«Իրական Մարոն և Կարոն․ մի հերոսուհու և հերոսի պատմություն»

Հետաքրքիր պատմություններ

Իրական Մարոն և Կարոն

Ապրիլի 7-ի առթիվ «Հայկական ալիքը» ներկայացնում է քաղաքագետ Էդգար Էլբակյանի «Իրական Մարոն և Կարոն․ մի հերոսուհու և հերոսի պատմություն» հրապարակախոսականը՝ նվիրված պատմության հոլովույթում հայ կնոջ կերպարի արծարծումներին։

«Մարո և Կարո» անունները լսելիս հայ ընթերցողի առաջին ասոցիացիան տանում է դեպի ամենայն հայոց բանաստեղծի հայտնի ստեղծագործության տարաբախտ հերոսները։ Ցավալիորեն պատմության համար գրեթե անհայտ են մնացել մեկ այլ՝ իրական Մարոն՝ ֆիդայի Մարիամ Մակարյանը և մեկ այլ՝ իրական Կարոն՝ ֆիդայի Արիստակես Զորյանը։

Նախապատմություն։ Մարոն ծնվել է 1872 թ․-ին Դերբենտ քաղաքում։ Մանկուց որբացել էր՝ մնալով եղբայրների խնամքին։ Դպրոցական տարիներից տարվելով Րաֆֆու պատմավեպերով՝ մասնակցել է աշակերտական միջոցառումների և իր խանդավառ հայրենասիրությամբ վարակել մյուսներին։ Չնայած նուրբ կազմվածքին՝ ուներ անսպառ կորով, խստապահանջություն, բայց և համոզված էր, որ «աղջկա կոչումն է համեստություն, խաղաղություն և պարզություն»։

Շատերի պես Մարոն այդ տարիներին եղավ Հայ Հեղափոխական Դաշնակցությանն առաջին անդամակցողներից, և դարձյալ շատերի պես տոգորված էր Երկիր անցնելու և օսմանյալ լծի տակ գտնվող եղբայրներին ազատություն բերելու մտքով։ Այդ տարիներին կուսակցականի ամենալավ քողարկիչը և միևնույն ժամանակ ամենալավ գործունեության ասպարեզն ուսուցչությունն էր։ Դա քողարկում էր հեղափոխական գործունեությունը մարդկայնորեն և հանրորեն ընդունելի ուսուցչական առաքելության տակ և միևնույն ժամանակ հնարավորություն էր տալիս կուսակցական գործչին մատաղ սերնդին ևս վարակելու պայքարի իդեալներով։ 1894 թ․-ին Մարոն 22 տարեկան հասակում մեկնում է Թավրիզ՝ ուսուցչության։
ՀԱՅ
Հայկական ալիք։
ԷՍՍԵ
Իրական Մարոն և Կարոն
07 / 04 / 2023

Ապրիլի 7-ի առթիվ «Հայկական ալիքը» ներկայացնում է քաղաքագետ Էդգար Էլբակյանի «Իրական Մարոն և Կարոն․ մի հերոսուհու և հերոսի պատմություն» հրապարակախոսականը՝ նվիրված պատմության հոլովույթում հայ կնոջ կերպարի արծարծումներին։

«Մարո և Կարո» անունները լսելիս հայ ընթերցողի առաջին ասոցիացիան տանում է դեպի ամենայն հայոց բանաստեղծի հայտնի ստեղծագործության տարաբախտ հերոսները։ Ցավալիորեն պատմության համար գրեթե անհայտ են մնացել մեկ այլ՝ իրական Մարոն՝ ֆիդայի Մարիամ Մակարյանը և մեկ այլ՝ իրական Կարոն՝ ֆիդայի Արիստակես Զորյանը։

Նախապատմություն։ Մարոն ծնվել է 1872 թ․-ին Դերբենտ քաղաքում։ Մանկուց որբացել էր՝ մնալով եղբայրների խնամքին։ Դպրոցական տարիներից տարվելով Րաֆֆու պատմավեպերով՝ մասնակցել է աշակերտական միջոցառումների և իր խանդավառ հայրենասիրությամբ վարակել մյուսներին։ Չնայած նուրբ կազմվածքին՝ ուներ անսպառ կորով, խստապահանջություն, բայց և համոզված էր, որ «աղջկա կոչումն է համեստություն, խաղաղություն և պարզություն»։

Շատերի պես Մարոն այդ տարիներին եղավ Հայ Հեղափոխական Դաշնակցությանն առաջին անդամակցողներից, և դարձյալ շատերի պես տոգորված էր Երկիր անցնելու և օսմանյալ լծի տակ գտնվող եղբայրներին ազատություն բերելու մտքով։

