ԵՐԵԿՈՅԱՆ, ՈՒՇ ԺԱՄԻՆ, ՇԻՐԱԶԸ ԹԱԿՈՒՄ Է ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻ ԴՈՒՌԸ…
Պարույր Սևակի մահվան օրերին, այն ժամանակ, երբ մամուլը հեղեղված էր Սևակով, նրա գրչակից ընկերը՝ Հովհաննես Շիրազը , մռայլ նստում էր մութ սենյակում:
-Լուսավորե′ք սենյակը, Վարպե′տ,-դիմում էին նրան ընկերները:
-Չէ′, ի՞նչ կըսեք, Սևակն է մահացել: Հանճարեղ մարդ, ահավոր մահ,-հառաչում էր նա: -Դաժան ու անարդար մահեր շատ տեսա: Սևակի վախճանը ցնցեց ինձ. մեծերը կամ մեծ ու իմաստուն մահով են մահանում, կամ բախտի կատակով,-իր ընկերոջ համար մորմոքում էր Շիրազը:
Հովհաննես Շիրազի և Պարույր Սևակի հարաբերությունները առեղծվածանման մի երևույթ էին:
Մինչդեռ բանաստեղծի որդին՝ Սիփան Շիրազը , իր հուշերում գրում է . «Ոմանք մինչև հիմա էլ չարախոսում են, թե Շիրազը Սևակին չէր սիրում, Սևակը՝ Շիրազին: Ամենևին ո′չ: Հայրս սիրում , գնահատում էր Պարույր Սևակին, նրա «Եղիցի լույսը», «Անլռելի զանգակատունը»:
Այլ բան է ,որ ասում էր. «Սևակը ավելի շատ մտքի բանաստեղծ է , քան հույզի, պատկերի»: Սա մաքրամքուր անկեղծության մի գնահատական է ,գնահատական, որ կարող էին միմյանց մասին ունենալ ու արտահայտվել նույն ժամանակի, նույն ժողովրդի, նույն գրականության երակը բռնած արվեստագետները:
Պարզապես, այսպես կոչված՝ վերևներին ձեռնտու չէր նրանց միասնականությունը, սերտացումը: Պարզապես ժամանակը, ժամանակի կերպն ու մթնոլորտը այդպիսին էին ՝ապազգային, և սուր աչքը իսկույն կնկատեր: Երկու մեծերը չպիտի միավորվեին (թեև հոգևոր կապն անհնար էր խզել), և հենց այս իմաստով լավագույնս աշխատեցին ժամանակի գրողական աշխարհի փոշեհիշատակ խամաճիկները:
Շիրազին կեղծ լուր կբերեին, թե՝ Սևակը քո հասցեին էս ասաց, Սևակին, թե՝ Շիրազը քո հասցեին էն ասաց: Խորանանք եղելության մթնաշխարհը, թե չէ՝ կարևորագույնը պարզ է…
Պատրաստ էր ողբերգությունը. Պարույր Սևակը չկար… Երեկոյան, ուշ ժամին, Շիրազը թակում է դիահերձարանի դուռը: Պահակը դռան անցքից նայում-ճանաչում է Շիրազին, դուռը բացում…
-Ո՞րն է Պարույրը…
Պահակը ցույց է տալիս: Շիրազը հուզախեղդ մոտենում,սպիտակ սավանը հետ է քաշում՝ քարանում –արտասվում է : Ապա լուռ շրջվում, շտապ դուրս է գալիս, հեռանում: Դիահերձարանի զարմացած պահակը դռան առջև հավաքված Սևակի մի քանի ընկերներին հարցնում է .
«Սևակը Շիրազին ի՞նչ բարեկամ է գալիս…»: Այսքանից հետո ո՞ր միամիտի մտքով կարող էր անցնել անհեթեթությունը, թե Սևակն ու Շիրազը միմյանց հետ չունեին…: «Հիշողությանս մեջ ,-շարունակում է Սիփանը,-նաև վառ,այսօրվա լույսի նման վառ է հայրիկի հետևյալ խոսքը՝ Ես Մասիսն եմ, Սևակը՝ Սիսը»:
Մանուշակ Շիրինյան գրական էջ