Ինչու է Միքայել Նալբանդյանը ապտակում քահանային. Քչերին հայտնի պատմություն

Հետաքրքիր պատմություններ

Ռուս-թուրքական պատերազմում տարած հաղթանակից հետո Ռուսիո կայսրությանը պետք էր, որ իր հարավային սահմանները բնակեցված լինեին վստահելի ազգով: Ամենավստահելին հայերն էին:

Նրանց էլ Եկատերինա Երկրորդը որոշեց Ղրիմից տեղափոխել Դոնի ափերը: Հրամանը կայսրուհին արձակել է 1779-ի նոյեմբերի 14-ին: Միքայելը ծնվել է 50 տարի անց՝ 1829-ի նույն օրը: Նրա պապը՝ Գրիգորը, տեղահանված հայերից էր: Հայրը՝ Ղազարը, առաջին մանչուկներից էր, որ լույս աշխարհ եկավ այս նոր բնակավայում:

Նալբանդյանները տոհմիկ դարբիններ էին: Միքայելի հայրը ինքն իրեն կոչել է Ղազար Դեմիրճյան, որ նույնն է՝ այսինքն՝ դարբին-պայտագործ…
Մի գեղեցիկ օր նա տեսավ վարպետ Պետրոս Գյումուչյանի աղջկան՝ Տիրուհուն:

Ամուսնացան. 1814 թվականն էր: Երեք տարի անց երջանկությունը լքեց Նալբանդյանների տունը: Տիրուհին մեռավ՝ ամուսնու խնամքին թողնելով երեքամյա որդուն՝ Գրիգորին: Մեկ տարի անց Ղազարը որոշեց մեկ անգամ էլ փորձել բախտը և ամուսնացավ Գեղեցիկ Չելևեկյանի հետ:

Ծնվեցին երկու տղաները: Բայց երկու տարի անց Գեղեցիկը մեռավ: Չորս տղամարդ և ոչ մեկ կին: Այս անգամ ընտրեց Մսերյանի այրուն՝ Աննային՝ մտածելով, որ աստված ավելի բարեհաճ կլինի երկու այրիների միավորման դեպքում: Սխալվեց:

Տասը ամիս անց՝ ծննդաբերության ժամանակ, Աննան ուղևորվեց իր առաջին ամուսնու մոտ՝ երկրորդ ամուսնուն հիշատակ թողնելով նորածին աղջկան՝ Գայանե անունով: Ղազարը Նոր Նախիջևանը տակնուվրա արեց ու գտավ իր նման անբախտ մեկին՝ Մարիանե Չերչենյանին՝ կարգավիճակը՝ այրի ու չորս մանր զավակի տեր:

Հոգևորականները զարմանալիորեն հասկացան նրան և արտոնեցին չորրորդ անգամ ամուսնանալ: Եթե թույլտվություն չստացվեր, չէին ծնվի ևս չորս փոքրիկները, բայց ամենամեծ դժբախտությունը մեզ համար այն կլիներ, որ չէինք ունենա Միքայել Նալբանդյան:

… Նալբանդյանը համարձակ մարդ էր և ուներ արժանապատվության մեծ զգացում: Երբեք իրեն թույլ չտվեց ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից վախենալ: Մի անգամ՝ երեխա ժամանակ, դպրոցում հերթական ձանձրալի դասին ուսուցչին ասել է.

«Եթե նոր բան ունիս սովորեցնելու, սովորեցրու, թե չէ ես քո սովորեցրածը արդեն շատ ժամանակ է, ու գիտեմ»: Կամ երբ տիրացու եղած ժամանակ գնում է Կարասու-Բազար քաղաքը, տեղի եկեղեցու քահանան նրան արհամարհական վերաբերմունք է ցույց տալիս, Միքայելը տանում-բերում մի ապտակ է հասցնում նրան:

Պատանեկան ըմբոստությունը և անարդարության նկատմամբ անհանդուրժողականությունը առավել գաղափարական երանգավորում են ստանում տարիներ անց: Իր տեսակով Միքայելը լիդեր էր, բանիմաց առաջամարտիկ: Մեծ կամքի տեր մարդ էր: Եվ շուտով իր ծննդավայրում տիրող մթնոլորտից զզված՝ մեկնեց Մոսկվա: Առանց որևէ բան ասելու սիրած աղջկան՝ Վարդուհի Սրապյանին:

Նա երբեք իրեն չներեց դրա համար: Իսկ երբ լսեց աղջկա ամուսնության մասին լուրը, շատ նեղվեց: Ոչ թե որովհետև այլևս երբեք չէր հուսալու տեսնել իր առաջին սիրուն, այլ որ իր առաջին քնքուշ սերն ստիպված էր ամուսնացել, որպեսզի կարողանար փակել հորից մնացած պարտքերը: Իր կյանքի այս դրամատիկ պատմությունը Նալբանդյանը դարձրեց գրական ստեղծագործության հիմք.

«Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն»:
1853-ին Նալբանդյանը մտավ Լազարյան ճեմարան՝ որպես հայոց լեզվի ուսուցիչ: «Մենք պետք է հայերեն մտածել սովորենք». սա առաջին նախադասությունն է, որ նա ասաց լսարան մտնելով: Մոսկվայում նա հանդիպեց հայ մտավորականության կարկառուն դեմքերին, և շատերի մեջ տեսավ կեղծավորություն ու սուտ՝ ազգային հարցերի, ինքնության պահպանման առումով:

«Մոսկվայի հայ մտավորականությունը կուրծք է ծեծում հայության համար, բայց ամաչում է հայերեն խոսել»: Հայերեն խոսել-չխոսելը Նալբանդյանի համար չափանիշ էր, որով գնահատում էր հայ մարդուն: Ինքը իր 37 տարվա կյանքի ընթացքում բազմաթիվ լեզուներ սովորեց, բայց ոչ մի լեզու չֆետիշացրեց:

Նա երբեք չէր հաճոյանում ոչ ոքի և երբեք չէր լղոզում ասելիքը փափուկ արտահայտություններով: Նալբանդյանի համար պայքարի երկու ճակատ կար. մեկը՝ ինքնության պահպանումը և ազգային զարգացմանը ընդդիմացող հայությունը, մյուսը՝ ռուսական շովինիզմը: Այդ պայքարը նրան հեշտ չտրվեց…

Իր անձնական կյանքի համար նրան ժամանակ և ուժ չէր մնացել: Դա իր ընտրությունն էր: Մասնավորը զոհել համընդհանուրին: Միակ պայքարը, որ նա տարավ անձնական նկատառումներով, պայքարն էր հանուն առողջության: Անգամ չպայքարեց իր զգացմունքների համար. նահանջեց թե՛ Վարդուհի Սրապյանից, թե՛ հետագայում իր մյուս երկու սերերից, որոնք երազի նման հայտնվեցին ու անհայտացան՝ թողնելով նուրբ ու հաճելի վերհուշ…

Թատրոնը նրա համար ամենաճիշտ վայրն էր: Թատերական կամ օպերային ներկայացումներից հետո նա սիրում էր լինել սրճարաններում ընկերների և մանավանդ ընկերուհիների հետ: 1857 թվականն էր, երբ Միքայելը ընկերոջ տանը հանդիպեց 23-ամյա Մարիա Պանովային և սիրահարվեց: Նրանց հարաբերությունները հարթ չէին:

Բայց այդ անհարթության մեջ մի հմայիչ բան կար: Երբ Նալբանդյանը 1861-ին մեկնեց Հնդկաստան, Մարիա Պանովան այդ բաժանումն օգտագործեց Միքայելի ընկերներից մեկի հետ քաղաքացիական ամուսնությամբ կապվելու համար: Կյանքը դրամատիկ շրջադարձերով լի էր.

Պետրոպավլովյան ամրոցում արգելափակված Միքայելը ավելի շատ հիշելու էր Մարիային:
… Եվրոպան տպավորել էր նրան: Բայց հեղափոխական տրամադրություններից բացի նրա հիշողությունից դուրս չէր գալիս իտալուհին, ում անունն անհայտ մնաց մեզ՝ ոմն Ն.: Իտալուհու հետ մտերմացավ, նկարչուհու արվեստանոցը դարձավ նրանց ժամադրավայրը:

Առաջին անգամ էր հանդիպում այդքան ներդաշնակ կնոջ… Իտալուհին երկար չէր կարող մնալ Վենետիկում, Միքայելը նույնպես: Նրանք բաժանվեցին նույնքան կիրթ, որքան հանդիպել էին:
1860 թ. Միքայելը եկավ Էջմիածին՝ Վեհափառի օրհնությունը ստանալու՝ մի կարևոր գործ հանձն առնելուց առաջ:

Կալկաթայից Մասեհ Բաբաջանյան անունով մի մարդ Նոր Նախիջևանին մի կլորիկ գումար էր կտակել: Նալբանդյանը պետք է մեկներ Հնդկաստան՝ այդ գումարը բերելու: Իր պատմական հայրենիքում նա հասկացավ, որ իր մեջ բռնկվող պայքարելու ջիղը այս բզկտված, ուժասպառ երկրից է բխում: Որոշեց աշխարհով մեկ սփռված հայերին ծանոթացնել իրենց պատմական հայրենիքի հետ:

Որպես առաջին քայլ ծրագրեց չմասնատվա՛ծ Հայաստանի քարտեզի հրատարակումը: Կալկաթայում ավարտեց իր առաքելությունը, վերադարձավ Ռուսաստան՝ իր հետ բերելով ոչ միայն կտակված գումարը, այլև մի ռնգեղջյուր՝ Մոսկվայի կենդանաբանական այգուն իբրև նվեր:
1862թ. հուլիսին Նոր Նախիջևանում Նալբանդյանին ձերբակալում են և ուղարկում Պետրոպավլովյան բերդ:

Պետերբուրգի խոնավ կլիման քայքայել էր նրա առողջությունը: Ընկերոջ երաշխավորությամբ նրան տեղափոխեցին Կամիշին քաղաք: Այստեղ էլ 1866-ի մարտի 31-ին մահացավ: Իր կամքով թաղվեց ծննդավայրում: Ժողովուրդը ձեռքերի վրա դագաղը հասցրեց քաղաքից յոթ վերստ հեռու գտնվող Սուրբ Խաչ եկեղեցի և բակում հուղարկավորեց:

Ձերբակալությունից հետ հայրը խելագարվել էր, որդուց մեկ տարի առաջ մահացել: Հորից հետո խելագարվել էր մայրը: Նա ներկա էր թաղման արարողությանը, բայց չէր հասկացել, թե ինչ է կատարվում: Մահից տարիներ անց հայ երիտասարդները ձեռքից ձեռք էին փոխանցում Միքայել Նալբանդյանի լուսանկարը: Լուսանկարի վրա գրված էր «Հայրենիքի փրկիչ»:

Ն. Թուխիկյան «Խոստովանություն»

Оцените статью