Այդ տարիներին կուսակցականի ամենալավ քողարկիչը և միևնույն ժամանակ ամենալավ գործունեության ասպարեզն ուսուցչությունն էր։ Դա քողարկում էր հեղափոխական գործունեությունը մարդկայնորեն և հանրորեն ընդունելի ուսուցչական առաքելության տակ և միևնույն ժամանակ հնարավորություն էր տալիս կուսակցական գործչին մատաղ սերնդին ևս վարակելու պայքարի իդեալներով։ 1894 թ․-ին Մարոն 22 տարեկան հասակում մեկնում է Թավրիզ՝ ուսուցչության։

Անցավ 2 տարի։ 1896 թ․-ի ամռանը Վասպուրականը և Պարսկահայաստանը ցնցվեցին հայության դեմ առաջին զանգվածային ջարդերի լուրից։ Վանում և գյուղերում բռնկված ջարդերին հայերը՝ հնչակյան, արմենական և դաշնակցական, դիմադարձեցին ինքնապաշտպանությամբ։

Ի վերջո քաղաքի օտարերկրյա հյուպատոսների միջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն, որ ֆիդայիները կարող են անվնաս նահանջել դեպի Պարսկաստան։ Չհասած պարսից երկիր՝ Գարահիսար լեռան լանջին և Սուրբ Բարդուղիմեոս տաճարի մոտ, կառավարական զորքերը և քրդական խաժամուժը (առաջատարությամբ մազրիկ ցեղի) ուխտադրժորեն հարձակվեցին և ջարդեցին նահանջող խմբերին։ Հատուկենտ մարդիկ ողջ մնացին, զոհվեց շուրջ 850 մարդ, այդ թվում՝ կուսակցական պարագլուխներ Պետոն (դաշնակցական), Մարտիկը (հնչակյան) և Ավետիսյանը (արմենական)։

Դաշնակցությունը քննարկում էր փոխվրեժի երկու տարբերակ։ Կա՛մ Պարսկաստանում հավաքված մարտիկների ամբողջ ուժով պատժիչ արշավանք քրդական մազրիկ ցեղի դեմ, կա՛մ զենքի և խմբերի լուռ ճանապարհում դեպի Վան՝ տեղում ուժեր կուտակելու համար։ Առաջին տարբերակի ջերմեռանդ պաշտպան էր արցախցի Նիկոլ Դումանը։ Երկրորդ տարբերակի կողմնակիցները հիմնականում երկրեցիներ էին, այդ թվում՝ վանեցիներ։ Սակայն կար ագուլիսցի քաջ պատանի, որ Երկրից չէր, սակայն նույնպես դեմ էր արշավանքի գաղափարին։ Դա Կարոն էր։ Մեր պատմության երկրորդ հերոսը։

Կարոն ծնվել է 1871 թ․ Նախիջևանի Ցղնա գյուղում։ Նա ՀՅԴ համահիմնադիր Ռոստոմի (Ստեփան Զորյան) կրտսեր եղբայրն էր։ Կարոն նույնպես կուսակցական էր և հմուտ զինագործ։ Կարոյի և Մարոյի միջև պարսից հյուրընկալ հողի վրա բռնկվել էր անխառն և մաքրամաքուր սեր, որից անտեղյակ էին կուսակցական ընկերները, անգամ Կարոյի եղբայր կուսակցապետ Ռոստոմը։ Այդ սերը, սակայն, բախվեց հանգամանքների դաժան փորձությանը։ Հանգամանքներ, որ հետևանք էին ֆիդայական գործունեության ասպարեզի խիստ օրենքների, ըստ որոնց՝ սիրային զեղումները խոչընդոտ են ֆիդայու սրբազան պայքարի ճանապարհին։

Այստեղ էլ հենց ծավալվում է դրաման։ Կարոն, մարտավարական նպատակահարմարությունով պայմանավորված, դեմ էր Խանասորի դաշտում հանգրվանած մազրիկցի քրդերի դեմ արշավանքին։ Մարոյին, սակայն, այլ կերպ էր թվում։ Նա կարծում էր, որ իր հանդեպ տածած սերն է, որ Կարոյին մի տեսակ վեհերոտ և կամազուրկ է դարձնում, այդ սիրո կապանքներն են, որ չեն թողնում նրան իջնել Խանասորի դաշտ և ջարդ տալ ուխտադրուժ թշնամուն։

Մարոյի աշխարհընկալմանը խորթ էր այս իրականությունը, որ ինքը կարող էր պատճառ դառնալ քաջ ֆիդայու թուլացման և ազգային պայքարից քաշվելուն։ Չհամակերպվելով այդ իրականության հետ՝ հերոսուհին ամենավճռական և արմատական ձևով հաշվեհարդար տեսավ վերջինիս հետ…

