Իմ հոդված֊ակնարկով ներկայացա իրեն. Ընտանիքով ապրում էր ներկայիս «Երևան» հյուրանոցի մի «լյուքս» համարում. ՀՈՒՇԵՐ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

1. Ի՛Ր ՀԱՐԿԻ ՏԱԿ
Սովետական Հայաստանի 10-ամյակի առթիվ Կենտկոմը որոշել էր իր ժամանակի և պայմանների համար շքեղ ու ստվար
մի ժողովածու հրատարակել՝ «Հոկտեմբեր֊նոյեմբեր» խորագրով, ուր ամփոփված պիտի լինեին նոր կարգերում տնտեսության և մշակույթի բոլոր ճյուղերի մեր տասնամյա նվաճումները:

Գյուղի մասին պիտի գրեի ես: Եվ քանի որ այն տարիներին
(դա 1930 թվականին էր) Հայաստանը դեռևս ագրարային երկիր էր, ուստի գյուղին և գյուղատնտեսությանը հատկացվել էր
ամենաընդարձակ բաժինը. իմ ակնարկը պիտի բաղկացած լիներ 50—60 մեքենագիր էջերից: Ժողովածուի խմբագիր Կենտկոմը նշանակել էր Եղիշե Չարենցին:

Իմ հոդված֊ակնարկով ներկայացա իրեն: Ընտանիքով ապրում էր ներկայիս «Երևան» հյուրանոցի մի «լյուքս» համարում:
Երեք, թե չորս օր միասին աշխատեցինք. նա խմբագրում էր իմ ակնարկը, իսկ ես, հարկ եղած դեպքում, բացատրություններ տալիս: Ոգևորված և պաթոսով էի գրել այն տեղաշարժերի մասին, որ տեղի էին ունեցել հայկական գյուղում՝ հեղափոխությունից հետո: Եվ այդ պաթոսը վարակում էր նաև իմ

խմբագրին, որ և՛ կարդում, և՛ ինքն իրեն հավանություն էր տալիս. «Լա՛վ է… լա՛վ է…»:
Այդ օրերին միասին աշխատելիս նկատեցի, որ Չարենցը գերազանցապես տրամադրության մարդ է: Մեր գործը առաջ
էր գնում առանց խոչընդոտների այն պահերին, երբ մեր պոետը լավ էր տրամադրված: Հենց որ ինչ-ինչ պատճառներով ընկնում էր տրամադրությունը, նրա մեջ իսկույն մարում էր ոգևորությունը, դա իսկույն ազդում էր մեր աշխատանքի ընթացքի վրա: Այդ բանը ես զգացի մեր համատեղ աշխատանքի երկրորդ

օրը, երբ ներկայացավ երգիծաբան Էդվարդ Խոճիկը և հերթից դուրս խմբագրել տվեց իր գրած նյութը: Չարենցը նրան լեզվական կարգի ինչ-որ դիտողություն արավ և ինչ-որ ուղղում կատարեց նրա տեքստի մեջ: Խոճիկը դրանից վիրավորվեց:
— Համենայն դեպս լեզվի հարցերում կարող ես չվիճել ինձ հետ, Եղիշե Չարենց,— արժանապատվությամբ ասաց նա:
Այդ խոսքից Չարենցն այնպես վրդովվեց, այնպես արագ կերպարանափոխվեց, որ ես մնացի զարմացած:

Դու այնքան էլ գրագետ չես գրում, — շպրտեց նա զայրույթի պահին:
Ինձ համար անհասկանալի էր, որ Խոճիկը՝ Ներսիսյան դպրոցն ավարտած, նշանավոր Մատենճյանից լեզվի դասեր առած մի մարդ՝ այդպիսի խիստ որակումի արժանացավ Չարենցի կողմից: Իսկ ես, որ լեզվի հարցերում Խոճիկի քառորդը չարժեի, ես իմ թերի հայերենով ոչ մի չափով չէի վրդովեցնում

իմ խմբագրին: Նա համբերությամբ ուղղում էր և հանդիմանանքի կամ նախատինքի ոչ մի խոսք չէր ասում ինձ: Նույնիսկ ակնարկով զգացնել չէր տալիս, որ ևս լեզու վատ գիտեմ:
Այդ հարցում ես զարմացած էի նրա նրբանկատությունից: Ու պարզությամբ ես իմ այս մտքերը հաղորդեցի իրեն: Բարեսրտորեն ժպտաց ու մոտավորապես այսպիսի պատասխան տվեց: Խոճիկը հին ինտելիգենցիայից է, մի տեսակ ինքնահավան, մեծամտացած։ Իսկ քո նմանների բանն ուրիշ է։ Եկել եք գյուղից, առանց կրթության, գրում եք թերի հայերենով, բայց՝ ձեր սրտի կրակով։

