Մահացել է Արկադի Բաղդասարյանը

Հայաստանի նկարիչների միությունը տեղեկացնում է, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը (Արկո):

Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնել Արկադի Բաղդասարյանի ընտանիքին և հարազատներին:

Արկադի Բաղդասարյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:

Արկոն Հայաստանում աբստրակտ արվեստի հիմնադիրներից է:

Ծնվել է 1945 թվականին, Բաքվում։ Հայրը՝ Զինովար Բաղդասարյանը, ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լյուլասազ գյուղում, մայրը՝ Ծմակահող գյուղում։ Մանկությունն անցել է ԼՂՀ-ում՝ պապիկ-տատիկի մոտ։ Արկոն ընտանիքի չորս երեխաներից ավագն է։ 1960 թվականին ավարտել է Բաքվի ռուսական դպրոցը, 1965 թվականին՝ Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1974-1982 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում։

Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Նա գեղանկարչական երկերում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները։ Ստեղծագործություններում իշխում են խիստ մշակված պայծառ մակերեսները։

(Visited 19 times, 1 visits today)