Պետրոս Դուրյանի տարօրինակ երազն իր մшհվանից երեք օր առաջ

Հետաքրքիր պատմություններ

Պետրոս Դուրյանի տարօրինակ երազն իր մահվանից երեք օր առաջ

Թերթելով մեր գրականության պատմության էջերը՝ մենք հանդիպում ենք մի շարք պոետների, ովքեր դեռ չհամտեսած կյանքի լուսաբացը՝ ստիպված են գրկելու սառը հողաթումբը։

Հայ ականավոր գրող, քննադատ և լրագրող Արշակ Չոպանյանը, իր գեղարվեստական ստեղծագործություններից զատ, զբաղվում էր նաև հայ մեծերի կյանքի ու ստեղծագործության մասին իր գրականագիտական ուսումնասիրություններով։

Թերևս, անգնահատելի է Չոպանյանի՝ Պետրոս Դուրյանին նվիրված աշխատությունը, որում Չոպանյանն անդրադառնում է Դուրյանի և Դուրյանի եղբոր երազներին, որոնք նրանք տեսել էին բանաստեղծի մահվանից երեք օր առաջ․

«1872թ. հունվարի 21-ին հինգշաբթիե ուրբաթ լուսանալու գիշերը Պետրոս Դուրյան կմեռնի, արտասովոր զմայլելի մահով մը, միշտ իբր մարմնացած խորհրդանշան մը, իբր գերազանց իսկությամբ արարած մը, իբր կենդանի քերթված մը։

Այդ աղետալի գիշերեն երեք օր առաջ երազ մը կտեսնե։ Երեք հոգևորականներ կերևան իրեն, որոնք զինքը հարսնիքի կհրավիրեն։ Ու մահվան անկողնին մեջ, հիվանդը տխուր ժպիտով մը կմեկնե այդ հարսանիքը, որ «վերը պիտի կատարվի»։ Տարօրինակ զուգադիպությամբ մը իր հուղարկավորությանը երեք քահանաներ ներկա կգտնվին։

Պզտիկ Միհրանն ալ իր եղբորը մահվան գիշերը երազ մը կունենա, ոչ նվազ խորհրդավոր․ կտեսնե Պետրոսը, որ, իր պարսկական շալը ուսերուն առած, դանդաղելով դեպի տուն կուգա։ Միհրան քար մը կնետե անոր ու կսե՝ «Ինչո՞ւ գինովի պես կքալես»։ Եվ ահա Պետրոսը կապույտ աչքերով կնոջ մը կփոխվի, որ վերմակներու առջև կերկրպագե»։

(Արշակ Չոպանյան, երկեր։ Երևան, 1988 թվական)
Դուրյանի տաղանդից զատ՝ Չոպանյանին ու հանճարեղ սկյուտարցուն կապում է նաև մեկ թվական՝ 1872-ը։ Այդ թվականին մահացավ Դուրյանը և ծնվեց Չոպանյանը։

«Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա՝ շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»
Իր մանկությունն այսպես հիշող Դուրյանին վիճակված էր տառապալից կյանքի հուշի հետ մեկտեղ՝ թողնել նաև փոքրածավալ, բայց հանճարեղ գրական ժառանգություն։

Եվ իր մոռացության վախից դրդված՝ մահվանից առաջ նա ցանկացավ, որ իր թաղումն ուրախ անցնի, որ հանկարծ չմոռացվի իր գոյությունը։ Եվ ժամանակին ավանդույթ կար, որ Դուրյանի գերեզմանի մոտ սիրահարները հավիտենական երդում էին տալիս իրար։ Դուրյանից մասունքներ կան ամփոփված նաև Հայաստանում, և ով գիտի, միգուցե Կոմիտասի անվան պանթեոնի այդ անկյունում սիրահարները հիմա իրար հավիտենական սիրո երդում են տալիս…

Նյութը՝ Էրգրականչ ֆբ էջից

Оцените статью