Թումանյանը այս երազը հիվանդության օրերին պատմում էր սարսափով

Կյանքի ծանր ժամերին կամ նեղ օրերին, երբ երազում տեսնում էր հորը, լավ նշան էր համարում, թեթևանում էր և ուրախանում:

Պատմում էր, թե ինչպես Պետերբուրգի բանտում, 1912 թվականին մի գիշեր երազում տեսնում է հորը՝ կանգնած ճամփաբաժնում՝ երկու ճամփի մեջտեղը՝ մութ և լույս. ինքը՝ մութ ճանապարհի վրա, հայրը՝ լույս:

Հայրը մատով ցույց է տալիս լույս ճանապարհը: Ինքը լույս ճանապարհով առաջ է գնում և հայրիկին էլ իր ետևից տանում: Հայրիկն ասում էր, թե այդ երազը տեսնելուց հետո բանտում հանգիստ էի, գիտեի, որ կազատվեմ:

Թեև առաջ էլ էի հանգիստ, բայց այդ երազը տեսնելուց հետո ավելի հանգստացա: Երբ 1921 թվականին հայրիկը հիվանդացավ, համոզված էր, որ վիրահատումն անխուսափելի է: Ասում էր.

«Ես իմ երազը տեսել եմ. առանց օպերացիայի բան չի լինի: Պոլսից դուրս գալու նախօրյակին գիշերը երազումս Արտիկին տեսա. բռնել էր, չէր թողնում գամ, ես արյան մեջ էի, չորս կողմս սև արյուն էր թափված, նա էլ՝ ինձ փաթաթված…»:

Այս երազը հիվանդության օրերին պատմում էր սարսափով:
1922-ի աշնանը մի անգամ տեսել էր հորը՝ Թիֆլիսում. սև շորերով եկել է անցել և ոչինչ չի ասել:

Նվարդ Թումանյան
Հովհաննես Թումանյան

Աղբյուր՝ Գրքասեր

(Visited 42 times, 1 visits today)