Գարեջուրը թույլ ալկոհոլային, ածխածնի երկօքսիդով հագեցված փրփրուն խմիչք է, որը ստացվում է գարեջրային խմորասնկերով գարեջրային քաղցուի խմորման միջոցով:
Ինչպես վկայում է պատմությունը, գարեջրի հայտնագործումը տեղի է ունեցել մ.թ.ա 8-րդ հազարամյակում մի մոռացկոտ հացթուխի կողմից, ով, երկար ժամանակ թողնելով խմորը արևի տակ, հայտնաբերել է, որ այն թթվել է և վերածվել հեղուկի:
Տհաճությամբ փորձելով ստացված հեղուկը՝ հացթուխը դարձել է գարեջրագործության հայտնագործողը, քանի որ ստացված արդյունքը, հավանաբար, նրան դուր է եկել:
Գարեջուրը հինավուրց ըմպելիք է: Մ.թ.ա այն հայտնի է եղել անտիկ Եգիպտոսում, Բաբելոնում, Չինաստանում, Միջագետքում, ինչպես նաև Հայաստանում:
Գարեջրի մասին ամենահին հիշատակումներից մեկը հանդիպում է Քսենոֆոնի “Անաբազիս” հայտնի աշխատւոթյան մեջ:
Լինելով Հայաստանի գյուղերից մեկում նա գրել է. “Այնտեղ պահվում էր ցորեն, գարի, բանաջարեղեն և գարու գինի մեծ տարաների մեջ, որոնց ծայրերի մակարդակի վրա գինու մեջ լողում էին գարու հատիկները:
Տարաների մեջ տարբեր չափերի եղեգներ կային, և ով ցանկանում էր խմել, պետք է այն բերանն առներ և քաշեր դրա միջով: Առանց խառնելու ջրի հետ, գինին շատ թունդ էր, սակայն ընտելացած մարդկանց համար այն հաճելի ըմպելիք էր”:
Պատմաբանները ենթադրում են, որ այստեղ խոսքը գնում է հենց գարեջրի մասին: Իսկ անտիկ Միջագետքում գարեջրագործությունը եղել է գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը:
Այնտեղ նույնիսկ գոյություն է ունեցել գարեջրի աստվածուհի՝ Նինկասի անունով: Միջին դարերում Եվրոպայում գարեջրի արտադրությունը տեղափոխվել է վանական համալիրներ, որտեղ և գարեջրագործության տեխնոլոգիան կատարելագործվել է` սկսվել է օգտագործվել գայլուկը ` որպես կոնսերվանտ:
Չնայած միջին դարերում գարեջուրը համարվել է չքավոր խավի խմիչք, և իր կարգավիճակով զիջել է գինուն , ներկայումս այն աշխարհում 3-րդ ամենաշատ ժողովրդականություն վայելող խմիչքն է, ջրից և թեյից հետո: