Երկու գորգ, երկու պատմություն.
BBC-ի անդրադարձը հայ որբերի գործած գորգերին
Երկու գորգերի պատմություն, որոնցից մեկը նվիրաբերվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին, մյուսը վերջերս հայտնաբերվեց Սան Ֆրանցիսկոյի տներից մեկում. դրանք օգնում են բացահայտել ԱՄՆ առաջին մարդասիրական օգնության պատմությունը և 100 տարի առաջ Թուրքիայում հայերի ողբերգական ճակատագիրը, BBC-ի կայքում գրում է Լիանա Աղաջանյանը:
Երբ Մեգի Մանգասարյան-Գոսչինը անցյալ տարվա հուլիսին մտավ 97-ամյա Լիզբեթ Քունցլերի տուն, անմիջապես հասկացավ իր գտածի կարևորությունը:
Հյուրասենյակի կենտրոնցում փռած էր ապշեցուցիչ գունավոր գորգ՝ ավելի քան 800 հազար ձեռագործ հանգույցներով: Այն զարդարված էր էկզոտիկ բույսերով, վազվզող եղնիկներով և ընձառյուծներով, որոնք կարծես թե փորձում էին դուրս ցատկել գորգից: Մանգասարյան-Գոսչինի համար արդեն պարզ էր՝ դա պատմության անհավանական կորած բեկոր էր:
Գորգը գործել են Լիբանանի փախստական որբերը, որոնք փրկվել էին 1915թ. օսմանյան շրջանում 1.5 մլն հայերի ջարդերից, ջարդեր, որոնք շատ գիտնականները համարում են ցեղասպանություն, շարունակում է հոդվածագիրը: Այդ ժամանակ ավելի քան 3000 գորգ է գործվել, որոնք նվիրել են երեխաների խնամքի համար վճարող ամերիկացի դոնորներին:
Այս մեկը շուրջ 70 տարի պահված էր մնացել Քունցլերի տանը, ով այն Լիբանանից բերել էր Նյու Յորք, Նյու Հեմփշիր և վերջապես Սան Դիեգո, որտեղ հաստատվել էր ամուսնու և երեխաների հետ:
«Այնպիսի զգացողություն էր, որ այս գորգի հետ ինչ-որ բան կա, որովհետև իմ ամբողջ կյանքում սրա նման բան երբևէ չէի տեսել»,- ասում է Mission Hills-ի Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մանգասարյան-Գոսչինը, ով մասնագիտացած է հայկական հնությունների թեմայով:
Այսօր՝ որբերի գործած այս գորգը և դրա նման այլ իրեր հիշեցնում են ԱՄՆ-ի առաջին մարդասիրական օգնության մասին և թույլ են տալիս հայերին կապ պահել իրենց պատմության կարևոր, թեկուզ և դառը շրջանի հետ:
Սիրիական և հայկական օգնության ամերիկյան կոմիտեն, որն այսօր հայտնի է որպես Մերձավոր Արևելքի հիմնադրամ, եղել է ԱՄՆ-ի առաջին ոչ կրոնական միջազգային օգնության հիմնադրամը, պատմում է Աղաջանյանը:
Այն հիմնվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսման-թուրքերի կողմից տեղահանությունների, հարկադիր երթերի, սովի և սպանությունների թիրախ դարձած հայերին, հույներին և ասորիներին օգնելու համար:
Չառլի Չապլինի «Փոքրիկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ ամբողջ ԱՄՆ-ում հավաքված խտացրած կաթի տարաները և ֆիլմում նկարահանված փոքրիկ Ջեյքի Քուգանն ակտիվորեն նպաստեցին միջոցների հավաքագրմանը: Ավելի քան 110 մլն դոլար, որն այդ ժամանակվա համար անհավանական գումար էր, նվիրաբերվեց դպրոցները, որբանոցները և այլ հաստատություններ ֆինանսավորելու համար: Այս ջանքերի շնորհիվ փրկվեցին միլիոնավոր փախստականներ, այդ թվում ավելի քան 100 հազար հայ որբեր:
Քունցլերի հայրը՝ Յակոբը, շվեյցարացի միսիոներ էր, ով օգնության կոմիտեում աշխատում էր որպես որբանոցի տնօրեն: Նրանք Ուրֆայից հայ որբերին ոտքով, գնացքով և ավանակներուվ տեղափոխում էին Լիբանանի Ղազիր գյուղի լեռներ: Երբ երեխաներին արդեն տեղավորել էին, նա հայ գորգագործության վարպետ Հովհաննես Թաշջյանի օգնությամբ որբանոցում հիմնում է գորգագործական հաստատություններ, որտեղ ավելի քան 1400 հայ աղջիկների սովորեցնում են գորգագործության, գույների ու նախշերի արվեստը: Որբերին սովորեցնում էին նաև արհեստներ՝ իրենց գոյատևումն ապահովելու համար, քանի որ նրանց գործած գորգերը վաճառվում էին կամ նվիրաբերվում՝ գումար հավաքագրելու համար։
Յակոբը և նրա կին Էլիզաբեթը, որոնց գորովանքով անվանում էին «հայր և մայր Քունցլերներ», պատասխանատու են 8000 հայ որբերի կյանքի փրկության համար: Նրանք այնքան սիրված էին, որ աղջիկները որոշում են գորգ գործել հենց նրանց ընտանիքի համար:
