Մախլուտոյի խոսքը Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման արարողության ժամանակ

Մախլուտոյի խոսքը Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման արարողության ժամանակ

«Անդրանիկ ջան, ահա տարիներ են անցել, ու դու հեռացար անդարձ, թողնելով հայ ժողովրդին եւ այնքան սիրելի՝ զենքիդ հավատարիմ ընկերներին սուգի մեջ, օտար երկնքի տակ, որոնց համար երեսուն տարուց ավելի մարտնչեցիր մեր ոխերիմ եւ անարգ թշնամու բռնակալության դեմ, կուրծքդ վահան եւ կամքդ նիզակ դարձրած։

Անդրանիկ ջան, միշտ եւ միշտ ականջումս քո վերջին խոսքերը կարձագանքեն, որ ասեցիր. «Մահս չեմ ողբում, այլ կիսատ թողած գործերս»: Թող քո տառապած եւ հոգնած ոսկորները հանգիստ լինեն, այդ կիսավարտ գործդ, մեզ համար ամենասուրբ եւ նվիրականն է։ Հայ ժողովուրդը խորին հարգանքով կխոնարհվի եւ ատրուշաններ կվառի կիսավարտ գործերիդ առջեւ, եւ որպեսզի հանգիստ ննջես, աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնած, մեկ շունչ, մեկ բերան եւ մեկ հոգի, այդ թանկագին գործդ ավարտելու աշխատանքին լծված։

Ես, Անդրանիկ ջան, վստահ եմ եւ խոր հավատք ունեմ, որ շուտով կավարտի այդ կիսատ գործը, եւ արդեն քո սիրելի ժողովուրդը քեզ Տարոն աշխարհ կտեղափոխի, որտեղ ամփոփված են սիրելի ընկերներդ՝ Աղբյուր Սերոբը, Հրայրը, Լեւոնը, Գալեն, Գեւորգ Չաուշը, Պանդուխտը, Մկրոն, Զավենը եւ շատ ու շատերը։ Գիտեմ, Անդրանիկ ջան, դու միայն սիրելի ընկերներիդ մոտ հանգիստ կլինես։ Կիսավարտ գործերդ ավարտելուց հետո Հայ ժողովուրդը պիտի այդ սուրբ հողի վրա Քո ասպետական, ինչպես նաեւ բոլոր հերոս ընկերներիդ կոթողները կանգնեցնի։

Իսկ ես՝ իմ անմոռանալի Զորավար, ես ինչպես վիրավոր կռունկ, երամից զրկված, անզոր թեւերով ման կգամ, մինչեւ որ տեսնեմ Ձեր սուրբ գործի լրիվ ավարտումը։ Այո, ես դեռ պետք է ապրեմ ու տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը։ Ու երբ ես էլ հրաժեշտ տամ այս անցավոր աշխարհին, ու գամ Ձեզ միանալու, Ձեզի պետք է բերեմ այդ սրբազան ավետիսը։ Առայժմ Անդրանիկ ջան, ես հարգանքով կխոնարհվեմ շիրիմիդ առջեւ, եւ կհամբուրեմ այդ հողը, որ խորթ է եւ ծածկել է Քո հուժկու մարմինը»: Ներկաների աչքերից կամաց կամաց գլորվեցին արտասուքի կաթիլները, եւ բոլորը հերթով համբուրելով Զորավարի շիրիմը, գլխիկոր հեռացան։

04.11.1945 թ. Մախլուտո

(Visited 31 times, 1 visits today)