Ձեր բանն ուրի՛շ է, ձեզ նախատել չի կարելի, որովհետև այն, որ Խոճիկի չափ գրագետ չեք, դա ձեր մեղքը չի, այլ՝ դժբախտությունը: Իմ ձեռքը քեզ
նմանների վրա չի բարձրանա: Բայց Խոճիկին շատ է տրված, նրանից շատ էլ պահանջելու ենք և նրան չենք խնայելու իր մեծամտության համար… Հասկացա՞ր տարբերությունը…
Այո, հեղափոխությունը մեզ նմաններին մաճի մոտից, նախիրի մոտից, դազգյահի մոտից, արտ ու արոտից առաջ էր քաշել բերել լցրել թերթերի և ժուռնալների խմբագրությունները:

Հիմա լեզու են սովորում, հետո գրում ու խմբագրում, իսկ մենք այն ժամանակ գրելով ու խմբագրելով էինք սովորում հայոց
լեզուն: Այդ բանը լավ էր հասկանում մեծ պոետը և սրտով, հոգով մեր կողմն էր՝ նոր առաջ եկած լրագրող ու գրող երիտասարդության, ուստի և հոգատարությամբ պաշտպանում,
աճեցնում էր մեզ: Նրա այդ հոգատարության արտահայտությունը չէ՞ր, արդյոք, որ կուլտուրայի տանը կարդացած իր դասախոսության մեջ հրապարակորեն մեծարեց բանվոր բանաստեղծ

Վահան Գրիգորյանին իր մի հատիկ քառյակի համար՝
Անիվ իմ, դարձի՛ր…
Հա՛, «միջադեպը» Խոճիկի հետ շատ գցեց իմ խմբագրի տրամադրությունը: Խոճիկի գնալուց հետո, երկար ժամանակ չէր կարողանում հավաքել մտքերը:
-Իզաբելլա՜,— գոչեց նա դեպի խորքի սենյակը:

Ներս մտավ կինը:
-Մի կոնյակ բեր:
Կինը աղաչական դեմք ընդունեց.
-Դե լավ, էլի՛, Չարե՛նց…
Չգիտեմ ինչու կինը ամուսնուն ազգանունով էր կոչում:
_Բե՛ր, ասում եմ…Կինը ակամայից գնաց մյուս սենյակը, կոնյակ բերելու:
Դա նուրբ դիմագծերով, երկար ու սև թարթիչներով մի այնպիսի կիրթ շարժուձևերով տիկին էր, որ ինձ տարօրինակ էր թվում, որ մեր տպարանի վարպետ Ավետիք Կոդաբաշյանի աղջիկն է և ծնվել մեծացել է բանվորի ընտանիքում: Թեև այն էլ պիտի ասեմ, որ Կոդաբաշյանը այն բարձր, փառահեղ ու հեղինակավոր կադրային գրաշարներից էր, որոնք հնում իրենց

իրավունքն էին համարում Րաֆֆու, Մուրացանի և մյուս դասականների գործերը շարելիս տողի տակ դնելու իրենց «ծանոթությունը», որով լրացնում կամ շտկում էին հեղինակին…
Իզաբելլան մի գրաֆին կոնյակ դրեց սեղանին, մի երկար գավաթ էլ հետը: Երբ Չարենցը լցնում էր, կինը բռնեց ձեռքից.
— Դե լավ, էլի, Չարենց…
Գավաթը մեծ էր (լավ հիշում եմ, այդ գավաթի և՛ պոչն էր երկար, և՛ մարմինը) և կինը ամուսնուն հասկանալի մի շարժումով խնդրում էր, որ կիսատ լցնի:

— 0օօօ՜ֆ, հոգիս հանեցիր, էլի՛,— կեղծ դժգոհեց ամուսինը, բերնեբերան լցրեց գավաթը ու միանգամից գլխին քաշեց.
Ապա դեմքը մի փոքր ծռմռեց, մի կտոր շոկոլադ դրեց բերանը և գրիչը նորից ձեռքն առավ:
— Մեծամտությանը նայիր,— փնթփնթաց ինքն իրեն ու շարունակեց նյութիս ընթերցումը: Մտքով դեռ Խոճիկի հետ էր վիճում:
Եվ քանի որ վատ էր տրամադրված, գրածս էլ, ըստ երևույթին, այն բավականությունը չէր պատճառում իրեն:
֊Լսի՛ր,— ասաց,— էս ինչ ցնդաբանություն է… Ոնց թե կոմունիզմի ժամանակ նախիրը լցնելու ենք վագոններն ու ճոպանուղով բարձրացնելու ենք լեռնային արոտները… Ֆունիկույորո՞վ… Ինչի՞, անասուն ե՞ն, թե մարդ… Սա ինչ ֆանտազիա է…

Ու իր զայրույթը սկսեց թափել գրածիս վրա. գրչի անողոք շարժումներով ծայրեիծայր ջնջեց երեք, թե չորս էջ… Ի՞նչ անեմ,
սիրտս մղկտում է, քթածակերիցս ծուխ է բարձրանում, բայց իսկի առարկել կարո՞ղ եմ որ. Խոճիկի օրինակը աչքիս առաջ էր
Ջնջեց գրածս, հերսը նրա վրա թափեց, սիրտը հովացավ ու ձայն տվեց.
֊Իզաբելլա՜, ջուրը չտաքացա՞վ: Տաքացա՞վ… Դե գալիս ենք, երեխայի շորերը հանիր…
Ջա՜ն, աչքս լույս. խմբագրատանը սպասում են ինձ, օրվա նյութերը պիտի ուղղեմ. տպարան ուղարկեմ, իսկ սա ինձ տանում է իր երեխային լողացնելու…

Դու ջուր լցրու, Վախթա՛նգ, ա՛յ, այսպե՛ս, որտեղ որ ձեռքով կչփչփացնեմ: Իսկ դու, Իզաբելլա՛, հովան արա, չլինի թե չափը խախտես:
Ա՛յ, այսպե՛ս, ո՛ւֆ, ինչ լավ է, չոփ, չո՛փ, չո՛փ, բալիկ ջան…
Նապաստակի չափ երեխան երկար ձեռքերի մեջ շուռումուռ էր տալիս տաք ջրի հոսանքի տակ, ձեռքով քնքուշ հարվածներ
էր հասցնում մեջքին, հետույքին, իսկ ես պիտի ջուրը լցնեի այն մասին, ուր հարվածում է: Երեխան մերթ ճչում էր, մերթ ուրախանում, իսկ մեր պոետը շարունակ հրճվանքի մեջ էր…

Այդ չփչփոցի, այդ ճիչերի ու բերկրանքի բացականչությունների մեջ արագ մոռացվեցին-գնացին թե՛ խեղճ Խոճիկի ակամայից պատճառած անախորժությունները, թե՛ իմ ակնարկի մեջ
տեղ գտած «ցնդաբանությունը»:
Գոլորշի արձակող երեխային փաթաթեց փափուկ ցամքոցի մեջ, հանձնեց մորը և խաղաղված գնաց նորից իր ահագին սեղանի հետևը:
Որտեղ մնացի՞նք…
Նորից կարդաց քիչ առաջ իր ձեռքով ջնջածն ու անկեղծորեն զարմացավ:

Էս ինչի՞ ենք ջնջել, ա՛յ տղա,— հարցրեց ինձ տարակուսած:
֊ Ինչ իմանամ… դե, անիրականանալի բան էր, ջնջեցինք էլի,— ժպտացի ես:
— Ո՞նց թե անիրականանալի: Կոմունիզմի համար անիրականանալի բան չկա: Հասկացա՞ր: Էլ ինչ կոմունիզմ, որ կովերն իրենց ոտով պիտի տնքտնքալեն սար բարձրանան,— որոտաց խմբագիրս ոգևորված:— Առաջ Թիֆլիզի բուրժույներն էին
ֆունիկուլյորով բարձրանում, հիմի էլ թող համայնական բուղաները մզզացնելով վագոն նստեն…
Ասաց, ծիծաղեց իր խոսքի վրա, քեֆը բացվեց. երևի դեռ երեխա էր լողացնում ականջի մեջ էին նրա բերկրանքի ճիչերը…
Ապա նորից կարդաց ջնջածը, գլուխն օրորեց (երևի իրեն էր հանդիմանում) և ջնջած էջերի անկյուններում մակագրեց.
«Ջնջածը վերականգնել…»:
ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ

Աղբ. Արմտումար

(Visited 74 times, 1 visits today)