Ո՞վ էր Հայաստանի առաջին հանրապետության ոստիկանապետը

Հետաքրքիր

Արամ Մանուկյանը (իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Հովհաննիսյան), սովորել է Շուշիի թեմական դպրոցում, 1901 թ-ին ավարտել է Երևանի թեմական դպրոցը:

1901-03 թթ-ին կուսակցության հանձնարարությամբ աշխատել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում:

1903 թ-ին Կարսից զենք, զինամթերք և կամավորական խմբեր է փոխադրել Արևմտյան Հայաստան: 1904-08 թթ-ին գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղվել ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:

1910 թ-ին վերադարձել է Վան, դարձել Վասպուրականի հայության ամենաճանաչված գործիչներից:

Եղել է 1915 թ-ի Վանի ինքնապաշտպանության (ապրիլ-մայիս) կազմակերպիչներից ու ղեկավարներից, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը նրան նշանակել է Վասպուրականի նահանգապետ (նահանգապետությունը գոյատևել է 70 օր): Հուլիսի 2-ին ռուսական զորքերի անակնկալ նահանջից հետո կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը Արևելյան Հայաստան:

1916-17 թթ-ին Մանուկյանը եղել է Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ. զբաղվել է հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով: Մեծապես նպաստել է 1917 թ-ի մայիսի 2-11-ը Երևանում Արևմտահայերի 1-ին համագումարի կազմակերպմանը:

1917 թ-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանել է Երևան, գլխավորել նորաստեղծ Հատուկ կոմիտեն, որն օժտված էր լայն լիազորություններով, իսկ 1918 թ-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ):

Նա բազմաթիվ կոչերով և ուղերձներով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար:

Կառավարության դերը կատարել է Մանուկյանի ջանքերով ստեղծված կառավարման վարիչների մարմինը, որի նախագահը և զինվորական գործերի վարիչն ինքն էր:

Մանուկյանը Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918 թ., մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքի անվտանգությունը: 1918 թ-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը՝ մինչև Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարության ժամանումը (հուլիսի 23-ին) Երևան:

Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության փաստացի հիմնադիրն է:

Նա նոր կառավարության մեջ ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը:

Մանուկյանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետությունում պարենային ճգնաժամը մեղմելու, գրագրությունների լեզուն հայացնելու, հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը հնարավորինս բարելավելու համար:

Մանուկյանը մահացել է բծավոր տիֆից:

Оцените статью