Վերհիշենք Հայաստանի տեսարժան վայրերը. Սևանավանք

Սևանավանքը հայկական վանական համալիր է, որը գտնվում է Սևանի թերակղզու վրա (նախկինում՝ կղզի) , Գեղարքունիքի մարզում։

Հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։

874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։

Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։

Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։

Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57 թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է։

(Visited 23 times, 1 visits today)