Յուրաքանչյուր ազգի համար պատերազմները միշտ էլ ծանր փորձություններ են եղել: Բոլորն անհամբեր սպասում են այն պահին, երբ վերջապես վրա կհասնի խաղաղությունը: Սակայն երբեմն պատերազմները շատ երկար են ձգվում՝ հարյուրավոր տարիներ, որոնց ընթացքում մի քանի տասնյակ սերունդներ են իրար հաջորդում:
Բյուզանդա-սելջուկական պատերազմ (260 տարի)
Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիա) ու թուրք-սելջուկների քոչվոր ցեղի միջև կոնֆլիկտ առաջացավ մեր ժամանակաշրջանի առաջին հազարամյակի վերջին: Սելջուկները, աստիճանաբար գրավելով նոր տարածքներ, ամրապնդում էին իրենց բանակն ու դառնում էին ուժեղ մրցակից անգամ այնպիսի կարող պետության դեմ, ինչպիսին Բյուզանդական կայսրությունն էր: Բյուզանդացիների և սելջուկների՝ սահմանների վրա զինված բախումների հաճախականությունը մեծացավ, և 1048 թ. նրանք լիարժեք պատերազմ սկսեցին, որում Երկրորդ Հռոմը (այդպես էին անվանում Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը) սկզբնական շրջանում հաղթանակներ էր տանում:
Սակայն դրանց հաջորդում են ամոթալի պարտությունները, և հույները կորցնում են Փոքր Ասիայում իրենց ունեցած գրեթե բոլոր տարածքները՝ սելջուկներին թույլ տալով հաստատվել Միջերկրական ծովի ափին գտնվող ռազմավարական ամրություններում: 1308 թ. մոնղոլների ներխուժման հետևանքով սելջուկների հիմնած Իկոնիայի սուլթանությունը բաժանվում է մանր մասերի, որոնցից մեկն էլ հետագայում դառնում է Օսմանյան կայսրությունը, որի դեմ Բյուզանդական կայսրությունը կրկին շատ երկար տարիներ պայքարեց (214 տարի) ու արդյունքում դադարեց գոյություն ունենալ:
Արաուկանյան պատերազմ (290 տարի)
Արաուկանյան պատերազմը նախկին Իսպանական կայսրության մեջ մտնող Չիլիի թագավորության կրեոլյան բնակչության ու մապուչեների միջև շարունակական պատերազմն էր: Արաուկանների հնդկական ցեղերը եվրոպացիներին ամենաուժեղ ու շարունակական հարվածն են տվել, որ երբևէ արել էին այլ հնդկական ցեղեր:
Շուրջ 3 դար տևած պատերազմը՝ սկսած 1536 թվականից, թուլացրեց հակառակորդների ուժերը, սակայն համառ հնդիկները վերջիվերջո հասան իրենց ուզածին՝ Չիլիի անկախությանը:
Հարյուրամյակներ տևած պատերազմի ընթացքում մապուչեները հերոսներ ծնեցին: Նրանցից ամենահայտնին Գալվարինո անունով մարտիկն էր, ով պայքարել է իսպանացիների դեմ կտրված ձեռքերով:
Ռեկոնկիստա (770 տարի)
Սա պիրենեյան քրիստոնյաների՝ մահմեդականների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երկարատև գործընթաց էր: Այն սկսվեց 770 թվականին, երբ արաբները գրավեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը, և ավարտվեց 1492 թվականին, երբ քրիստոնյաները նվաճեցին Գրանադու քաղաքը՝ Գրանադյան էմիրատի մայրաքաղաքը՝ թերակղզին դարձնելով ամբողջապես քրիստոնեական:
Հարյուրավոր տարիների ընթացքում Պիրենեյան թերակղզին հիշեցրել է հսկայական մրջնաբույն, որտեղ քրիստոնեական տասնյակ թագավորություններ (ի դեպ, որոնցից մի քանիսն իրար հետ հակասությունների մեջ էին գտնվում) արաբական կառավարիչների հետ անդադար պատերազմների մեջ էին:
Արդյունքում մահմեդականների ուժերն ամբողջապես սպառվեցին, ու նրանք վռնդվեցին Իսպանիայից: Ռեկոնկիստայի՝ մարդկության պատմության մեջ ամենաերկար տևած ռազմական կոնֆլիկտի ավարտից հետո սկսվեց աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանը:
Աղբյուր՝ blognews.am