«Երազում եմ դառնալ մայրիկիս հեռախոսը»
Այս պատմությունը տեղի է ունեցել մի դպրոցական ուսուցչի ընտանիքում: Ամեն ինչ սկսվեց, երբ, տուն գալով, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը, տնային աշխատանքը ստուգելու համար, հերթական տետրը բացեց։ Ինչ-որ պահի նա ձեռքերով գրկեց գլուխը, զգացմունքները գրավեցին նրա ամբողջ էությունը, նա այլևս չէր կարողանում զսպել արցունքները, չէր կարողանում գեթ մի բառ արտասանել, նրա համար ժամանակը կանգ առավ։
Ամուսինը, որը այդ պահին կողքին էր գտնվում, հեռախոսով էր տարված, և կարծես թե նրան ոչինչ չէր կարող շեղել այդ զբաղմունքից։ Բայց, գլուխը շրջելով և իր կնոջը տեսնելով նման վիճակում, նա, տարակուսանքի մեջ հայտնվելով, չէր համարձակվում հարցնել՝ «Ի՞նչ է կատարվում»։
Առանց հեռախոսը մի կողմ դնելու և առանց աչքերը էկրանի վրայից հեռացնելու, որոշ ժամանակ անց, նա այնուամենայնիվ հարցրեց, թե ինչն էր այդպիսի պահվածքի պատճառ հանդիսացել: Լացակումած աչքերը բարձրացնելով՝ կինը նայեց իր ամուսնուն և ասաց, որ նա իր աշակերտների տնային աշխատանքն էր ստուգում՝ փոքր շարադրություն «Իմ ամենաբաղձալի երազանքը» թեմայով: Ամուսինը, զարմացած և իր համար նշելով կնոջ տարօրինակ պահվածքը, առանց մեծ հետաքրքրության շարունակեց խոսակցությունը, որպեսզի պարզի, թե ինչը վերջապես այդպիսի բուռն արձագանք առաջացրեց։
Կինը պատասխանեց, որ վերջին շարադրությունը գլխիվայր թեքեց իր ամբողջ աշխարհը: Հեռախոսը մի կողմ դնելով՝ ամուսինը խնդրեց ավելի մանրամասն պատմել, նրա դեմքին որոշ հուզմունքներ հայտնվեցին, և նա խնդրեց կարդալ այդ շարադրությունը։ Շարադրությունում հետևյալն էր գրված. «Իմ ամենաբաղձալի երազանքը ծնողներիս հեռախոսը լինելն է:
Մայրս և հայրս շատ են սիրում իրենց հեռախոսները, նրանք իրենց սիրելի սարքերն են, նրանք այնքա՜ն շատ ժամանակ են անցկացնում նրանց հետ, ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք հեռախոսով կիսվում բոլորի հետ: Ինձ հետ շփումը նրանց նման հաճույք չի տալիս, նրանք կարող են ինձ ժամերով չնկատել: Երբ ես խնդրում եմ հայրիկին խաղալ ինձ հետ, նա ասում է, որ միայն ոչ այսօր, քանի որ նրա համար ծանր օր էր, և նա շատ հոգնած է։ Բայց ես տեսնում եմ, թե ինչպես է նա վերցնում իր հեռախոսը, և բոլոր հոգնածությունն անցնում է, նա կարող է ժամերով այդպես նստել:
Երբ մայրս զբաղված է իր գործերով, բայց գիտի, որ ես արդեն ժամից ավել սպասում եմ, թե երբ ինձ մի փոքր ժամանակ կտրամադրի, և հանկարծ հեռախոսին զանգ է գալիս, նա մոռանում է իմ մասին: Եվ նա չի դադարի խոսակցությունը, նույնիսկ եթե ես լաց լինեմ։ Ծնողներս կարդում են, խաղեր են խաղում, նրանք հոգ են տանում և շատ են սիրում իրենց հեռախոսները։ Իմ բոլոր խնդրանքները, որ միասին լինենք, նրանք չեն նկատում, քանի որ այնտեղ՝ հեռախոսների մեջ, ավելի կարևոր բաներ կան, քան ես:
Երբ ես խնդրում եմ մայրիկիս խոսել ինձ հետ, քանի որ ուզում եմ նրան կարևոր բան ասել, նա միշտ ասում է, որ հիմա զբաղված է, և մի քիչ ուշ կխոսենք, իսկ ձեռքերում հեռախոսն է։ Այդ պատճառով ես ուզում եմ հեռախոս դառնալ, որպեսզի իմ սիրած ծնողների կողքին լինեմ»:
Կինը մինչև վերջ կարդաց և նայեց ամուսնուն։ Նա նման արձագանք չէր սպասում. նա հուզված էր, և աչքերի մեջ ցավ էր կարդացվում։ Ամուսինը նայեց կնոջը և ասաց.
— Ոնց կուզեի հիմա գրկել այդ տղային։
Կինը բարձրացրեց լացից կարմրած աչքերը և ասաց.
— Դու կարող ես հենց հիմա դա անել. սա մեր տղան է գրել։
Թարգմանեց Արուս Ալավերդյան
Նյութը՝ Հոգու ժպիտ ֆբ էջից