Լևոնը՝ Ալեքսանդր Մանթաշովի որդիներից ամենահայտնին ու ամենահաջողակը

Հետաքրքիր պատմություններ

Լևոնը լեգենդար բարերար Ալեքսանդր Մանթաշովի 4 որդիներից ամենահայտին էր և ամենահաջողակը: Կրկնապատկելով հորից ստացած խոշոր ժառանգությունը՝ Լևոնը կամ Լեոնարդը, ինչպես անվանում էին նրան շատերը, շարունակում է զբաղեցնել հայր Մանթաշովի զբաղեցրած ազդեցիկ դիրքը հասարակության վերնախավում: Մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովը Ցարական Ռուսաստանի ամենախոշոր գործարարներից և ամենավառ անհատականություններից մեկն է: Նրա «Մանթաշով և Կո» ընկերությունը կայսրության նավթարդյունաբերական ոլորտի գիգանտներից էր, որը 1907 թվին ֆինանսավորել էր Բաքու-Բաթումի 835 կիլոմետրանոց առաջին նավթատարի շինարարությունը՝ աննախադեպ խթան հաղորդելով ոլորտի զարգացմանը:

Ժամանակի մամուլը հաճախակի է անդրադարձել Մանթաշովների ընտանիքի գործունեությանը և հատկապես Ալեքսանդր Մանթաշովի մասին հարուստ արխիվային նյութեր են պահպանվել՝ ընդհուպ նրա բազմաթիվ նվիրատվությունների գումարային չափի հետ կապված: Մանթաշովը Թիֆլիսի Պետդումայի խոսնակն էր: «Петербургскія Вѣдомости» թերթը 1910-ը թվականի հունվարի համարում գրում է. «Տեղի ունեցավ Ամանորի ընդունելություն, որին ներկա էր Նորին Մեծություն կայսրը՝ ընտանիքի ուղեկցությամբ: Հրավիրված էին Ռուսաստանի 20 ամենահարուստ մարդիկ, որոնց թվում էին Նոբելը, Ռոտշիլդը, Զինգերը և Ալեքսանդր Մանթաշևը»:

Ժամանակի հայտնի լրագրող և հրապարակախոս Վլաս Դորոշևիչը պատմում է, որ Մանթաշևը եվրոպական համբավ ունեցող դեմք էր: Նրա հետ ծանոթ լինելը հատուկ կարգավիճակ էր հասարակության մեջ: Կային, նույնիսկ, մարդիկ ովքեր պատվիրում էին այցեքարտեր, որոնց վրա գրված էր. «Իվան Իվանովիչ՝ Ալեքսանդր Մանթաշովի մոտիկ ծանոթներից» և նման այցեքարտը ի վիճակի էր շատ փակ դռներ բացել: Կարդացեք նաև «Այս ժողովուրդը պետք է արթնանա իր լեթարգիկ քնից եւ հասկանա, որ աստիճանաբար իրեն վերածում են «փորս կուշտ, հետույքս ապահով» մի բիոզանգվածի»․ Սերժ Սրապիոնյան 15:18 03.08.2023 Հոլանդացիները կերգեն հայերեն 13:30 02.06.2023 Ամօթ: Մահացու մեղքի համազօր է Կոմիտասին վերագրելու բան մը, որ բնաւ չէ ըրած. «Հայրենիք» 11:31 20.05.2023 Բարերարի միջոցներով տարեկան 200-ից ավել հայ մանուկներ կրթություն էին ստանում ռուսաստանյան և եվրոպական առաջատար բուհերում:

