Բակունցի ատրճանակը և Չարենցի կրակոցը. Տաքարյուն Չարենցը

Հետաքրքիր պատմություններ

Հայտնի է, որ Եղիշե Չարենցը տաքարյուն բնավորություն ուներ, որի պատ­ճառով հաճախ ընկնում էր անախորժությունների մեջ։ Այդպիսի մի միջադեպ է պատահում 1926 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանի ներկայիս Աբովյան փողոցում, երբ բանաստեղծը կրակում-վիրավորում է իրավաբան Սերգեյ Այվազյանի աղջկան, հետագայում հայտնի կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը՝ Մարիաննային:

Մարիաննան ծնողների հետ, 1927 թ.

Հետևանքը

Դեպքից հետո Եղիշե Չարենցը ձերբակալվում է՝ դատա­պարտվելով նախ՝ 8, ապա 3 տարվա ազատա­զրկման: Սակայն բանտում անցկացնում է մոտ 6 ամիս։ Բանտային կյանքին բանաստեղծն անդրադառնում է իր «Երևանի ուղղիչ տնից» ստեղծագործության մեջ, որը բացվում է հետևյալ տողերով.

Իրերի դժբախտ բերումով ես առիթ ունեցա մոտ վեց ամսվա ընթացքում բավականին ծանոթանալու Երևանի Ուղղիչ Տան կյանքին, և այժմ ես ուզում եմ նկարագրել այդ հետաքրքիր վայրը, որը թեկուզ կա, գոյություն ունի և ապրում է մեր աչքի առաջ իր յուրօրինակ կյանքով, սակայն — ես համոգված կարող եմ այս ասել — ոչ միայն լայն մասսաները, այլև հասարակական կյանքով ապրող մահկանացուների գերազանց տոկոսը ոչ մի հասկացողություն չունի այդ աշխարհի մասին:

Միջադեպը տարբեր կերպ է ներկայացվում, սակայն ստորև բերվող Ստե­փան Զորյանի հուշերից պարզ է դառնում, որ Չարենցի մտերիմ-ընկերներն էին ինչ-որ չափով մեղավոր տեղի ունեցածի մեջ:

Ներկայացվող հուշը-դրվագը Ս. Զորյանին է պատմել Չարենցի դատապաշտ­պան, իրավաբան Գրիգոր Չուբարյանը՝ հետագայում հայտնի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի հայրը:

Ստեփան Զորյան Գրիգոր Չուբարյան

Հիշում է Ստեփան Զորյանը

Այն ժամանակ, երբ Չարենցը կրակեց իրավաբան Սերգեյ Այվազյանի աղջկա վրա, և դրա համար նրան վտարեցին պարտիայից ու դատի տվեցին, նրա պաշտպա­նությունը հանձն առավ իրավաբան Գր. Չուբարը։

Որպես դատապաշտպան՝ նա մանրամասն հարցուփորձել է թե՛ իրեն՝ Չարեն­ցին, և թե՛ այդ գործին մասնակից Ա. Բակունցին, նկարիչ Ս. Արուտչյանին և ինչ-որ Մաթևոսյանի։

Խորառծառի ճաշարանում այս չորսը նստած են լինում մի սեղանի մոտ, նրանց դիմաց՝ Այվազյանի աղջիկը ընկերուհիների հետ։ Չարենցի ընկերները, մատնացույց անելով այդ աղջկան, ասում են.

— Ուզում էիր դրան ձեռք գցել, բայց չես կարողանում։

— Ձեռք կգցեմ, — ասում է Չարենցը։

— Չես կարող, — գրգռում են նրանք։ — Չի ենթարկվի։

— Եթե չենթարկվի՝ կկրակեմ։

— Դե ստորագրություն տուր, որ կկրակես, — ասում է դրանցից մեկը։

Եվ Չարենցը մեկի բլոկնոտում գրում-ստորագրում է, թե մերժումի դեպքում կկրակի։

Ու մի օր, երկու օր հետո Չարենցին ասում են, թե այդ աղջիկը թատրոնում է, շուտով դուրս կգա։ Իսկ Բակունցը նրան տալիս է իր ատրճանակը։

Եվ իսկապես, քիչ հետո աղջիկը դուրս է գալիս թատրոնից իր հոր հետ։ Չարենցը հետևում է [նրանց]։

Աղջիկը նկատում է և ասում հորը.

— Պապա՛, այդ պոետը հետևում է մեզ։ Կարծես ինչ-որ բան է ուզում ասել ինձ։

— Ես կանցնեմ առաջ, իսկ դու խոսիր։ Եթե որևէ անախորժ բան ասի՝ կոպիտ չպատասխանես. եղիր տակտով և հեռացիր, հասիր ինձ։

Եվ հայրն առաջ է ընկնում։

Աղջիկը, իր անունը լսելով, կանգնում է։

Չարենցը մոտենում է և ձեռքը բռնում.

— Ես քեզ սիրում եմ, դու ինչո՞ւ չես ուզում… — և այլն։

— Դուք կին ունեք, գնացեք Ձեր կնոջ մոտ, — ասում է աղջիկը և արագ հետևում հորը։

Մինչ նա հորը կհասներ, Չարենցը կրակում է նրա վրա՝ չգիտեմ քանի անգամ։ Աղջիկն ընկնում է, հայրը ետ է դառնում և Չարենցի ձեռքը բռնելով՝ ուզում է ատրճա­նակը խլել։ Ու այդ պայքարի մեջ երկուսն էլ ընկնում են առուն։

Այստեղ Բակունցը՝ մտածելով, որ իր ատրճանակը ուրիշի ձեռք կընկնի և դա­տարան կտարվի, վազում է, ընկած Չարենցի ձեռքից խլում է ատրճանակը և փախչում տուն։

Չուբարն ասում է, որ դատարանն ուզում էր Բակունցին ևս նստեցնել մեղա­դրա­կան աթոռին, «բայց ես փրկեցի նրան»։

Հեղինակ՝ Սևակ Ղազարյան

Աղբյուրը՝ Ստեփան Զորյան, Եռագույն մի ճանապարհ, Ե., 2007:

Оцените статью