Ախմատովան և Անուշը
1956 թ հունիսի 24-ին ռուս գրող Օսիպ Մանդելշտամի կինը` Նադեժդան, Աննա Ախմատովային մի նամակ է գրում, որն ավարտվում էր հետևյալ տողով. «Համբուրում եմ, Անո՛ւշ, կարոտում եմ, Անո՛ւշ, ա՜խ, Անո՛ւշ, Անո՜ւշ»:
Այս նույն անունը բազմաթիվ անգամներ հանդիպում է նաև նրանց այլ նամակներում: Բայց ինչո՞ւ ռուս նշանավոր բանաստեղծուհին պիտի Անուշ կոչվեր, եթե ոչ հայկական արմատներ ուներ, ոչ էլ երբևէ եղել էր Հայաստանում:
Այս գաղտնիքը մասամբ բացահայտում է նույն նամակագիրը` Նադեժդա Մանդելշտամը: Ինչպես հայտնի է, 1930 թվականին Մանդելշտամ ամուսինները մի քանի ամիս հյուրընկալվել են մեր երկրում:
Իսկ շատ տարիներ անց Նադեժդան իր հուշերում պիտի գրեր. «Մենք վերադարձանք Հայաստանից և առաջին հերթին անվանափոխեցինք մեր ընկերուհուն: Բոլոր նախկին անունները մեզ թվացին անհետաքրքիր` Աննուշկա, Անյուտա, Աննա Անդրեևնա:
Նոր անունը սերտաճեց նրա հետ, մինչև վերջին օրերը ես նրան կոչում էի այն նոր անունով, որով նա ստորագրում էր իր նամակները` Անուշ: Անուշ անունը մեզ հիշեցնում էր Հայաստանը»:
Հեղինակ՝ Հովիկ_Չարխչյան
Աննա Ախմատովա