ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐՈՆՔ
ԱՅՍ ԱԶԳԸ ԽՈՐԻՆ ՀԱՆԵԼՈՒԿ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ…
Թեև, այս անգամ ճիշտ կլիներ առաջարկվող հոդվածը ներկայացնել «ՕՏԱՐՆԵՐԸ՝ ՄԵՐ ՈՒ ՄԵՐՈՆՑ ՄԱՍԻՆ» խորագրի տակ:
Հոդվածը կարդացվել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական աշխարհագրական ընկերության 1887 թ-ի մարտի 4-ի նիստում:
Հեղինակը (նկարում) այդ ժամանակ 28-ամյա բժիշկ, հետագայում հանրահայտ ճանապարհորդ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՍԻԼԵՎԻՉ ԵԼԻՍԵԵՎՆ է, ծնվել է Ֆինլանդիայում՝ չքավոր զինծառայողի ընտանիքում:
Ի դեպ, հոդվածն արտատպվել է 1889 թվին Թիֆլիսում հայ դպրոցների համար հրատարակված «Ընտիր հատուածներ» քրեստոմատիայից:
Ահա այդ հոդվածը.
«Հայը, որպես և հելլենացին, կենդանի հանգույց է կազմել արևմուտքի և արևելքի մեջ մարդկության կյանքի երկու նշանավոր վայրկյաններում, երբ արևմուտքի քաղաքակրթությունը թափանցում է մինչև արևելքի սիրտը՝ նրան դարևոր նիրհից զարթեցնելու համար:
Հայոց դերը այժմ ավելի պատվավոր է, որովհետև նրանք տարածում են քաղաքակրթությունը մինչև այն լեռները, որոնք հյուսիսից ներփակում են Միջագետքը:
Բացի այդ նշանավոր պաշտոնից, հայերը արժանի են մեր առանձին ուշադրությանը ոչ միայն մարդաբանական, այլև կենսաբանական և պատմական տեսակետներից:
Մի ազգություն, որ կարողացել է պաշտպանել յուր անհատականությունը Նեբրովթի և Շամիրամա ժամանակներից մինչև մեր օրերը՝ պահպանելով մասամբ և յուր տիպը, սովորությունները, լեզուն և կրոնը, չնայելով որ ոչ մի ազգ, նույնիսկ հրեաները, չէ ենթարկվել այսքան տառապանքների, պատմության մեջ երբեք չպետք է մոռացվի:
Զարմանք է հարուցանում և գոյության կռվի տեսակետից ուժերի հարատևությունը և տոկունությունը այս փոքր ազգի, որ այսքան դարեր հզոր ազգերի մեջ սեպաձև մխված է: Կործանվեցան մեծ Ասորեստանը և Բաբելոնը, ահագին Պարսից պետությունը, պարթևաց, մակեդոնացոց, հռովմայեցոց, արաբացոց տերությունները. մեծամեծ ազգեր անհետացան բնաջինջ աշխարհի երեսից, իսկ հայոց ազգը ոչ միայն կենդանի մնաց, այլև լի կյանքով և հույսով՝ տոչորվում է գիտության ծարավով և սիրով դեպի աշխատանքը:
Մինչև այժմ խորհում է նա թոթափել հազարամյա լուծը, զարգացնում է իր լեզուն, ուսանում է գիտություններ, առաջ մղում ինքն իրան և արդեն շատ բանի հասել է:
ԱՅՍ ԱԶԳԸ ՄԻ ԱՎԵԼԻ ԽՈՐԻՆ ՀԱՆԵԼՈՒԿ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՔԱՆ ԹԵ ՀՐԵԱՆԵՐՆ ՈՒ ԳՆՉՈՒՆԵՐԸ:
Այս երկու համաշխարհաքաղաքացիները համարյա մշտնջենավոր թափառականներ են՝ զուրկ հայրենիքից, որոնց համար ubi bene, ibi partia*, իսկ երկրագործ հայը չէ թողել յուր Հայաստանը, Վանա ծովակի ափից չէ գաղթել և Մասիսի ստորոտից չէ հեռացել:
Հայ երկրագործի սերտ կապը յուր մայրենի հողի հետ կենդանի հերքումն է այն անձանց սխալի, որոնք դասում են նորան հրեաների հետ մի կարգում՝ համարելով հայերին միայն վաճառականական ժողովուրդ:
Ճշմարիտ է, որ ճակատագիրը նշանակելով հային, ինչպես և հույնին, միջնորդական կապ արևմուտքի և արևելքի մեջ, շնորհել է նրան հավասար հատկություններ՝ ճարպիկությունը, հնարագիտությունը, հայտնի մտքերի նրբությունը, բնավորության տոկունությունը, որոնք թե՛ հայոց, թե՛ հունաց ընդհանուր հատկություններն են:
Բայց այս ամենը բավական չէ բացատրելու համար հանելուկը հայերի գոյության, այն հայերի, որոնց հետ Եվրոպան սկսում է փոքր առ փոքր ծանոթանալ, և տակավին Բեռլինի վեհաժողովում նա հրաժարվում է իբրև ազգություն ճանաչել հայերին:
Չնայելով սրանց բազմադարյան պատմությանը, հազարավոր արկածներին, որոնց ենթարկվել է այս ազգը, ՀԱՅՈՑ ՏԻՊԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է, այնուամենայնիվ, ԱՎԵԼԻ ՀԱՍՏԱՏ ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆ ԹԵ ՓՈՔՐ ԱՍԻԱՅԻ ԱԶԳԵՐԻ ՄԻ ՈՐԵՎԻՑԵ ՈՒՐԻՇ ՏԻՊԸ:
Այնպես որ, ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ԱՐՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱԶԳԵՐԻ ԹՎՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՍԵԼ ԵՎ ՀԱՅԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՏԻՊԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՈՂ ԱՅՆ ՉԱՓՈՎ, ԻՆՉ ՉԱՓՈՎ ՈՐ ՆՐԱՆՔ ԻՐԱՆՑ ՀԱՅՐԵՐԻՑ ՈՒ ՊԱՊԵՐԻՑ ԺԱՌԱՆԳԵԼ ԵՆ»:
*ubi bene, ibi partia – լատիներենից բառացի թարգմանությամբ՝ «Որտեղ լավ է, այնտեղ հայրենիքն է»,
կամ մեր «Որտեղ հաց, էնտեղ կաց»-ն է:
Նյութը՝ Կարեն Վարդանյան ֆբ էջից