Թումանյանը խիստ վիրավորվում է մեծապատիվ պարոնի բարձր դիրքի խոսելուց. Մանթաշով-Թումանյան զրույցը

Հետաքրքիր պատմություններ

Երբ Մանթաշովին ծանոթացրեցին Թումանյանի հետ, մեծապատիվ պարոնը նրան հարցրեց․
(Մանթաշով – Թումանյան զրույցը)

— Ի՞նչ գործով ես զբաղվում։
— Գրում եմ։
— Գրու՞մ ես. Ուրեմն գրագիր ես, ու՞մ կանտորումն ես ծառայում։
— Կանտորում չեմ ծառայում։
— Կանտորում չե՞ս ծառայում, բա որտե՞ղ ես գրում, ի՞նչ ես գրում:

— Հեչ, հենց էնպես, ինձ համար բանաստեղծություններ եմ գրում, գիրք եմ շինում։

— Հաա՜, հասկացա՜, ուրեմն պարապ ես եղել, դե էդպես ասա, տո հեր օրհնած։
Թումանյանը խիստ վիրավորվում է մեծապատիվ պարոնի <<բարձր դիրքի>> խոսելուց։

Մանթաշովը իր իսկ խոստովանական զրույցների մեջ ասում է, որ ինքը երազում էր՝ թե ե՞րբ որդին <<մարդ կդառնա>>…

Ցոփ ու շվայտ կյանքով ապրող երիտասարդն իսկական հիասթափություն էր հոր համար, և <<ասա պարապ ես>> արտահայտությունն ասվում էր մի մարդու, ով չքավորության պատճառով, նույնիսկ բարձրագույն ուսում չուներ՝ ամեն ինչի հասել էր ինքնակրթությամբ։

Ասվում էր Թումանյանին, ով իր չորսը արու զավակներին <<մատաղ>> արեց Բերիային ու սովետական կարգերին․
Ավագ որդին՝ Մուշեղ Թումանյանը, 1937 թ-ին, Թումանյանի մահից արդեն տարիներ անց, Խորհրդային իշխանությունների կողմից կձերբակալվի և կաքսորվի Սիբիր, որտեղ էլ կզոհվի…

Մուշեղից հետո, մյուս որդին՝ Արտավազդ Թումանյանը, իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ, նա մեկնել էր Արևմտյան Հայաստան և 1918 -ին, 24 տարեկան հասակում, զոհվել Վանում…

Արտիկի, ինչպես նրան հայրն էր կանչում, նահատակությունը մեկընդմիշտ ընկճել էր Թումանյանին և մեծապես արագացրել նրա մահը…
Արտավազդից հետո, երրորդ որդին՝ Համլիկ Թումանյանը, նույնպես, հոր մահից հետո, 1937 -ին, Խորհրդային ռեժիմը կձերբակալի ու կգնդակահարի նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրն ու վայրը…

Համլիկից հետո, չորրորդ որդին՝ Արեգը Թումանյան, դարձյալ 1937-ին, կաքսորվի խորհրդային ռեժիմի կողմից և 1939 -ին կգնդակահարվի:

Գնդակահարված իր մյուս եղբայրների նման, Արեգի մասունքների վայրն էլ անհայտ կմնա հարազատներին…
Հենց Արեգն էլ, հոր դիահերձումից հետո, <<գողացել>> էր հոր սիրտն, ու Թումանյանի սիրտը քսան երկար տարիներ պահվել էր իրենց տանը՝ տարայի մեջ։

Մանթաշովը կմեռնի ոսկիների մեջ, ու նրան, համաձայն կտակի, կթաղեն կնոջ կողքին (նա մահացել էր մեկ տարի առաջ)՝ Վանքի եկեղեցական համալիրում՝ իր իսկ կողմից կառուցված մատուռ-դամբարանում։

Ավելի ուշ,1938-ին, այն ժամանակվա Անդրկովկասի տեր ու տիրական, նույն Լավրենտի Բերիայի կարգադրությամբ, կքանդեն ու հողին կհավասարեցնեն Վանքի եկեղեցական համալիրի շինությունները, և Մանթաշովի գերեզմանը հավետ կկորի Թբիլիսիի սովետական փոշու տակ։

Իսկ <<պարապ կանտորշիկ>> Թումանյանի սիրտը դեռ զարկում է ու զարկում մինչ օրս․․․

Քչերին հայտնի այս պատմությունը նաև՝ Ավետիս Ահարոնյանի հուշերից, որ Մանթաշովին քաղաքավարի ապտակելու պատրվակով, նրանց հանդիպումից տարիներ անց, Թումանյանը կգրի <<Պոետն ու Մուսան>>․

Ես էն եմ ասում, թե մեր աշխարհում
Պոետները ողջ տխրել են, ցավել,
Որ իրենց երգի քնար ես տվել․․․
Ես էլ․․․ ի՞նչ ասեմ․․․ մեղավոր եմ ես,
Ծույլ ու անշնորհք. անպետք, սևերես․․․
Մեր խեղճ տանըցիք ո՜րքան նախատում―

Բայց ես՝ միշտ համառ, չէի հավատում,
Մինչև լսեցի մի մեծ պարոնի,
Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի։
Մի օր ինձանից արավ հարցուփորձ.
— Ունի՞ս, հարցրեց, մի պաշտոն կամ գործ։

— Բանաստեղծ եմ ես, հայտնեցի հըպարտ։
— Դժվար է, ասավ, երբ անգործ է մարդ։
— Բանաստեղծ եմ ես, կրկնեցի մեկ էլ։
— Հասկացա՜նք, ասավ, պարապ ես եղել․․․
Եվ խեղճ ընկերս երբ որ՝ սրտացավ՝
Սա էլ պետքական մի մարդ է, ասավ,
Էնպես ծիծաղեց մեր աղան փառփառ,
Որ և հասարակ և մեծ վեհափառ,
Ով որ իմացավ, ծիծաղը պրծավ։

Վարդգես Ահարոնյան

Оцените статью