«Բոլոր ժամանակների գրող» Շեքսպիրի մասին որևէ ժամանակահատվածում չեն դադարել խոսել: Նրա հեղինակած գործերը միշտ համապատասխանում են բոլոր ժամանակաշրջաններին ու տարբեր դարաշրջաններում շարունակում են նոր իմաստ գտնել: Շեքսպիրի ստեղծագործությունները կարդացվել են աշխարհի տարբեր ծայրերում՝ նրան դարձնելով աշխարհի ամենահայտնի հեղինակներից մեկը: Սակայն նրա ինքնության հարցը դեռ գրականության ամենամեծ առեղծվածներից է: Ո՞վ է Ուիլիամ Շեքսպիրը, կամ ավելի շուտ՝ ո՞վ է հեղինակել այն սոնետներն ու պիեսները, որ այսօր աշխարհին հայտնի են որպես Շեքսպիրի գործեր:
Հստակ է, որ «Շեքսպիր» անունով մարդ գոյություն է ունեցել Անգլիայի այդ մասում. նա ծնվել է 1564թ.-ին, Էյվոն գետի վրա գտնվող Սթրաթֆորդ քաղաքում, իսկ 1585թ.-ին արդեն դարձել է Լոնդոնի գլխավոր թատրոնի դերասաններից մեկը: Այնուամենայնիվ, ոչ մի փաստաթուղթ, կամ գրություն չի գտնվել, որպեսզի ցույց տա այս մարդու ու «Շեքսպիր» անունով ստորագրված ստեղծագործությունների միջև եղած կապը:
«Շեքսպիրյան» գործերը բավականին մանրամասն նկարագրում են Էլիզաբեթ թագուհու իշխանության դատարանը, օրենքները, երաժշտությունը, արվեստը, դասականներին, ինչպես նաև բավականին մեծ պատկերացում են տալիս ճանապարհորդությունների, օտար լեզուների մասին: Սակայն Սթրաթֆորդի այս դերասանը ազնվական չի եղել: Նա միջին խավի մարդ էր, որը համալսարանական կրթություն չուներ:
Ուրեմն նա մեզ հասած ստեղծագործությունները գրել չէր կարող: Այդ դեպքում՝ ո՞վ է հեղինակել այդ գործերը:
Մի քանի տարբերակ կա «Շեքսպիրին գտնելու» համար, սակայն մենք կներկայացնենք դրանցից 3 ամենահավանական ու հետաքրքիր վարկածները:
Շեքսպիր #1
Ամենահավանական Շեքսպիրը Սըր Ֆրանցիս Բեյքոնն է: Նա 19-րդ դարի անգլիական վերնախավի ամենախելացի ներկայացուցիչներց մեկն էր: Սըր Բեյքոնը նաև փիլիսոփա էր, էսսեների հեղինակ, գիտնական, փաստաբան, դասական գրականությամբ ու արվեստով հետաքրքրվող մարդ:
Առաջին անգամ այս վարկածն առաջարկել է գրող Դելիա Բեյքոնը (արյունակցական կապ չկա): Նա նշում է, որ հնարավոր է այս փիլիսոփան հեղինակել է ստեղծագործությունները ժամանակի այլ մտածողների՝ Սըր Ուոլթեր Ռելիի և Էդմունդ Սփենսերի հետ: Ըստ Դելիա Բեյքոնի՝ Սըր Ֆրանցիս Բեյքոնը և մյուսները գաղտնի են պահել իրենց ինքնությունը ժամանակաշրջանի պատճառով. այդ տարիներին որպես հեղինակ ի հայտ գալը կկործաներ քաղաքական գործչի իրենց համբավը: Այս հեղինակի տեսությունը հետագայում պաշտպանել են Էդգար Ալլան Պոն, Մարկ Տվեյնը և Ուոլթ Ուիթմանը:
Շեքսպիր #2