Այդ մանուկների թվում էր նաև Կոմիտասը, որի առաջին դաշնամուրը գնել է Մանթաշովը: Բարերարի հովանու տակ էր գտնվում Կովկասի ամենամեծ մանկատունը, Թբիլիսիի կույր երեխաների կրթօջախը, ծերանոցներ, որբանոցներ: Մանթաշովը առանձնահատուկ ուշադիր էր և ահռելի ֆինանսներ էր հատկացնում մշակույթի և ավիացիայի ոլորտներին: Նրա միջոցներով է կառուցում Ներսիսյան ճեմարանի նոր շենքը, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին, Թիֆլիսի Ակադեմիական թատրոնի շենքը, Երևանի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, Էջմիածնի վեհարանի համալիրը: Մանթաշովը մահանում է 1911 թվականի ապրիլի 19-ին Սանկտ- Պետերբուրգում՝ 69 տարեկանում: Դին տեղափոխվում է Թբիլիսի:

«Մշակ» թերթի մայիսի 1-ի համարում կարդում ենք. «Մանթաշովի հուղարկավորության օրը նրա դագաղի հետևից գնում էր այնպիսի մեծ բազմություն, որ ամբողջ ոստիկանությունը ոտքի էր հանվել՝ մեծ դժվարությամբ կարգ ու կանոն հաստատելու համար»: Ալեքսանդր Մանթաշյանցը հողին է հանձնվում իր իսկ կողմից վերակառուցած Վանական տաճարի բակում, որը 1938 թվականին քանդում են Բերիայի հրամանով: Այդ ժամանակ հողին են հավասարեցվում նաև Մանթաշովների տապանաքարերը: Լևոն Մանթաշովը շարունակում է իրականացնել հայր Մանթաշովի բարեգործական ծրագրերը, սակայն, ծավալներն արդեն այլ էին: Բացի այդ, որդի Մանթաշովը իր նիստուկացով այնքան էլ չէր հիշեցնում հորը:

25 միլիոն ոսկի գնահատվող կարողություն տեր Ալեքսանդր Մանթաշովը, օրինակ, Փարիզում ապրում էր իսկական միլիոնատիրոջը վայել կյանքով, բայց Թիֆլիսում հասարակ մարդու կենցաղ էր վարում: Նա հարազատ քաղաքում շրջում էր ոտքով կամ տրամվայով և սովորաբար աշխատում էր չճնշել հասարակ քաղաքացիներին իր ոսկու փայլով: Լևոն Մանթաշևին ոչ մեկը չէր տեսել ոտքով շրջելիս: Նա քաղաքի փողոցներով սլանում էր իր Ռոլլս-Ռոյս ավտոմեքենայով, որից ուներ երեք հատ: Այդ մեքենան անցյալ դարում էլ ճոխությունն էր և, օրինակ, ի տարբերություն Լևոնի, Նիկոլայ 2-րդ կայսրն ուներ ընդամենը մեկ Ռոլլս-Ռոյս: Վառ երևակայության տեր, հաղթանդամ ու գեղեցկադեմ նավթային մագնատ Լևոն Մանթաշովին միլիոնները, կարծես թե, կպչում էին առանց ավելորդ ջանքի, հիշատակում են ժամանակագիրները: .

Մի անգամ բիրժայի անսպասելի ցատկի արդյունքում՝ Լևոնը շահում է 8 միլիոն ռուբլի և հաջողությունը նշելու առթիվ՝ 100 հոգու համար ընթրիք է կազմակերպում: Ոստրե ու լանգուստ գնելու համար «Էրմիտաժ» ռեստորանի տերն անձամբ է մեկնում Փարիզ: Թիֆլիսից պատվիրում են իշխան ու գինի, Ուրալից սաժենաչափ թառափ, Աստրախանից՝ չուքաձուկ և սև ձկնկիթ: Ընթրիքի սրահը զարդարվում է ամենահազվագյուտ մրգերով ու ծաղիկներով, սպասքը արծաթյա էր, իսկ յուրաքանչյուր անձեռոցիկի տակ դրված էին թանկարժեք նվերներ հյուրերի համար՝ տիկնանց կրծքազարդ, տղամարդկանց ոսկե գլանակատուփ: Ընթրիքը Լևոնի գրպանին արժենում է 200 հազար ռուբլի: Լևոն Մանթաշևը ձիարշավի մոլի սիրահար էր: Մոսկվայի Լենինգրադյան պողոտայի հարևանությամբ` Մոսկվայի առաջին ձիարշավարանին հարող տարածքում, այսօր էլ կարելի է տեսնել Լևոնի հոյակերտ ձիաբուծարանն ու շքեղ առանձնատները:

