Պուտինը գիշերը ստորագրեց հրամանագրերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժյեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին։ Փաստաթղթերի տեքստերը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, դրանք համարվում են ուժի մեջ մտած։ Սա նախերգանքն է այս տարածքների, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ Ռուսաստանին «միանալու» համար, որտեղ 2014 թվականին հռչակվեցին «ժողովրդական հանրապետություններ»։

Փաստաթղթերի տեքստերում ասվում է, որ որոշումն ընդունվել է «միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը» և «հաշվի առնելով ժողովրդի կամքը սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ժամանակ»։

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թվիթերում գրել է, որ «որևէ պետության տարածքի ցանկացած բռնակցում մեկ այլ պետության կողմից, որը ուժի սպառնալիքի կամ կիրառման հետեւանք է, խախտում է [ՄԱԿ-ի] կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքները»։

Սեպտեմբերի 27-ին Ուկրաինայի չորս մասամբ օկուպացված շրջաններում ավարտվել է Ռուսաստանին միանալու հնգօրյա «հանրաքվեն»։ Դրանց արդյունքները չճանաչվեցին աշխարհի ոչ մի երկրի կողմից, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ այս ընթացակարգը կազմակերպվել է ռազմական օկուպացիայի պայմաններում և իրավական որևէ հետևանք չի կարող ունենալ, գրում է BBC-ն։

lragir.am

(Visited 105 times, 1 visits today)