Երբ Համո Սահյանը փոքր էր, մի օր, երբ ծնողները գնացել էին սար՝ խոտհնձի, երեխաներով ընկնում են մեծ եղբոր՝ Համոյի հետևից, որ գնան դաշտ՝ սինձ ուտելու։ Բայց ճանապարհին զգում են նոր թխվող լավաշի բույր ու չեն կարողանում առաջ շարժվել․ ախորժելի հոտը արբեցնում է քաղցած մանուկներին:
Հանկարծ լավաշի դարսը թևին գցած՝ դուրս է գալիս ծեր հացթուխը և երևի խղճալով սովահար փոքրիկներին, երկու լավաշ է տալիս:
«Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց»:- Հիշում է Համո Սահյանի քույրը՝ Հասմիկը:
Ծնողները հարցնում են, թե երեխաները արդյոք կերե՞լ են։ Նրանք պատասխանում են, որ ոչ։ Մայրն ու հայրը լաց են լինում։
Համո Սահյանը միշտ հուզմունքով էր հիշում իր կյանքի այս դրվագը։ Տասնամյակներ անց նա քրոջն ասում է․ «Էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…»։
Դուք լավն եք, մարդիկ
Աշխարհում միշտ բաց են եղել
Դռներս կրնկի վրա…
Ելնողին չեմ ասել՝ արի՛,
Մտնողին չեմ ասել՝ գնա՛։
Իմ ձեռքին ինչ որ ունեցել,
Բոլորը բաշխել եմ ձրի՝
Եվ հացի պատառը վերջին,
Եվ վերջին կաթիլը ջրի։
Բաշխել եմ եղածի չափով,
Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ…
Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,
Երբեմն հատիկ առ հատիկ։
Բաշխել եմ կրակ ու կորով,
Ժպիտներ, ուժ ու ժամանակ,
Թե մեկից մի բան եմ խնայել,
Իմ ցավն եմ խնայել մենակ։
Բաշխել եմ ինչ որ աշխարհում
Տրվում է միայն մեկ անգամ,
Ու որքան առատ եմ բաշխել,
Դժգոհ եք եղել դուք այնքան։
Ասել եք, խոսել, բողոքել
Եվ անգամ նախանձել, որ կամ,
Կոչել եք դժկամ ու դժնի,
Ժլատ եք կոչել ինձ անգամ…
Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,
Եվ կյանքս ծվեն առ ծվեն,
Եվ ինձնից առածի տեղակ
Հոգսեր ու ցավեր եք տվել։
Որքան էլ ինձնից հեռացել,
Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։
1Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,
Ասում եմ որերորդ անգամ,
Առանց ձեզ ոչ միայն ապրել,
Ես մեռնել չեմ կարող անգամ։
Համո Սահյան