Ուկրաինան եկավ Հայաստան. Ռուս-հայկական ուղիղ առճակատում Գեղարքունիքում եւ Արցախում

Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման նախօրեին եւ դրանից հետո Ռուսաստանը, ինչպես Ուկրաինայում, Հայաստանի դեմ արդեն գործում է ուղիղ, իր դեմքով։ Դա անխուսափելի էր, նկատի առնելով Հայաստանի դեմ թուրքերի հետ Ռուսաստանի համատեղ արշավի նպատակներն ու խնդիրները։

Արցախում ռուսական կոնտինգենտն առաջնորդում է զինաթափման եւ շփման գիծը վերացնելու, հայկական բնակավայրերը տեղահանելու գործընթացը, Լաչինում փոխելով միջանցքի ռեժիմը, ինչը նշանակում է «առաքելության» չեղարկում եւ որպես տրամաբանական շարունակություն՝ թուրքերի անարգել անցում դեպի Գորիս։

Գեղարքունիքում նույն օրերին հայկական դիրքերի գնդակոծության կապակցությամբ հաղորդագրության մեջ ՌԴ ՊՆ-ն կիրառեց «ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի» ձեւակերպումը։ Նկատի առնելով Հայաստանի տարածքով նախատեսված «պարզեցված ռեժիմով ճանապարհների» աշխարհագրությունը, որը ճշգրիտ համընկնում է Բաքվի 2021-ի ներխուժումների հետ, նույն արցախյան եղանակով ռուսական զորախմբերը գործելու են Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Շիրակում, ապահովելով թուրքերի «թավշյա» մուտքը դեպի Հայաստանի ներկայիս մնացորդները։

Սա ուղիղ ագրեսիա է, եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավաքի անհրաժեշտություն կա։ Միաժամանակ, զարմանալի է, որ այս իրողությունների պայմաններում ոչ ոք Գյումրիի ռուսական 102-րդ բազան հանելու պահանջ չի ձեւավորում։

Մինչ այդ, բացվում է խաղաղության դարաշրջանի վճռորոշ փուլը «փառատոնային» անմեղսունակ կառավարության եւ բալագանային ընդդիմության «դիմակայությամբ»։

Աղբյուր՝ lragir.am

(Visited 37 times, 1 visits today)