Ես թաղման էի մասնակցում, երկուհարյուր ներկաներից չորս հոգի էր արտասվում, մեծամասնությունը չեզոք էր, ոմանք կատակում էին իրար հետ…

Մարդուն մի՛ տուր ավելին քան արժանի է, ավելին՝ մարդուն կարելի է ոչինչ չտալ, եթե կարող ես մի բան էլ վերցրու՛։ Երբ կարդացի Նիցշեի գրած 《Հրի՛ր ընկնողին》միտքը, սկզբից չհասկացա, այսօր հասկանում եմ։

Մարդիկ չեն ծնվում սրիկա, մարդիկ դառնում են այդպիսին, այդպիսին է մարդկային բնությունը։ Երբ երեխա էի, կարդում էի մանկական Աստվածաշունչ, և կյանքը միշտ այդպես վարդագույն եմ պատկերացրել, ինչպես գրքի շապիկն էր։

Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ գրում գրիչը դատարկելու համար, ես ապրածս եմ ցիտում, որը պիտի օգտագործես ի նպաստ քեզ, մի օր էլ գուցե գաս և շնորհակալություն հայտնես, բայց ավելի հավանական է, որ կմոռանաս այդ մասին։ Սիրելի՛ ընկեր, խնայի՛ր քեզ։

Տու՛ր և վերցրու՛ ճիշտ այնքան, որքան դիմացինիդ հոգու տարողությունն է. ոչ ավել, ոչ պակաս, եթե իհարկե վեհ նպատակ չունես ինքդ քեզ այրելով լուսավորել աշխարհը։ Նույն մսաղացի միջով ենք անցնում ու համաչափ կմանրանանաք։

Երանի՜ ընտրյալներին, ում ոսկորները չի ջարդվում մսաղացի դանակների դակ, զննի՛ր շրջապատդ, հասկացի՛ր կողքիդ մարդկանց շարժառիթները, ի՞նչ դրդապատճառներ ունեն, հասկացի՛ր նրանց լեզուն։ Հասկացի՛ր, որ մարդիկ իրենց մասին են մտածում, իրենց՝ ոչ թե քո(ընտրյալները քիչ են), հասկացի՛ր, սիրելի՛ բարեկամ, ես ցավով եմ ասում այդ մասին։

Ես թաղման էի մասնակցում, երկուհարյուր ներկաներից չորս հոգի էր արտասվում, մեծամասնությունը չեզոք էր, ոմանք կատակում էին իրար հետ։ Ես չեմ հասկանում ձեր աշխարհը, ես փախնում եմ, խորշում եմ ձեզնից՝ տիկնայք և պարոնայք։ Ինձ ճիշտ հասկացե՞ք քարանձավից մինչ այսօր շատ բան չի փոխվել, մարդն ավելի շատ գազանի է նման, քան հրեշտակի, իսկ մի գուցե միայն գազանի։

Խնայի՛ր Քեզ, սիրելի՛ բարեկամ, զգու՛յշ եղիր մարադկանց վստահելիս, զգու՛յշ եղիր, որ հետո չցավես, դիմացինիդ թեթև ձեռքով կկորցնես հոգուդ անդորրը, հետո մարմինդ կցավի, դու կբախվես ողորկ ուղեղների. դա անխուսափելի է։ Ճշմարիտ եմ ասում՝ կարճ հիշողություն ունեն մարդիկ, շանը հինգ անգամ հաց ես տալիս, հինգ տարի հիշում է, մարդուն հինգ տարի ծառայես, հինգ րոպեում կմոռանա։

Ո՛չ մի պատասխանատվություն, ո՛չ մի պարտավորություն, ո՛չ էլ ապրումակցում։ Ամեն անգամ անցնելիս նույն փողոցով տեսնում էի մի կնոջ, որը փող էր մուրում, բնազդաբար շոշափում էի գրպանս ու որպես կանոն՝ մանրը տալիս նրան։

Մի օր փող չկար ձեռքիս ու երբ անտարբեր անցա կողքով, պահանջատիրոջ աչքերով նայեց վրաս. դա սառը ցնցուղ էր ու սնունդ հետագա խորհելուս համար։ Սիրելի՛ բարեկամ, զննի՛ր քեզ նայող հայացքներին, նայի՛ր այդ աչքերին, որոնք չափում են քեզ ներքևից վերև, ժպտում են քեզ, մեկ֊մեկ քենոտ խեթում, նայի՛ր եթե ուզում ես, բայց չհավատաս։

Կյանքը պայքարի մեջ է, և ապրում են միայն ուժեղ ներկայացուցիչները, ինչպես ջունգլիներում, ի՜նչ տհաճ է հնչում։ Միայն կորցնելուց հետո ենք հասկանում՝ ինչ ենք կորցրել, ինչպես ծառի հաստությունը երևում է հատվելուց հետո և երբ ականջ ենք դնում ներքին ձայնին, նա ասում է` ուշ է…

Բառերը ուժ ունեն, ու ոչինչ երբեք պատահական չի այցելում Քեզ։ Միտքը, որը դրոշակ էի սարքել հնչում էր այսպես. 《Ես միայն մի բանից եմ վախենում լինել անարժան սեփական տառապանքներիս համար》, և այդ բառերը գտան ինձ ու ամբողջ ուժով փարվեցին։ Ես ձեռք բերեցի այն, ինչից վախենում էի, մեղավորներ չկան, կան միայն տուժողներ։

Սիրելի՛ բարեկամ, պահպանի՛ր Քեզ, քանի դեռ կարող ես, չհավատաս բառերին, հավատա միայն արարքներին։ Հիրավի մեծ էր Հիսուս, որ նույնիսկ խաչի վրա, խոցված բազում սվիններից աղոթում էր իր իսկ չարչարողների համար և ներում խնդրում նրանց փոխարեն. հիրավի մեծ էր նա։

Պահպանի՛ր Քեզ, սիրելի՛ բարեկամ, և Աստծու սիրուն, մի՛ վնասիր ոչ մեկին, չէ՞ որ չես ուզում վնասեն նաև Քեզ։ Ես տենչում եմ արդարություն և նորից ու նորից բոլոր ամբիոններից վանկարկելու եմ՝ ես տենչում եմ արդարություն, բայց մեկն է պատասխանը. չկա այդպիսին։ Նետերն արձակված են.Դադա՛ր, դադա՛ր, Լռությու՛ն։

անհայտ

Աղբյուր՝ Գրքասեր

(Visited 21 times, 1 visits today)