1896 թ․ դեկտեմբերի 2-ին ընկերները տան մեջ գտան Մարոյի դին։ Հերոսուհին ինքնասպան էր եղել իրեն պատկանող նագանից արձակված կրակոցից։ Սեղանին մնացած թղթի կտորի վրա գրված էր վերջին նամակը՝ «Կատարի՛ր վերջին կտակս, դրանով միայն կհանգստանան ոսկորներս գերեզմանի մեջ։ Ես այնքան քաջություն ունեցա, որ կարողացա կրակի տալ քո ետևից բոլոր նավերը, այսուհետև դու բոլորովին ազատ ես․ գործի՛ր, ների՛ր ինձ։ Բյուր համբույրներ»։ Այդ պահին ոչ ոք չիմացավ, թե ում են ուղղված այդ խոսքերը։ Միայն Կարոն հասկացավ, և դա անջնջելի հետք թողեց հերոսի սրտում։

Մարոյի անձնասպանությունից շուրջ 8 ամիս անց տեղի ունեցավ Խանասորի արշավանքը։ Հայոց զենքի պատմության փառահեղ մի դրվագ, որի մասին դրվատանքով գրեցին օտարերկրյա թղթակիցները, վիպերգեր հյուսեցին քրդերը, և որ ապահովեց գալիք տարիներին վերջիններիս համեմատական չեզոքությունն ու բարեվարքությունը հայերի հանդեպ։

Ինչ վերաբերում է Կարոյին, ապա ասում են, թե ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ինչ եղավ նրա հետ։ Մարտիկներից մի մասը պնդում էին, թե Կարոն կենդանի գերի է ընկել քրդերին, մի մասն ասում էին, որ երբ քրդերը պաշարել են իր դիրքը, նա արդեն կենդանի չէր։ Փաստ է միայն մեկ բան։ Ստանալով նահանջի հրաման՝ Կարոն չի ենթարկվել և շարունակել է կրակ տեղալ թշնամու վրա։ Ինչ էլ լինեն մահվան ստույգ մանրամասնությունները՝ էական է այն, որ Կարոն իր սիրեցյալ Մարոյի պես մահ էր փնտրում և ցանկանում էր, որ դա լինի արժանի ընկերոջ մահվանը՝ վեհ և զենքը ձեռքին՝ որպես հարգանքի տուրք Մարոյի զոհողությանը։

Ընկերները բոլորը համակարծիք էին, որ Կարոն ևս մի տեսակ անձնասպան եղավ՝ չհամակերպվելով, որ պատճառ է դարձել տարաբախտ սիրեցյալի վաղաժամ մահվան։ Պատմությանը և սերունդներին քիչ հայտնի այս դեպքն արշավանքի մեկ այլ մասնակից՝ Գալուստ Ալոյանն ամփոփել է այս տողերով՝

Չկար Կարոն․ տխուր պատեց ամենքին,

Երանի է նրա հոգվույն, որ զոհ դարձավ այդ կռվին։
Կարոյի և Մարոյի պատմությունը՝ որպես մեզ հասած ավանդ, միասնականության մասին է՝ հայ կնոջ և հայ տղամարդու կերպարների միասնականության։ Եթե անկախ Հայաստանն ունենար անհրաժեշտ չափի ինքնիշխանություն մտքերի, գաղափարների, իդեալների և հերոսի կերպարի հանդեպ, ապա հայ կնոջ իրավունքների, ազատությունների, կարիքների գնահատման և շեշտադրման հարցերը կլուծվեին ինքնիշխան կերպով, ըստ այդմ՝ երբեք հակադրության, առավել ևս՝ թշնամանքի մեջ չէին դրվի հայ տղամարդու կերպարի հետ։

Օտարամուտ ֆեմինիզմի փոխարեն կունենայինք ազգային վարդապետությանը փարված աշխարհընկալում, որտեղ կինը կարժևորվեր ոչ թե զուտ իր սեռային պատկանելությամբ պայմանավորված, այլ այն ընկերային, ազգային-քաղաքական ներդրումով, որ նա բերում է՝ հանուն հայ ազգի և Հայաստան պետության հավերժականության։ Եվ սա անխուսափելիորեն կբերեր ընդհանուր նպատակի գետնի վրա հայ կնոջ և հայ տղամարդու կերպարների անխզելիության և հասարակական համերաշխության ամրապնդման։

Այդ կերպարների կենդանի մարմնավորումներն են մեր պատմության հերոսները՝ Մարոն և Կարոն, որ, իրենք իրենց զոհաբերած, պայքարում էին հայության ավելի լավ և ավելի արժանապատիվ օրերի համար…

Հեղ․՝ Էդգար Էլբակյան

Оцените статью