Զելենսկին շոկի մեջ․ Հայաստանից Իսրայել

Ըստ ուկրաինական զլմ-ների, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցնցված է Իսրայելի օգնության բացակայությունից։ «Ես շոկի մեջ եմ, չեմ հասկանում, Իսրայելը մեզ ոչինչ չի տվել, ոչինչ, զրո»։ Զելենսկին նշել է, որ տեղեկություններ ունի Իսրայելի կառավարության կողմից այլ երկրներին սպառազինություն տրամադրելու մասին։ «Քննարկումներ եղան Իսրայելի ղեկավարության հետ, և դա չօգնեց Ուկրաինային: Դուք կարող եք տեսնել Ռուսաստանի ազդեցությունը Իսրայելի վրա», ասել է նա:

Զելենսկին չի նշել այն երկրները, որոնց սպառազինություն է մատակարարում Իսրայելը։ Տվյալ պարագային, անկասկած, խոսքը հետխորհրդային երկրների եւ առաջին հերթին այսպես կոչված «Ադրբեջանի» մասին է, որին Իսրայելն այս օրերին էլ մեծաքանակ մատակարարումներ է անում, մասնավորապես Harop տեսակի կամիկաձե անօդաչուներ։ Բաքվի վարչակազմի ղեկավար Ալիեւը հաստատել է, որ ժամանակակից սպառազինության մեծաքանակ գնումներ է կատարում։

Ինչն է Զելենսկու շոկի պատճառը․ ի թիվ այլոց, նշենք այն հանգամանքը, որ Կիեւում երկար ժամանակ Հայաստանի դեմ Բաքվի հարձակումները դիտարկում էին Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացման համատեքստում, իսկ Բաքվից ստացված օգնությունները՝ որպես հակառուսական քաղաքականության դրսեւորում։ Ճիշտ է, հետագայում այդ ոգեւորությունը մարեց, հնչեցին նաեւ սթափ գնահատականներ, որ Բաքուն Հայաստանի դեմ գործում է Մոսկվայի առաջնորդությամբ ու հրահանգներով, սակայն «շոկի» առիթները, երեւում է, ամբողջությամբ չեն անցել։

Ուկրաինայի նախագահն արձանագրում է Ռուսաստանի ազդեցությունը Իսրայելի վրա։ Բնականաբար, այդ ազդեցությունը տարածվում է նաեւ սպառազինությունների մատակարարման խնդրի վրա։ Ավելի պարզ ասած՝ Բաքվին ժամանակակից հարվածային միջոցների մատակարարումները տեղի են ունենում Ռուսաստանի հավանությամբ։ Դա հաստատվեց Արցախում Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավի ժամանակ ի հայտ եկած հանգամանքներով, որոնք կապված էին ոչ միայն Բաքվին սպառազինության մատակարարումների, այլեւ Պուտինի մերձավորների՝ այդ սխեմաներում ներգրավվածության վերաբերյալ միջազգային հետաքննություններով։

Այդ հետաքննության մանրամասներն այս հրապարակման մեջ՝ Պուտինն ու Ալիեւը Արցախյան պատերազմի փողառատ ետնաբեմում

Աղբյուր՝ lragir.am

(Visited 263 times, 1 visits today)