Քունցլերների 4 դուստրերից կրտսերին՝ Լիզբեթին, որը ծնվել էր Ուրֆայում, հրավիրում են գույներն ընտրելու, և վերջապես կանգ են առնում կապույտի վրա: Այդպես, որբերն աշխատում են գորգի վրա, որը հայր Քունցլերը հետո նվիրում է Լիզբեթին: Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո նրա ծնողները գորգը Լիբանանից նրան են ուղարկում ԱՄՆ:
Լիզբեթի կրտսեր դուստրը՝ Փոլի Մարշալը, ով այսօր ժառանգել է գորգը, հիշում է, որ մանկության տարիներին իր քույրերի ու եղբայրների հետ գնդիկներ էին խաղում դրա վրա: Քունցլերի դուստրերն իրենց խաղի ընթացքում իրար էին կապում գորգի բույսերն ու կենդանիները, որոնք, ասում են, թե պատկերում են Եդեմի պարտեզները:
«Դա ամբողջությամբ մեր առօրյայի մի մասն էր,- պատմում է նա: -Այսօր իմ մոր թոռներն ու ծոռներն են խաղում դրա վրա, և ես կցանկանայի մտածել, որ ինչ-որ կերպով այդ երեխաների հոգիները հայտնվել են գորգում, և որ այն ձգում է տարբեր սերունդների երեխաներին»:
Քունցլերի գորգն ավելի նշանակալից է դարձնում այն, որ գորգը 1925թ. նախագահ Քելվին Քուլիջին նվիրված գորգի «քույրն» է: Այն ԱՄՆ նախագահին է նվիրվաբերվել որպես երախտիքի նշան՝ ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության համար:
Երբ անցյալ տարի Քուլիջին նվիրաբերված գորգը կարճ ժամանակով ցուցադրվեց Սպիտակ տան Այցելուների կենտրոնում, Փոլի Մարշալը այն մարդկանցից էր, ով գնաց այն տեսնելու և անգամ մոտեցավ, որպեսզի շոշափի:
«Այն կարծես թե ինձ կապում է իմ տատի ու պապի (որոնց ես երբեք չեմ տեսել) և որբերի հետ,- ասում է նա: -Սա ամենավառ կերպով պատկերում է այդ ժողովրդին և այն, ինչի միջով նրանք անցել են»:
Երբ Մանգասարյան-Գոսչինը մոտեցել է Մարշալին՝ հարցնելու՝ արդյոք նա թույլ կտա, որպեսզի Քունցլերի գորգը նույնպես ցուցադրվի, նա առանց վարանելու համաձայնել է: Մարշալը կարծում է, որ այն մարդիկ, որոնք չեն կարողացել տեսնել Սպիտակ տան գորգը, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է պահեստում և շուտով նորից կվերադառնա այնտեղ, կարող են հնարավորություն ունենալ տեսնել դրա քույր-գորգը:
Նախատեսվում է, որ մայիսին այն ժամանակավորապես կցուցադրվի Արարատ-Էսքիջյանի թանգարանում:
«Եթե այս գորգը կարող է օգնել մարդկանց թեթևացնելու իրենց ցավը կամ կապելու մարդկանց իրենց նախնիների հետ, նվազագույնը, որ մենք կարող ենք անել, այն հասանելի դարձնելն է»,- ասում է Մարշալը:
Հայկական գորգերի ընկերակցության նախագահ Հրաչ Կոզիբեյոքյանը, ով գորգագործ վարպետի երրորդ սերունդն է, ասում է, որ հայկական համայնքներն աստիճանաբար սկսում են գիտակցել այս գորգերի պատմության ուժը:
«Մեր պատմությունը պահպանված է միայն երկու ձևով՝ մեր ժողովրդական երգերում և մեր գորգերում»,- ասում է Քոզիբեյոքյանը, որն օգնել է ապակոդավորել Քուլիջի և Քունցլերի գորգերի միջև տարբերությունները:
Այս տարի Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի արևմտյան թևը արշավ սկսեց՝ «Ամերիկա, շնորհակալ ենք քեզնից. հայերի հարգանքի տուրքը Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեին» խորագրով. դրա նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կազմակերպությանը, որը փրկեց հայ որբերին և ջարդերից մազապուրծ եղած այլ մարդկանց:
Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանը, ով ցեղասպանություն վերապրածի թոռ է, ասում է, որ Ամերիկայի առատաձեռնության պատմությունը օգնում է լցնել ամերիկահայերի երրորդ և չորրորդ սերունդների երկակի ինքնության անդունդը: ԱՄՆ-ն այսօր երկրորդ հայրենիք է Հայաստանից դուրս հսկայական թվով հայ բնակչության համար:
«Ես չէի կարող առավել հպարտ լինել, քան այս պատմությամբ, երբ ամերիկացիները, որոնք ոչինչ չգիտեին 8000 մղոն հեռավորության վրա ապրող հայերի մասին, ինչ-որ բան տվեցին նրանց օգնելու համար,- ասում է նա:- Փաստորեն, կարելի է պնդել, որ հայերի մի ամբողջ սերունդ այսօր այստեղ չէր լինի, եթե չլիներ նրանց աջակցությունը»:
Աղբյուր՝ Էրգրականչ