Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ և շփոթված. Սկսեց ընտանեկան գործերից խոսել. Ասում եմ՝ չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ…

Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր՝ Ջրօրհնեքի երեկոն. Թամամշյանների տանը ընթրիքին հանկարծ թվաց, թե հայրս մեռավ:

Տրամադրությունս վատացավ, տխրեցի, հյուրերը նկատեցին, հանգստացրին, բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն: Երեք օր հետո մարդ է գալիս գյուղից, թե՝ հայրդ Ջրօրհնեքի գիշերը մեռել է (հունվարի 5-ին):

Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը: 1911թ. ամառվա մի շոգ օր էր: Սենյակումս նստած պարապում եմ: Առավոտ ժամը ինը և կեսը կլիներ, հանկարծ աչքիս երևաց Աղայանը, որ ընկավ մայթի վրա և մեռավ: Սարսափահար վեր կացա: Սենյակումս ման եմ գալիս ու չեմ կարողանում ինքս ինձ հասկանալ:

Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ և շփոթված: Ասի՝ բա՞ն ես ուզում ասել: Սկսեց ընտանեկան գործերից խոսել: Ասում եմ՝ չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ… Նա զարմացած նայում էր վրաս: Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝ Արտիկը, թե պապեն (մենք՝ երեխաներս, Աղայանին պապա էինք ասում
— Նվարդ Թումանյան) փողոցումն ընկավ, ուշքից գնաց, տարան տուն…

Վեր կացա, գնացի, բայց զգում էի, որ կենդանի չեմ տեսնելու Ղազարին: Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր Վարդանյանին. ձեռքով արավ, թե՝ արդեն…

Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:

Հովհաննես_Թումանյան

(Visited 418 times, 1 visits today)