Ես բանտարկեցի անգամ աշխարհահռչակ գիտնական Հրաչյա Աճառյանին, տանջամահ արի մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, էլ դրանից ավելին ի՞նչ ես ուզում…

Լեռ Կամսար Ler Kamsar

— Թո՛ւրքիա, — ձայն էր տալիս Ռուսաստանը, բայց նա պատասխան չէր տալիս:

— Թո՛ւրքիա, Թո՛ւրքիա, — երբ կրկնեց մի անգամ էլ Ռուսաստանը՝
— Ցա՛վ քեզ, ցա՛վ քեզ, — պատասխանեց Թուրքիան ու առաջ անցավ:

Ռուսաստանը սաստիկ կամենում էր Թուրքիո բարեկամությունը շահել՝ չէր հաջողվում: Հենց որ Թուրքիան տեսնում էր Ռուսաստանը իր հետևից գալիս է՝ քայլելիս ոտը վերցնում էր:

— Թո՛ւրքիա, — ձայն էր տալիս Ռուսաստանը, բայց նա պատասխան չէր տալիս:

— Թո՛ւրքիա, Թո՛ւրքիա, — երբ կրկնեց մի անգամ էլ Ռուսաստանը՝
— Ցա՛վ քեզ, ցա՛վ քեզ, — պատասխանեց Թուրքիան ու առաջ անցավ:

Ու Ռուսաստանը շվարած կանգնում էր՝ չիմանալով, ի՞նչ լեզվով խոսի, որ նա պատասխանի: Այսօր, սակայն, թուրքական պատվիրակություն է եկել Մոսկվա՝ Ռուսաստանի հետ բանակցելու, գնացել Լենինի դամբարանի վրա լացել ու «ա՜խ» քաշել…

Ձեզ եմ թողնում երևակայել Ռուսաստանի ուրախությունը:
Ստորև տալիս եմ այդ բանակցության պատկերը:

Ռուսաստան — Ա՜յ մարդ, ի՞նչ եմ արել քեզ, որ հետս չես խոսում:
Թուրքիա — Մենք իրար ի՞նչ խոսելիք ունենք՝ դու քրիստոնյաներին հովանավոր քրիստոնյա, ես՝ մահմեդական:

Ռուսաստան — Ա՞յդ էր պատճառը: Ես Քրիստոսի հերն եմ անիծել՝ Աստծունն էլ վրան: Մենք բոլշևիկներ ենք ու Աստծուն չենք ճանաչում:
Թուրքիա — Մահմեդական Աստծու հերն է՞լ ես անիծում, նրան է՞լ չեք ճանաչում:

Ռուսաստան — Ո՜չ, քավ լիցի, նրան ճանաչում ենք… Թուրքիա — Ես 1915 թվին իմ ողջ հայերը կոտորեցի, ինչո՞ւ չթողիր քոնն էլ կոտորեի ու հայկական հարցը վերանար աշխարհի երեսից:

Ռուսաստան — Չթողի, որ մնացածն էլ ես կոտորեմ:

Թուրքիա — Սուտ ես խոսում, դու հայ չես կոտորում:
Ռուսաստան — Չե՜մ կոտորում… էն էլ ինչպես: Սոսկալի տանջանքներով: Ես քեզ նման համախառն կոտորած չեմ սարքում, այլ թողնում եմ, որ կաթի նման երեսին սեր կանգնի, սերը քաշում եմ ու թափում Սիբիրի անտառները՝ սառելու, իսկ շիճուկը դեն ածում:

1937 թվին ես Հայաստանում մի գիտնական, լեզվագետ, գրող կամ այլ կրթված մարդ թողի՞: Ես բանտարկեցի անգամ աշխարհահռչակ գիտնական Հրաչյա Աճառյանին17, տանջամահ արի մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, էլ դրանից ավելին ի՞նչ ես ուզում:

Դու քո հայերին քշեցիր Տեր Զորի տաք անապատները, իսկ ես 1949 թվին մի գիշերվա մեջ 50 հազար ընտանիք քշեցի Ալթայի սառցապատ երկիրը՝ կոտորվելու: Դրանից հետո էլ մի գլուխ մաս-մաս կոտորում ենք, էլ ի՞նչ ես ուզում: Մենք ձեզ նման միանգամից կոտորել չենք կարող, մենք բոլշևիկներ ենք և խնայողությամբ ենք վարվում, որ մինչև մեր կյանքի վերջը մարդ ունենանք կոտորելու: Մենք չենք կարող ձեզ նման միանգամից կոտորել ու այնուհետև ձեռները ծալած նստել:

Հետո, տեսաք, չէ՞, մենք Էնվեր փաշայի՝ հայության արյան մեջ թաթախված ձեռքը ի՜նչ ուրախությամբ սեղմեցինք ու թույլ տվինք մեր հողը ապաստանելու18: Ճիշտ է, Ջեմալ փաշային սպանեցինք Թիֆլիսում19, բայց այդ նրա համար, որ մեղքը դաշնակցության վրա գցեինք ու բանտերը լցնեինք: Չէ՜, սիրելի՛ Թուրքիա, հային տանջելու, կոտորելու մեջ դու մեզ չե՜ս հասնի:

Թուրքիա — Լավ, համոզեցիր: Շնորհակալ եմ: Հիմա դու ի՞նչ ես ուզում ինձանից:

Ռուսաստան — Ուզում եմ, որ դուրս գաս Ատլանտյան պակտից և չեզոք դիրք բռնես իմ նկատմամբ:
Թուրքիա — Իսկ փոխարե՞նը:
Ռուսաստան — Ինչ կամենաս: Ուզո՞ւմ ես, իմ մասի ողջ հայությանը առնեմ թիակի վրա և մի գիշերվա մեջ ցրիվ տամ Սիբիրի սառնամանիքներում:

Թուրքիա — Ի՞նչ մեղադրանքով:
Ռուսաստան — Նացիոնալիզմի մեջ մեղադրելով: Մինչև օրս այդ մեղադրանքով կոտորել եմ և շատ հաջող:

Թուրքիա — Լավ, կմտածեմ ու կասեմ, — ասաց, ու բանակցությունները վերջացան: Թուրքիան գնաց մտածելու, իսկ Ռուսաստանը հրաման արձակեց իր չեկիստներին՝ գնացքները պատրաստ պահել, որ պահանջված րոպեին մի գիշերում հայությունը տեղահան արվի Սիբիր:

Լեռ Կամսար, 1961թ․, «Միայնակը»

(Visited 2 734 times, 1 visits today)