Կաթոլիկ եկեղեցու հետ կապված մի պատմություն առայսօր «մութ» է մնացել: Խոսքը վերաբերում է միջնադարում ապրած կաթոլիկ եկեղու առաջնորդին, որի հիշատակվում է որպես Պապ-ուհի Իոահանա 8-րդ: Ըստ kulturologia կայքի, փաստորեն, Հռոմի այդ պապը կին է եղել: Այդ մասին ամենահին՝ 9-րդ դարի վկայություններից մեկը առնչվում է Պապական ձեռագրատան պահապան Անաստասիուսի անվան հետ, հետագա վկայությունները 13-րդ եւ հետագա դարերի են թվագրվում:
Իոհանայի մասին եղած որոշ փաստեր հաճախ ֆանտաստիկայի ժանրից են: Ամեն դեպքում Հռոմի առաջին պապ Իոհանայի մասին իրական կամ գուցե մտացածին տեղեկությունները համադրելով, որոշ պատմաբաններ հետեւյալ պատկերն են ստացել՝ Իոհանան անգլիացի քարոզչի դուստր էր: 12 տարեկանից նա արդեն քարոզում էր Աստծո խոսքը:
Հետագայում Իոհանան գնացել է Հռոմ ու ծառայության անցել Սուրբ Մարտինի տղամարդկանց մենաստանում, որտեղ ջանադրաբար զբաղվել է նաեւ գիտությամբ: Ավելի ուշ նրան «նկատել» է Հովհաննես Լանգլուան Լեւոն 4-րդը ու Իոհանային դարձրել իր քարտուղարը, ապա ֆինանսների կառավարիչը: Տարիներով Իոհանան բարձրացել է հոգեւոր աստիճաններով ու Հռոմի պապի մահից հետո դարձել նրա միակ ժառանգորդը:
Ասում են` մահից առաջ Լևոն 4-րդը կարդինալներին է ներկայացրել նրան իբրեւ միակ հետեւորդի եւ կոնկլավը միաձայն քվեարկել է Պապ-ուհու օգտին….Որպես Հովհաննես VIII պապ նա կառավարել է երկու տարի, հինգ ամիս, 4 օր: Ամեն ինչ այդպես էլ ծածուկ կմնար, եթե Իոհանան չղիանար ու Խաչապտույտի արարողության ժամանակ հենց Հռոմի փողոցներում նրա մոտ չսկսվեին երկունքի ցավերը:
Ասում են նաեւ, որ այդ խաբեությունից զայրացած հավատացյալները Իոհանային ու նրա երեխային քարկոծել են եւ կամրջից ցած գցել: Ավանդության համաձայն նրան մահվան տեղում «Petre, Pater Patrum, Papissae Prodito Partum» (Օ, Պետրոս, հայրերի հայր, բացահայտեցիր ծնունդը Պապից ծնված զավակի) գրությամբ հուշաքար է կանգնեցվել, որը ոչնչացվել է մոլեռանդների կողմից:
Եվս մեկ «Մութ» պատմություն , որ կապված է Հռոմի պապուհու հետ .
