Հրատապ. ԱՄՆ-ն մատնանշել է Բաքվի հարձակումների ուղղությունները

Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը լայն արձագանք է ունեցել Հայաստանում։ Դեսպանատունն իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին արգելել է այցելել Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջեւանից հյուսիս եւ դեպի արեւելք բոլոր տարածքներ, Գեղարքունիքի մարզ՝ Սեւանա լճից արեւելք եւ Սեւանա լճից հարավ եւ Մ10 ավտոճանապարհից արեւելք, Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորից արեւելք, Սյունիքի մարզ։

Ըստ էության, ԱՄՆ դեսպանատունն արտառոց որեւէ բան չի հայտարարել։ Իրավիճակը բավական բաց է ու թափանցիկ, Բաքվի վարչակազմի ղեկավարը ոչ միայն հայտարարում է այդ տարածքների հանդեպ հավակնությունների մասին, այլեւ գործնական քայլեր է իրականացնում։ Իր հերթին, Բաքվի տարածքային հավակնությունների եւ դրանք իրագործելու մասին հայտարարել է նաեւ ՀՀ իշխանությունը։

Երբ ամիսներ առաջ Լրագիրը հրապարակեց վերը բերված քարտեզը, շատերի մոտ տարակուսանք առաջացավ, շատերն էլ վստահ էին, որ դա անհավանական է, միջազգային հանրությունը թույլ չի տա եւ այլն։ Այս քարտեզի «իրագործումը» սկսել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, մասնավորապես 2021-ի մայսիյան ներխուժումներով։

Սա Հայաստանի տարածքի մասնատման Լավրովյան ընդլայնված պլանն է, տխրահռչակ Սոթք-Խոզնավար գծով, որտեղ ՀՀ իշխանությունը հույս ուներ ռուսների հետ «անվտանգության նոր համակարգ» կառուցել։ Գումարած՝ Արարատի ու Արմավիրի մարզերով դեպի Թուրքիա (ներառյալ Երեւանը) արտատարածքային ճանապարհը եւ Տավուշի մարզում անկլավների անվան տակ Հայաստան-Վրաստան սահմանի վերացումը, վերահսկողության տակ առնելով Հայաստանի հիմնական մայրուղիները։

Լրագիրն անցած երկու տարիների ընթացքում բազմիցս անդրադարձել է Ռուսաստանի այս ծրագրերին։ Բոլոր այս ուղղություններում տեղակայվել են ռուսական հենակետեր, որոնք երաշխավորում են այս ծրագրի իրագործումը․ նրանց տեղակայման տարածքները պետք է հանձնվեն թուրքերին։

(Visited 193 times, 1 visits today)