Ձիաբուծարանի երբեմնի շքեղ համալիրը, որը կառուցվել է 1914 թվին, հիմա արդեն կիսավեր ու լքված մի շենք է, որը ոչինչ չի հիշեցնում նախկին տերերի բարձրաշխարհիկ ու բուռն կենսակերպի մասին: Միակ լուռ, բայց հպարտ վկան շենքի Ճակատին դաջված և մինչ օրս հրաշքով պահպանված ծանրակշիռ զինանշանն է՝ Լևոն Մանթաշյանի (ЛМ) անվավատառերի փորագրով: Այդ համալիրը հանձնել են «Պատմական հուշարձանների պահպանության» ֆոնդին, որը այն շահագործման է տրամադրել Բալետի Պետական Ակադեմիական Թատրոնին: 1999 թվի նոյեմբերի 12- ի Վլադիմիր Պուտինի որոշմամբ, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը ստացել է հրաման՝ պահուստային ֆոնդից հատկացնել 5 միլիոն ռուբլի Բալետի Թատրոնի ղեկավարությանը` հուշարձանը վերականգնելու համար: Տեղի բնակիչների վկայությամբ, սակայն, նոր տերերը քանդել են շենքի կողային ու դեպի բակ ընկած հատվածները և այդպես էլ ոչինչ չեն կառուցել:

Շենքի հակառակ կողմում հայտնվելը անհնար է, քանի որ այն արգելափակված է, իսկ ձախ թևում տեղադրել են ժամանակավոր թիթեղյա կցակառույց, որտեղ գործում է ավտոլվացման կետ: Մոսկվայի ձիարշավի թանգարանի երկարամյա աշխատակցուհին`Ելենա Պետերսոնը պատմում է, որ Մոսկվայի ձիարշավարանը բացվել է 1834 թվականի օգոստոսի 1-ին: Այն, իրոք, ժամանակին համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ ձիարշավարանը: Այնտեղ էին մրցավազքի դուրս գալիս Մանթաշովների և Լազարյանների ազնվացեղ արշավաձիերը: Երեք Դեռբի մրցանակ, որը հովատակ արշավաձիուն տրվող բարձրագույն պարգևն է, 1914, 1915 և 1916 թվականներին շահել են Լեոնարդ Մանթաշովի ազնվացեղ ձիերը: Այդ ժամանակվա լավագույն ժոկեյներից մեկը Ջեյմս Վինկֆիլդն էր, որն ամերիկացի սևամորթ էր: Հանդիսատեսը այդ անհավանական տաղանդավոր արշավորդին մեծարում էր Սև Մաեստրո կոչումով:

Նա մասնակցում էր մրցումներին Մանթաշովներին պատկանող նժույգների վրա: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հեռանալով Ռուսաստանից` Լևոնը իր հետ վերցնում է իր լավագույն ձիերին և Մաեստրո Վինկֆիլդին: Արդեն Ֆրանսիայում՝ 1924 թվին, Վինկֆիլդի տակ սուրացող ազնվացեղ արշավաձին շահում է փարիզյան գրան պրի` մեկ միլիոն ֆրանկ մրցանակային ֆոնդով: Այդ շահումը Լևոն Մանթաշովի վերջին միլիոնն էր: Լևոն Մանթաշևի առանձնատներից մեկը Լենինգրադյան 21 հասցեում է: Շենքը նախագծել է ժամանակի նշանավոր Ճարտարապետներից մեկը`Ֆեոդոր Շեխտելը: Հեղափոխությունից հետո առանձնատունը ծառայում է Ժողովրդական կոմիսարիատի անդամներին որպես հանրակացարան: Կա վարկած, որ հանրակացարանի սենյակներից մեկում բնակվող ընտանիքը վերանորոգում կատարելիս՝ տան պատերի, հատակի և նույնիսկ առաստաղի մեջ պեղում է մի իսկական գանձարան, որտեղ Եվրոպա գաղթած Մանթաշովները թաքցրել էին իրենց թանկարժեք իրերն ու զարդեղենը: Այսօր շենքը ծառայում է «Մանկական Բարեգործական Հիմնադրամին»:

