Ինչ թալիսման էր նվիրել որդուն Մեծարենցի մայրը, և ինչու ճաքեց սուրբ գրությամբ փոքրիկ քարը

Հետաքրքիր պատմություններ

Ինչ թալիսման էր նվիրել որդուն Մեծարենցի մայրը, և ինչու ճաքեց սուրբ գրությամբ փոքրիկ քարը:

Սիրելի որդուն մահվան ճիրաններից փրկելու համար Միսաք Մեծարենցի մայրն անկողնային հիվանդ զավակին մի թալիսման էր նվիրել։ Շուրջ 8 տասնամյակ գաղթական հայ ընտանիքի հետ աշխարհում շրջելուց հետո Մեծարենցի կյանքի վերջին օրերի լուռ ու խոսուն վկան հասել է Հայաստան` պատմելու մոր ու որդու բացառիկ սիրո իր պատմությունը։

Մի անգամ, մութ փողոցում մի խումբ տղաներ, Մեծարենցին շփոթելով իրենց թշնամիներից մեկի հետ, թիկունքից դանակահարում են նրան: Այդ անհեթեթ դիպվածը մահացու հիվանդության պատճառ է դառնում։
1905 թ.–ին Մեծարենցի առողջությունը կտրուկ վատանում է, բժիշկները թոքախտ են ախտորոշում ու խորհուրդ տալիս կիսատ թողնել ուսումը։

Կյանքի վերջին տարիների նրա միակ ու անդավաճան ուղեկիցը դարձավ մայրը, որն ամեն գնով փորձում էր փրկել որդուն։
Այդ փորձերից մեկն էլ որդուն նվիրած ոսկե մատանին էր` ագաթե քարով, որի վրա «Գիրք գրքոցից» հետևյալ երկտողն էր փորագրված. «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»։

Մայրը հավատում էր, որ իր հզոր սերն ի զորու կլինի փրկել որդուն, մինչև որ մի օր սարսափով նկատեց, որ իր նվիրած թալիսման–մատանու քարը ճաքել է։ Մոր կատարյալ սերը փոխվեց մահվան անխուսափելիության հանդեպ երկյուղի։

1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը Միսաք Մեծարենցը վախճանվեց, նրա շուրթերին անավարտ մնաց «մա՜յր» բառը։
Մեծարենցի մատանու պատմությունը շուրջ 8 տասնամյակ անհայտ էր հայ հետազոտողներին։

1985 թ.–ին Երևանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը մի փոքրիկ մատանի ու մի ուղեկցող նամակ է ստանում ԱՄՆ–ից, որում Սփյուռքահայության կոմիտեի անդամ Վահան Ղազարյանը հայտնում էր, որ դա Միսաք Մեծարենցի մատանին է, որն իրեն է հանձնել բարեկամուհին` Մեծարենցի եղբոր դուստր Արշալույս Մեծատուրյանը։

Մեծարենցի ագաթե քարով ոսկյա մատանին այսօր էլ ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանի ցուցասրահում:
armeniasputnik.am

Оцените статью