Կարկադե. Օգտակար հատկություններ և վնաս

Կարկադե. օգտակար հատկություններ և վնաս Doctors.am-ը գրում է.

Կարկադեն հարուստ կարմիր գույն ունեցող հիանալի ըմպելիք է: Եգիպտոսում և այլ տաք երկրներում այն համարում են բոլոր հիվանդություններից փրկող համադարման, իսկ մենք այն սիրում ենք, առաջին հերթին, հաճելի համի համար: Սակայն պետք է նշել, որ սառը և տաք կարկադեի հատկությունները բացարձակ տարբեր են:

Կարկադեի օգուտը

Կարկադեն պարունակում է օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար միկրոտարրեր: Օրինակ, մագնեզիումի շնորհիվ այն թեթև հանգստացնող, քնաբեր և սպազմոլիտիկ ազդեցություն ունի, կարգավորում է նյութափոխանակությունը: Կալցիումը և ֆոսֆորը, որոնք նույնպես մտնում են նրա կազմի մեջ, նպաստում են ոսկրերի, ատամների և մազերի ամրացմանը, իսկ երկաթն օգնում է կանխել անեմիան:

Այս ըմպելիքը խորհուրդ են տալիս խմել տապին՝ առատ քրտնարտադրության ժամանակ, ինչպես նաև սննդային թունավորումներից հետո, որոնք ուղեկցվում են ինտենսիվ փսխմամբ և հաճախակի լուծով, քանի որ կարկադեն օգնում է վերականգնել կալիումի պարունակությունը, իսկ նատրիումի շնորհիվ կարգավորում է օրգանիզմի ջրային հավասարակշռությունը և պահպանում թթվահիմնային բալանսը:

Կարկադեում կան A, C, PP, և B խմբի շատ վիտամիններ, ինչն, իր հերթին, նպաստում է անոթների պատերի ամրացմանը, օգնում է խուսափել ավիտամինոզից, կարգավորում է նյարդային համակարգը, պաշտպանում է սթրեսներից և բարձրացնում տրամադրությունը: Կարկադեում կան նաև օրգանիզմի համար օգտակար թթուներ, որոնք օգնում են կանխել խոլեստերինային գնդիկների առաջացումը և պաշտպանում են հարբուխից:

Իսկ այդ միկրոէլեմենտների, վիտամինների և թթուների ողջ համալիրը բարերար կերպով է ազդում գլխուղեղի աշխատանքի վրա, ուստի, այս ըմպելիքը խորհուրդ են տալիս օգտագործել ակտիվ մտավոր գործունեության ժամանակ, օրինակ՝ քննաշրջանում: Նաև կարկադեն օգնում է հաղթահարել քրոնիկ հոգնածությունը և սթրեսը:

Կարկադեն կարգավորում է ճնշումը և լավացնում օրգանիզմի ընդհանուր վիճակը: Սակայն պետք է հիշել, որ տաք վիճակում այն բարձրացնում է ճնշումը, իսկ սառը վիճակում՝ ցածրացնում: Եվ միայն առողջ մարդկանց վրա այն չեզոք ազդեցություն ունի:

Համարվում է, որ կարկադեն նպաստում է քաշի նվազեցմանը` իր բնական թթվի և օրգանիզմին ոչ պետքական ճարպերը լուծելու շնորհիվ: Սակայն մարդը չի կարող այնքան խմել այդ ըմպելիքից, որ դա դառնա նիհարելու միջոց: Այնպես որ իմաստ ունի խոսել միայն մարսողության և մետաբոլիզմի լավացման մասին:

Կարկադեն օգնում է նաև խումհարի դեպքում՝ այն ակտիվորեն դուրս է բերում օրգանիզմից թույները և ալկոհոլի քայքայման մթերքները: Սակայն այս դեպքում նույնպես պետք է նկատի ունենալ ըմպելիքի ջերմաստիճանը՝ օգտագործել միայն սառը վիճակում:

Կարկադեի վնասը

Անշուշտ, կարկադեի օգուտն ավելին է, քան նրա վնասը: Սակայն, ցանկացած այլ մթերքի պես, այն նույնպես ունի իր առանձնահատկությունները, որոնք կարող են դառնալ օգտագործման հակացուցումներ:

 

Բարձր թթվայնությամբ և սրացած գաստրիտով կամ խոցով մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն կարկադեն: Ըմպելիքի բնական թթվությունը բացասաբար է ազդում հիվանդ ստամոքսի պատերի վրա՝ խթանելով այրոց և քրոնիկ հիվանդությունների սրացումներ:

Խորհուրդ չի տրվում կարկադեն միզաքարային կամ լեղաքարային հհիվանդությունների սրացման դեպքում, քանի որ այն միզամուղ է և կարող է խթանել երիկամներում և լեղապարկում քարերի անցանկալի և չափազանց ցավոտ տեղաշարժ:

Կարկադեն, ինչպես որ ցանկացած այլ մթերք կամ ըմպելիք, չի հանդիսանում բացարձակ հիպոալերգեն, այսինքն՝ այն կարող է առաջացնել սննդային ալերգիա: Խորհուրդ չի տրվում կարկադեն տալ երեխաներին, հատկապես նրանց, ովքեր դիաթեզ ունեն: Հղի կանայք և կերակրող մայրերը կարկադե խմելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Կարկադեի ազդեցությունը ճնշման վրա կարելի է համարել և՛ օգտակար, և՛ վնասակար՝ կախված ձեր օրգանիզմի վիճակից: Պետք է հիշել, որ տաք վիճակում այն նեղացնում է անոթները, իսկ սառը վիճակում՝ լայնացնում:

Ինչպես թրմել կարկադեն

Գոյություն ունի կարկադեի թրմելու մի քանի եղանակ: Մենք առաջարկում ենք թրմելու երեք դասական եղանակ:

Կարկադեն պետք է պատրաստել բացառապես ապակե կամ կավե ամանի մեջ: Մետաղական ամանի մեջ կարկադեն մտնում է այդ մետաղի հետ ռեակցիայի մեջ և արտադրում այնպիսի նյութեր, որոնք ոչնչացնում են նրա բոլոր օգտակար հատկությունները:

Կարկադեի տաք թրմելը

Տաք թրմելու ժամանակ հումքի 1.5-2 թեյի գդալ կամ 3-4 ամբողջական «ծաղիկ» ծածկում են 300մլ եռացած ջրով, թողնում են 5-6 րոպե: Հիշեք, որ թունդ թուրմը չի կարելի ըմպել դատարկ ստամոքսին:

Կարկադեի սառը թրմելը

Պատրաստման այս եղանակի դեպքում կարկադեն ծածկում են սառը ջրով՝ վերը նշված նույն հարաբերակցությամբ, և թրմում են 3 ժամ: Համարվում է, որ այս եղանակը թույլ է տալիս պահպանել կարկադեի բոլոր օգտակար հատկությունները: Թեև, եռացած ջուրը նույնպես չի վնասում:

Կարկադեի եփելը

Նույն հարաբերակցությամբ, հումքը ծածկեք սառը ջրով և դրեք դանդաղ կրակի վրա, հասցրեք եռման աստիճանի, սակայն մի եռացրեք: Եփեք 3 րոպե: Խմեք տաք կամ սառը վիճակում: Այս ըմպելիքի մեջ կարելի է ավելացնել շաքար, քանի որ ստացվում է չափազանց թունդ և անչափ թթու ըմպելիք:

(Visited 10 times, 1 visits today)