Պատմեմ ձեզ ֆռանկների մասին մի արտառոց պատմություն՝ իմ ականջով մի ֆռանկից լսած, որ երդմամբ պատմեց նա Տրապիզոնում քառասուն մարդու ներկայությամբ։
— Գրված է մեր կաթողիկոսների պատմության մեջ, թե մի իշխան իր դստերը ուսումի տվեց։ Եվ նա այնքան արագ առաջադիմեց ուսումնառության մեջ, որ ամբողջ Իտալիայով մեկ տարածվեց նրա համբավը։ Չգիտեին, որ նա աղջիկ Է։ Եվ նա, մեծանալով, գնաց մտավ իմաստասերների շրջապատը։ Այնպես վարժ և կիրթ պահեց իրեն իմաստունների և ուսուցչապետների շրջանում, որ բոլորը միաբերան արժանի համարեցին նրան դառնալու եպեսկոպոս ու մտնելու կարդինալների կարգը: Եվ իբրև եպիսկոպոս ու կարդինալ նա որոշ ժամանակ մնաց պապի վեհարանում։ Ժամանակ անց՝ մեռնում է պապը։ Կարդինալները, որոնք այլ կերպ ասած արքեպիսկոպոսներ են և մեկ աստիճանով են ցածր պապից, իրենց ընտրությամբ ու ցանկությամբ նշանակում են նրան պապ և նստեցնում գահին, այսինքն՝ դարձնում են ամբողջ ազգի հայրապետ կամ կաթողիկոս: Այսպես նա մնաց շատ ժամանակներ և ոչ ոք գլխի չէր ընկնում, որ նա կին է:
Մի օր, մենակ մնալով եկեղեցու սարկավագի հետ, նա դիմում է նրան, ասելով.
— Ո՛վ մարդ, դու կարո՞ղ ես պահել մի գաղտնիք, որ քեզ խոստովանել եմ ուզում։
— Ինչպե՞ս կհամարձակվեմ ես` ծառաս ու հողս, խոսել տիրոջս մասին։
— Իմացած եղիր, որ ես կին եմ, և ոչ–ոք չգիտե այդ։ Այն օրվանից, որ եկել ես դու իմ դուռը, ցանկացել եմ քեզ, բայց չեմ կարողացել, որովհետև հնարավորություն չի եղել։ Այժմ մենք մենակ ենք, պիտի կատարես իմ կամքը։
Համաձայնելով, սարկավագը ապականեց կարծեցյալ պապին։
Դրանից հետո հղիանալով պապը թաքցնում էր իրեն, չէր երևում մարդկանց աչքերին, որպեսզի չիմանան։
Իսկ հռոմեացիները սովորություն ունեն տարին երկու կամ երեք անգամ եպիսկոպոսներով, կարդինալներով հավաքվել պապի մոտ կամ գնալ մի ապահով տեղ քաբիթ, այսինքն՝ ժողով անելու։ Մինչ եպիսկոպոսները ողջ ժողովրդի հետ մեկտեղ պապի առջև հավաքված պատրաստվում էին քաբիթն սկսելու, կարծեցյալ պապի ծննդաբերության ժամանակը հասավ, և նա ծնեց մի արու մանուկ: Այդ ժամանակ եպիսկոպոսներն ու կարդինալները չկարողացան թաքցնել խայտառակությունը։ Բազմախուռն ամբոխը հարձակվեց, քարկոծեց պապին ու նորածին մանկանը։
Եվ այնուհետև, ապահովության համար սահմանեցին նոր կարգ, կառուցել մի բարձր տախտակամած, որ նոր պապ ընտրելիս, թեկնածուն մերկացած նստի նրա վրա բացված անցքին, որպեսզի բոլորը, ովքեր հավաքվում են տախտակամածի տակ, տեսնեն նրան և ձայն տան միմյանց, «Արո՜ւ է, արո՜ւ է, արո՜ւ է…», և այնուհետև հաստատեն հայրապետական գահին։
Այս սովորությունը պահպանվում է մինչև այսօր։
Եվրոպացիների հոգևորականները՝ ամենքը, սովորություն ունեն նաև սափրել մորուքները: Այս օրենքը նրանց համար սահմանվել է այն ծննդկան պապը, որպեսզի բոլորն անմորուս լինեն իր նման…
Բայց ոչ ոք թող չկարծի, թե սրանք ստեր են և գրված են նախանձից դրդված, որովհետև լսել եմ հենց ֆռանկի բերանից, որը ո՛չ հայերեն գիտեր և ո՛չ պարսկերեն, այլ պատմեց իտալերեն և ինքն էլ կարդացել էր պատմությունը։ Նա մեզ պատմեց չկասկածելով, ու մենք գրի առանք, հավատալով նրա վկայությանը: