Քեզ կհարվածեն, սիրելի՛ս, կհարվածեն նրանք, որոնց մեջքով էիր պահում. Ուղի՛ղ սրտիդ կհարվածեն…

Ու մի օր քեզ կլքեն բոլոր նրանք , ովքեր հավիտենական ներկայություն էին խոստանում… Որովհետև պարտաճանաչ աշակերտի նման նրանց կյանքում միշտ ներկա ես եղել ու սերտել ես սիրտը նրանց։
Սովորի՛ր այսուհետ բացակա լինել…

Քեզ կստեն հենց ճշմարիտները , որովհետև «մի՛ ստիր» պատվիրանին չափից դուրս շատ ես տրվել ու կեղծ չես եղել…
Բայց դու սովորիր ստի հանդե՜պ էլ ազնիվ լինել…

Քեզ կմոռանան, որովհետև, կյանքից բացի, նրանց հուշերում էլ ես ավելորդ եղել…
Ու չե՜ս էլ նկատել…
Չէ՞ որ այդ պահին նրանց սրտիդ հիշողության մե՜ջ ես կերտել…

Քեզ կատեն երեկվա սեր մուրացողները…
Բայց դու չատես, լա՞վ։ Չատե՛ս…
Որովհետև ատող մարդիկ մի բուռ սիրո են կարոտ եղել ու այդպես էլ չեն ստացել…
Դու չե՞ս հասկանում, ախր սիրո ծարա՜վ են մնացել…

Քեզ կհարվածեն, սիրելի՛ս, կհարվածեն նրանք , որոնց մեջքով էիր պահում։ Ուղի՛ղ սրտիդ կհարվածեն։ Կհարվածեն իրենք իրե՜նց, որովհետև դու նրանց միշտ էլ սրտիդ մեջ ես պահել ու այդպես էլ դուրս չես նետել ։
Դե իսկ հիմա`… վերքով ապրե՛լ սովորիր…

Մի օր իրենց ներսի չարությամբ քո կյանքի շեմիքն են կեղտոտելու…
Բայց դու՛, հոգի՛ս, նրանց կյանքի ցեխը քո բարության անապակ ջրով ես լոկ ողողելու…

Քեզ կհիասթափեցնեն նրանք, ովքեր իմաստավորել էին կյանքը քո ։ Կիմաստազրկե՜ն…
Թող դա՛ս լինի։ Արգելի՛ր մարդկանց դառնալ իմաստը քո կյանքի, որովհետև կյանքիդ իմաստը քո մեջ պիտ փնտրես…

Ու…
Սա՛ է կյանքը , սիրելի՛ս…
Ուժեղ լինե՛լ սովորիր…
———
Նա՛ զ. Ա.

Աղբյուր՝ Գրքասեր

(Visited 20 times, 1 visits today)