Սրանով ամեն ինչ ասված է… ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

«Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ: Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը», — ասաց Գրիգորյանը:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Բաքուն Երևանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել, Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։

Ադրբեջանը նաև պատրաստակամություն էր հայտնել հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները:
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

azatutyun.am

(Visited 146 times, 1 visits today)