Եթե կես տարի էլ շարունակենք ներքին խռովությունները, երկիր չենք ունենա․ Լևոն Տեր-ՊԵտրոսյան

Եթե շարունակվեն ներքին խռովությունները, ապա ավելի կբարդանա վիճակը, ավելի կթուլանա երկիրը, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Եթե այսօր դեռ հնարավոր է քիչ թե շատ տանելի լուծում, ապա եթե շարունակեն ներքին խռովությունները, ավելի կբարդանա վիճակը, ավելի թուլանալու ենք, եւ առավել են մեծանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները մեզնից: Կես տարի էլ շարունակենք, երկիր չենք ունենա»,– ասաց նա:

Հարցին, որ Հայաստանի տարածքով միջանցքը ստանալն ինչու է կարևոր եւ ում համար, առաջին նախագահն ասաց, որ չգիտի, չի տիրապետում այդ ինֆորմացիան:

«Ես չգիտեմ այդ ինֆորմացիան: Հազար ու մի տարբեր բաներ ենք ստանում: Ով ասաց, որ վերջնական որոշում կա: Ինձ համար հստակ է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիրը: Մի օր պետք է լինի դա»,– ասաց նա:

Հաղորդավարի դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է կանչել վարչապետին եւ պահանջել պատմել, թե ինչ է կատարվում, Տեր–Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Կանչեն, որ հետո իրար վրա շշեր շպրտե՞ն: Մենք հիմա խորհրդարան էլ չունենք։ Եթե մեկ ֆրակցիա գալիս, իր ուզածն ընդունում է, էլ ի՞նչ խորհրդարան»:

Լևոն Տեր–Պետրոսյանը նաև ասաց, որ Ռուսաստանի հետ շատ նորմալ եւ առավել կոնստրուկտիվ հարաբերություններ կունենար Հայաստանը, եթե այս նոր իրողությունը չլիներ: «Հիմա ամեն ինչ է խառնվել: Հիմա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է մեզ համար: Ռուսաստանը այստեղ միշտ դեր է ունեցել եւ կատարել է»,– ասաց նա:

Հարցին, թե արդյոք առաջին նախագահը դեռ կարծում է, որ Արցախի լուծման բանալին Ռուսաստանում է, նա պատասխանեց․ «Արդեն լուծվել է: Ես չեմ ուզում հուսահատեցնել մարդկանց, բայց այժմ Արցախն այնպիսի վիճակում է, որտեղ Հայաստանը ոչ մի խոսք չունի, չկա Հայաստանը: Հայաստանն Արցախում դերակատար չէ։

Միակ բանը հումանիտար, շինարարական աշխատանքներն են: Բանալին Ռուսաստանի ձեռքերում էր նախքան պատերազմը: Հիմա Ռուսաստանն այնքան խնդիր ունի, որ բանալին կորցրել է: Հիմա կարելի՞ է Ռուսաստանից ակնկալիքներ ունենալ: Սա կարիբյան ճգնաժամից տասնապատիկ վտանգավոր է»:

Ի պատասխան հարցի, թե ինչ հետաքրքրվածություն, դերակատարում ունի ԱՄՆ–ն, առաջին նախագահն ասաց, որ Միացյալ Նահանգներն ունի կարողություն, Ռուսաստանի մոտ կարողությունները թուլացել են, քանի որ ուշադրությունը ուկրաինական պատերազմում է։

«Գուցե ԵՄ-ն էլ ունի հնարավորություն առավել չբարդացնելու մեր վիճակը: Այսքանը: Ոչ ավելին: Սա էլ է վտանգված: Նայած Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը որքան կխրվեն այս ռուս-ուկրաինական պատերազմի խնդիրների մեջ: Գուցե մի պահ գա, որ իրենք ուշադրություն չդարձնեն՝ այստեղ ինչ է կատարվում: Եթե այն ժամանակ ասում էի՝ լրջանալու պահն է, հիմա հազարապատիկ լրջանալու պահն է»:

Առաջին նախագահը նաև հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտություն: «Դուրս եկեք փողոց, ձեր բոլոր հարցերին կպատասխանեն: Ես չգիտեմ»,– ասաց նա։

(Visited 89 times, 1 visits today)