Աշխարհում առաջին կին դիվանագետ` հայուհի Դիանա Աբգարը
Դիանա Հովհաննես Աբգարյանը (օրիորդական անունը՝ Անահիտ Աղաբեկյան) ծնվել է 1859թ-ի հոկտեմբերի 12-ին Բիրմայում (այժմ Մյանմա)։ Դիանայի ընտանիքը բավականին հարուստ էր։
Աղաբեկյանները Ջուղայից գաղթել են Պարսկաստան 18-րդ դարի վերջին, իսկ արդեն այնտեղից՝ Հնդկաստան։ Նրա հայրը՝ Հովհաննեսը, Հնդկաստանում բնակություն հաստատած Աղաբեկյաններից էր, իսկ մայրը՝ Զմրուխտը, ծագումով Շիրազից էր։
Դիանան սովորել է կանանց մենաստանում, որտեղ ստացել է անգլերեն լեզվի, սանսկրիտի և հայերենի կրթություն։ Ուսումն ավարտելուց հետո նա ամուսնացավ մեծահարուստ առևտրական Միքայել Աբգարի հետ։
Հաստատվելով ճապոնական Կոբո քաղաքում՝ ամուսնական զույգը ապրանքների ներկրման ու արտահանման ընկերություն հիմնեց։ Մի քանի տարի Ճապոնիայում ապրելուց հետո Դիանա Աբգարը սկսեց պատմվածքներ ու վեպեր գրել։
1892թ․-ին նա հրատարակեց իր առաջին վեպը՝ «Սյուզանը», իսկ ավելի ուշ՝ «Պատմություններ հայրենիքից»։ Աբգարյանների ընտանիքում հինգ երեխաներ ծնվեցին, նրանք ապրում էին ապահով՝ առանց որևէ բանի կարիք ունենալու։ Սակայն ամեն ինչ փոխվեց ամուսնու մահվանից հետո (1906թ.)։
Ընկերության ամբողջ պատասխանատվությունը Դիանան իր ձեռքն առավ՝ միաժամանակ շարունակելով իր գրական գործունեությունը։ Երեխաների հետ տեղափոխվելով նավահանգստային Յոկոհամա քաղաք, նա հերթական առևտրի տունը բացեց, որը համագործակցում էր Չինաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։
Որպես իր գործունեության արդյունք՝ 1920թ․-ին Ճապոնիան պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը, իսկ ինքը՝ Դիանա Աղաբեկը, նշանակվեց Հայաստանի լիազոր-ներկայացուցիչը Ճապոնիայում։
1920-ականներին հանդիսանալով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն արտերկրում՝ նա դարձավ աշխարհի առաջին կին դեսպանը։
«Դիանա Աբգարի շնորհիվ Հայաստանը (1918-1920թթ) դարձավ առաջին պետություներից մեկը, որը կանանց ձայնի իրավունք է շնորհել։ Այս իրադարձությունները խոսում են այն մասին, որ կանանց առաջընթացը հնարավոր է և այնպիսի հասարակություններում, ինչպիսին Հայաստանն է»,- գրում է University Press of America»-ն։
Դիանա Աբգարը մահացավ 1937թ․-ի մայիսի 28-ին Յոկոհամայում։ Նա թաղված է ամուսնու կողքին՝ օտարազգիների համար նախատեսված գերեզմանատանը։ Այս պահի դրությամբ Աբգարի գերեզմանը գտնվում է Տոկիոյում: