքանում է: Չարենցը գտնում է, որ գիրքն ավելի բարձր է, քան գրողը, իսկ Բակունցը` հակառակը:
— Ախր, տրամաբանությոն չկա ասածիդ մեջ, — գոչում է Ակսելը:
— Լավ է չխոսենք տրամաբանությունից, որովհետև դու, նախ` չգիտես ինչ բան է, ինչով է ուտվում, ինչպես կասեր ռուսը. երկրորդ` իմ ասածը ըմբռնելու համար տրամաբանություն քիչ է: Պետք է մարդ մի քիչ բան հասկանա դիալեկտիկայից, իսկ դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ…
Հետո «փոթորիկն» անցնում է, և նրանք արդեն բարեկամորեն ծիծաղում են ոչ միայն իրար վրա, այլև ամեն մեկն ինքն իր վրա:
Նյութը` Ք.Ա-ի