Միրզոյանն ակնարկել է Ռուսաստանին․  չենք կարող մնալ ՀԱՊԿ-ում,  նստել ու սպասել՝ երբ կվերացնեն մեզ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումներին և ուշագրավ հայտարարություններ արել։

ԱԳ նախարարը մասնավորապես գնահատանքի խոսքեր է հնչեցրել այն երկրների հասցեին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև. «Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների և երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան: Ավելին թույլ տվեք չմանրամասնել»,-ասել է Արարատ Միրզոյանը։

Արդյոք Հայաստանի սպասելիքները Ռուսաստանից էին՝ ՀՀ ԱԳ նախարարը չի մանրամասնել։ Սակայն ակնհայտ է, որ ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումներից ստեղծվեց տպավորություն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ ԱՄՆ-ում ու Ֆրանսիան։

Այս կոնտեքստում ուշագրավ է նաև այն հանգամանքը որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ չի այցելել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ։ Այցին մասնակցում են 29 երկրների ներկայացուցիչներ և ՄԱԿ-ը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ արտգործնախարար Միրզոյանի ակնարկն ուղղված էր Ռուսաստանին․ «Նույնիսկ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ երկրների մեծ մասն ուղղակիորեն դատապարտեցին Ադրբեջանին՝ Քենիան, Իռլանդիան, Բրազիլիան։ Իսկ Ռուսաստանը հավասարակշռված կոչով հանդես եկավ։ Կարծում եմ՝ այս փուլում Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններն իսկապես որոշակի անկում են ապրել։ Թե ով է մեղավոր՝ այլ հարց է, բայց դրանից տարածաշրջանային իրողությունները որոշակի փոփոխություններ են կրում։Եվ եթե մենք տեսնում ենք, որ անվտանգային առումով խնդիրներ ունենք, ապա պետք է այդ խնդիրները լուծելու ճանապարհներ փնտրենք։ Եթե Ռուսաստանի հետ հարաբերություններն անկում են ապրել ու Ռուսաստանի միջոցով հնարավոր չէ այդ խնդիրները լուծելու ճանապարհներ գտնել, ուրեմն պետք է փնտրենք այլ տարածություններում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թե ինչպես Հայաստանի այդ փնտրտուքներին կարձագանքի Ռուսաստանն, ըստ քաղաքագետի, այս փուլում դա այդքան էլ էական չէ․ «Խնդիրն այն է, որ այս պահին Ռուսաստանի արձագանքելն ամենակարևորը չէ։ Եթե Ռուսաստանն ինքը չի կարողանում մեր անվտանգային վակուումը լրացնել, ապա Ռուսաստանի արձագանքելը կամ չարձագանքելը դանդաղ կամ արագ մահանալու կոնցեպտի մեջ է մտնում։Մենք պետք է գտնենք ելքեր՝ չմահանալու, չվերանալու։ Իսկ Ռուսաստանը եթե կարող է առաջարկել այդ ելքերը, նոր անվտանգային հնարավորություններ, ապա իհարկե կարելի է նորից աշխատել, ուշադրությունը կենտրոնացնել Ռուսաստանի վրա։ Բայց մենք տեսնում ենք հակառակը։ Նույնիսկ դիմելու դեպքում՝ ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ուղղակի հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում Ռուսաստանը ոչինչ չի ձեռնարկում։ Այդ դեպքում նստել ու մտածել՝ եթե այլ տարածություններ գնաս, Ռուսաստանը կնեղանա, նշանակում է՝ նստել և սպասել, թե երբ կվերացնեն մեզ»,-եզրափակեց նա։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը կարծում է, որ Արարատ Միրզոյանը պետք է ավելի բաց խոսեր և հստակ նշեր, որ նկատի ունի հենց Ռուսաստանին․ «Իմ դիտարկմամբ նա պետք է շատ ավելի «տղամարդավարի» հայտարարություն աներ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը վետո է դրել, հետևաբար «ստորագրել է», որ մեր տղաներին ինքն է սպանել։ Հիմա էլ մյուս դեսպանների հետ սահման չի գնացել՝ այդպիսով վերջնական հաստատելով իմ ասածները։ Այսօրվա դրությամբ ես ակնկալում եմ, որ ԱԺ-ի դիմաց գնացողները գնան ՌԴ դեսպանատան մոտ ու պահանջեն, որ ռադները քաշեն Հայաստանից։ Ինչպես ՌԴ դեսպանը, այնպես էլ Ղազախստանի․, Բելառուսի, Ղրղզստանի դեսպանները պետք է միասին հեռանան այստեղից։ ՀԱՊԿ-ից մեր դուրս գալն էլ պետք է լինի ամբողջությամբ՝ դիվանագիտական բոլոր հարաբերությունները այդ 4 երկրների հետ խզելով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք դա հակազդեցություն չի առաջացնի, հարցին ի պատասխան, Սարգսյանն ասաց․ «Բոլոր հակազդեցությունները մենք տեսանք 44 օր այն ժամանակ, 3 օր էլ հիմա։ Էլ ի՞նչ հակազդեցություն եք ուզում տեսնել, դրանից ավել՝ ունակ չեն։ Քանի Ուկրաինան իրենց այնտեղ սատկացնում է, մենք էլ այստեղից իրենց պետք է վռնդենք։ Փելոսին գալիս է՝ ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետության պետականությունն ունի ամերիկյան երաշխիքներ։ Մարտերը կանգնել են Բլինքենի զանգից հետո, և ոչ Ռուսաստանի։ Հակառակն ասողները՝ ազգի դավաճաններ են»,-եզրափակեց նա։

(Visited 344 times, 1 visits today)