Կենսաթոշակի և նպաստի չափը 7 օրից բարձրանալու է․ հայտնի է, թե որքան

Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի չափը կբարձրանա․ այս մասին կառավարությունը որոշում ընդունեց օգոստոսի 24-ի նիստին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց որոշումը ըստ որի, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանվում է․

աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն),
զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն),
նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն),
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ (43000 դրամի փոխարեն),

բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ (33000 դրամի փոխարեն),

գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն),

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն)։
Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:

Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37000 դրամի փոխարեն)։

(Visited 114 times, 1 visits today)