Քրիստոֆեր Մարլոուն հաջորդ մարդն է, ում «կասկածում են» Շեքսպիր լինելու մեջ: Այս բանաստեղծն ու դրամատուրգը բավական գիտելիքներ ուներ որպես Շեքսպիր ներկայանալու համար: Համակարգչային մի քանի թեստեր են անցկացվել նրանց գրելաոճը համեմատելու համար ու պարզվել է, որ նրանց՝ բառերն օգտագործելու ոճն ու պարբերականությունը համարյա նույնն է: Այս վարկածին դեմ մարդիկ պնդում են, որ սա հնարավոր չէ, քանի որ Մարլոուն մահացել է 1593թ.-ին, իսկ «Շեքսպիրի» դրամաները շարունակվել են տպարգրվել մինչև 1614թ.-ը: Այս տեսակետին կողմ մարդիկ էլ նշում են, որ ըստ իրենց գտած մի քանի տվյալների, Մարլոուին սպառնում էին բանտարկել ու մահապատժի ենթարկել, ու այդ պատճառով հեղինակը կեղծել է իր մահն ու մի հանգիստ վայրում շարունակել ապրել ու ստեղծագործել:
Շեքսպիր #3
Օքսֆորդի 17-րդ կոմս Էդվարդ դե Վերին առաջին անգամ որպես Շեքսպիր առաջադրել են 1920թ.-ին: Այս մասին սկսել է խոսել Լոնի անունով մի հեղինակ իր «Շեքսպիր՝ ինքնությունը բացահայտված» գրքում, այնուհետև այս տեսությանը կողմ է եղել նաև Զիգմունդ Ֆրեյդը: Ըստ այս տեսության կողմնակիցների՝ կոմսը բարձրակարգ կրթություն ուներ, փաստաբանի որակավորում, ու լավ կապեր թատերական աշխարհում: Ասում են՝ նա շատ չէր ճանապարհորդել, բայց ճանապարհորդել էր հենց այն վայրերը, որտեղ տեղի են ունենում «Շեքսպիրի» պիեսների դեպքերը: Նրանք օրինակ են բերում այն նամակները, որ Վերի եղբայրը գրում էր կոմսին: Այդ նամակներից մեկում Վերի եղբայրը պատմում էր մի երեկույթի մասին, որտեղ երկու պալատականների էր հանդիպել` Ռոզենկրանց և Գիլդենշտերն անուններով (այս պլատականներին կարող եք հանդիպել «Համլետ»-ում):
Այս տեսության կոմնակիցները նաև ասում են, որ, դատելով գտած համեմատություններից, «Համլետ» ստեղծագործության մեջ Պոլոնիուսի կերպարը Ուիլյամ Սեսիլի գրքային մարմնավորումն է, ինչը նշանակում է, որ Պոլոնիուսի դուստր Օֆելյան իրական կյանքում Սեսիլի դուստր Աննան էր: Վերջինս իրական կյանքում ամուսնացած էր հենց Էդվարդ դե Վերի հետ: Նշանակում է` «Համլետը» հնարավոր է՝ ինքնակենսագրական է:
Օքսֆորդի 17-րդ կոմսի՝ «Շեքսպիր» լինելուն կողմ մարդկանց մի մասը մեկ այլ վարկած էլ է առաջարկում. ըստ նրանց՝ Վերը Էլիզաբեթ թագուհու ապօրինի տղան էր ու նաև սիրեկանը: Նրանց արյունապղծության արդյունքում ծնվել է ևս մեկ ապօրինի տղա: Վարկածի կողմնակիցները պնդում են՝ հենց սա է պատճառը, որ Վերը հանդես է եկել Շեքսպիր, այլ ոչ թե իր իրական անունով:
Այս վարկածը քաղաքական ու պատմական աղմուկ է բարձրացրել, քանի որ, սրա ճիշտ լինելը նշանակում է՝ Վերն ու իր և Էլիզաբեթի ապօրինի որդին ավելի շատ իրավունք ունեին գահին տիրանալու համար, քան Էլիզաբեթին փոխարինած Հակոբ Ա-ն:
Այնուամենայնիվ, այս վարկածներից և ոչ մեկը հաստատված չէ, ու հնարավոր է՝ երբեք էլ չհաստատվի, սակայն մեր սերունդներին կշարունակեն փոխանցվել այնպիսի արժեքավոր գործեր ինչպիսիք են «Համլետը», «Ռոմեոն և Ջուլիետը», «Օթելլոն» և տասնյակ սոնետներ, որ հեղինակել է «Շեքսպիրը»:
Աղբյուր՝ Vnews.am