Թե ինչպես Ավետիք Իսահակյանը տուգանվեց արձանի ուսը համբուրելու համար

Հետաքրքիր պատմություններ

Ավետիք Իսահակյանի որդին՝ Վիգեն Իսահակյանն իր «Հայրս» գրքում ի թիվս մեծ բանաստեղծի արտասահմանում անցկացրած տարիների այլ ուշագրավ դրվագները, ներկայացնում է նաև մի զավեշտալի պատմություն, որն ավարտվում է տուգանքով։ Իտալիայի տեսարժան վայրերում իր շրջագայություններից մեկի ժամանակ Ավ․ Իսահակյանն այնքան է հիանում 18-րդ դարի մեծ քանդակագործ Անտոնիո Կանովայի արվեստով, որ չի դիմանում և համբուրում է նրա ամենահայտնի քանդակներից մեկի ուսը։ Սակայն ավելի լավ է խոսքը փոխանցենք Վիգեն Իսահակյանին։

«Հայրս ուր էլ գտնվեր, ձգտում էր հնարավորին չափ տեսնել տեղի տեսարժան վայրերը, արվեստի կոթողներն ու նշանավոր հուշարձանները։ Վենետիկի ազնվականությունը քաղաքի թիկունքի ցամաք հողերում, այսպես կոչված Ռետրո–Տերայում, նախորդ դարերում կառուցել էր բազմաթիվ առանձնատներ ու պալատներ։ Նրանց թիվն առնվազն 2000 էր, բայց շատերն այժմ լքվել, ավերակների էին վերածվում։ Հայրս որոշեց Ազոլոյից գնալ մոտակա Վիչենցա քաղաքը և ճամփին այցելել մի քանի պալատներ, որոնք բոլորն էլ նշանավոր ճարտարապետ Պալադիոյի կամ էլ նրա աշակերտների գործերն էին։

Այս պտույտը շատ երկար չպիտի լիներ, քանի որ դրանք հազիվ 60 կիլոմետրանոց մի շառավիղի վրա էին գտնվում։ Սակայն այն տարիներին դա մեզ պիտի թվար մի մեծ ճամփորդություն։ Այդ վայրերը դեռ հնուց իրար հետ կապված էին հաղորդակցության միջոցներով։ Այսօրվա անաղմուկ դիլիժանսների փոխարեն գործում էին պատերազմից մնացած փոքրիկ, զինվորական տիպի բաց ավտոբուսներ։ Նստեցինք դրանցից մեկը, վարորդը մեզ լավ տեղ հատկացրեց։ Ուրախ մարդ էր, իսկական «ունիվերսալ»։ Նա ոչ միայն մեքենա էր վարում, այլև ճանապարհին տեսարժան վայրերի մասին բացատրություններ էր տալիս։ Ազատ մնացած րոպեներին էլ իտալական երգեր էր երգում, չէր էլ մոռանում աղբյուրների մոտ կանգ առնել։

Այսպիսով, հասանք առաջին կանգառը։ Սա Մազեր կոչված մի գյուղական վայր էր։ Այստեղ Պալադիոյի կառուցած մի պալատ կար, որը համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ պալատներից մեկը։ Սրա ներսի նկարազարդումը Վերոնեզեի վրձնի գործն էր։ Այժմ այն վերականգնումից հետո պատկանում էր Վենետիկի և Իտալիո ամենահզոր մարդկանցից մեկին՝ կոմս Վոլպիին։ Նա այս տունը տրամադրել էր գրողների և արվեստագետների հանգստին։ Մտա ստվերոտ պարտեզն ու նայեցի պալատին։ Մեծ պատուհաններից երևում էր ներսը. դահլիճներում պատվարժան պարոնայք զրուցում էին գեղեցիկ կանանց հետ, լսվում էր XVIII դարի մեղմ երաժշտություն։

Վարորդը ձայնեց, և մենք շարունակեցինք ճանապարհը՝ հասնելով Պոսանյո վայրը, որը հանճարեղ քանդակագործ Կանովայի ծննդավայրն էր։ Մի մեծ պալատ, դարձյալ Պալադիոյի նախագծած, որը նման էր Հռոմի պանթեոնին, պահպանում էր Կանովայի գործերը։ Այն վերածվել էր թանգարանի, և մենք տոմս առնելով ներս մտանք։ Կանովան XVIII դարում պալատական Եվրոպայի ամենագնահատված քանդակագործն էր եղել։ Նրա գործերը զարդարում են Հռոմի ու Փարիզի պալատները, շատ էր գնահատված նաև կայսերական Ռուսաստանում։

Դիտում էինք նրա գործերը. բնօրինակնե՞ր են, թե՞ պատճեններ, կարևոր չէ, բոլորն էլ շատ գեղեցիկ են՝ «Սերը և Պսիխեն», «Պսիխեի համբույրը» և մանավանդ Նապոլեոնի քրոջ՝ «Պաոլինա Բորգեզեի» վեհաշուք արձանը։ Պաոլինան նստած էր բազմոցին՝ մեջքը բաց։ Նա այնքան գեղեցիկ էր, ասես կենդանի լիներ։ Կանովան մարմարին շունչ ու կյանք էր տվել։

Հայրս հրապուրվել էր այդ գեղեցկությամբ, և ցանկանալով խոնարհվել Կանովայի հանճարի և Պաոլինայի դյութանքների առջև՝ թանգարանի պահակից թաքուն մի համբույր դրոշմեց Պաոլինայի մարմարե ուսին։ Այդ պահին մայրս կարծես թե մի քիչ խանդեց։ Դուրս գալիս պահակը, որը սա շատ լավ նկատել էր, ասաց հորս. «Դուք տուգանված եք, հինգ լիրա պիտի մուծեք»։ Հայրս հնազանդորեն ենթարկվեց։

Պահակը, բնականաբար, ոչ մի ստացական չտվեց, սակայն հորս ասաց. «Դուք ո՛չ առաջինն եք, ո՛չ էլ վերջինը»։ Այս միջադեպը շատ էր զվարճացրել հորս ու ասում էր. «Ի՜նչ հզոր է արվեստի ուժը, քարին կյանք է տալիս»։ Մեկնելուց հայրս նորից նայեց այս կատարյալ պալատին և ասաց. «Ցավալի է, որ իտալական կառավարությունը լավ չի խնամում այս պալատները, այս գանձերը։ Դրանք ավերվում են կամ ալ հարուստ օտարականների բաժին դառնում»։

Անտոնիո Կանովան «Հաղթական Վեներա» մարմարյա արձանը ստեղծել է 1805-1808 թթ․։ Աստվածուհու բնորդուհու դերում հանդես է եկել Նապոլեոն Բոնապարտի քույրը՝ Պաոլինա Բորգեզեն։ Արձանը ստեղծվել է Պաոլինայի երկրորդ ամուսնու իտալացի ազնվական Կամիլլո Բորգեզեի պատվերով՝ նրանց ամուսնության առիթով։ Սկզբում արձանի հերոսուհին՝ Վեներան պետք է հագուստով լիներ, սակայն բնորդուհին՝ Պալոինան, որ հայտնի էր իր ազատ վարք ու բարքով, պնդում է, որ Վեներան պետք է մերկ լինի:

Աղբյուրը՝ Վիգեն Իսահակյան, Հայրս, Երևան, 2000:

Оцените статью