Առանձնատան մեծ և հրաշագեղ հյուրասենյակում նկարահանվել է «Ադմիրալ» ֆիլմի պարահանդեսի տեսարանը: Մեզ, սակայն, այդպես էլ թույլ չտվեցին նկարահանել այդ շենքը ոչ ներսից, և ոչ էլ արտաքինից: Սակայն, մի փոքր բարեհաճություն ցուցաբերելով պահակին՝ երեկոյան մեզ հաջողվեց մտնել բակ և նկարահանել շենքը դրսից: Հիմնադրամի տնօրենը հեռախոսազրույցում ակնարկեց, որ ամեն անգամ շենքի մասին ինչ-որ հիշատակումից հետո, ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր ներկայանում են Մանթաշովների ժառանգներ և պահանջում են սեփականության իրավունքի վերանայում: Լևոն Մանթաշովին է պատկանել նաև տվյալ ժամանակի ամենաշքեղ ու հանրահայտ «Սև Կարապ» անվանումը կրող առանձնատունը` կառուցված 1907 թվին: Այն նույնպես Լենինգրադյան պողոտային հարող տարածքում է: .

«Սև Կարապ»-ը պատկանել է Նիկոլայ Ռյաբուշնիսկուն, որը ժամանակի ինտելեկտուալներից էր և ուներ մեծ կարողություն, սակայն, թղթախաղի մոլի սիրահար էր: Այդ առանձնատան կահավորանքը մեկ առ մեկ ընտրված ու գնված էր անվանը համապատասխան: Ամբողջ սպասքն ու կահույքը նկարազարդված էին սև կարապի պատկերներով՝ պատվիրված լինելով Եվրոպայի լավագույն վարպետների մոտ: Ռյաբուշնիսկին ուներ գեղանկարների աննախադեպ արժեքավոր հավաքածու, որի մի որոշ մասն այսօր Տրետյակովի անվան պատկերասրահում է: Ահա այդ ամենը՝ իր սիրելի առանձնատան հետ միասին, Ռյաբուշնիսկին մեկ գիշերում տանուլ է տալիս Լևոն Մանթաշովին: Այդ տան ճակատին, նույնպես, կարելի է տեսնել զինանշան՝ ЛМ անվանատառերով: Լևոն Մանթաշովի կյանքի վերջին` փարիզյան ժամանակահատվածը գունեղ ու մանրամասն նկարագրել է Ալեքսեյ Տոլստոյը՝ իր «Էմիգրանտներ» վեպում:

Վեպը ընդհանրապես տալիս է պատկերացում, թե ինչպիսի դրամատիկ ավարտ է ունեցել մի ամբողջ սերնդի՝ ցարական բուրժուազիայի ճակատագիրը հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: «Լևոն Մանթաշովը, ով առանց երկմտանքի մի ակնթարթում կարող էր միլիոններ ծախսել, հեղափոխությունից հետո գտնվում էր ծայրաստիճան խեղճ վիճակում: Նա ապրում էր Փարիզի թանկարժեք հյուրանոցներից մեկում՝ «Կարլտոնում» և ապրում ցուցադրական անհոգությամբ, քանի որ միայն այդ կերպ կարող էր զսպել իր բազմաթիվ մանր ու մեծ պարտատերերին, սակայն, պարտատերերի օղակը, միևնույն է, գնալով սեղմվում էր»,- պատմում է գրողը: Լևոն Մանթաշովը մահանում է Փարիզում՝ 1954 թվականին, մեքենայի ղեկի մոտ որպես հասարակ տաքսու վարորդ:

Աղբյուր՝ aravot.am

Оцените статью