Եղբայրնե՛ր, մարդկայնորեն եմ ասում. նույնիսկ մարդկանց հաստատած կտակը ոչ ոք չի կարող խափանել և ոչ էլ նրա վրա մի այլ բան ավելացնել…

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 3.13-22

Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է, թե՝ «Անիծյալ է այն մարդը, որը կախված է փայտից»), որպեսզի Աբրահամի օրհնությունը Քրիստոս Հիսուսով գա հեթանոսների վրա, և որպէսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հավատով:

Եղբայրնե՛ր, մարդկայնորեն եմ ասում. նույնիսկ մարդկանց հաստատած կտակը ոչ ոք չի կարող խափանել և ոչ էլ նրա վրա մի այլ բան ավելացնել: Արդ, խոստումը Աբրահամին արվեց և նրա շառավիղին. չի ասում՝ շառավիղներին՝ չակնարկելու համար շատերին, այլ ակնարկում է մեկին՝ «Եւ քո Զավակին», որ Քրիստոսն է:

Ահա թե ինչ եմ ասում. այն կտակը, որ նախապես հաստատվել էր Աստծո կողմից Քրիստոսով, դրանից չորս հարյուր երեսուն տարի հետո դրված օրենքը չի կարող խախտել, որպեսզի չխափանվի խոստումը:

Եթե ժառանգությունը օրենքից է, ապա այլևս խոստումից չէ. բայց Աստված Աբրահամին խոստումո՛վ շնորհեց այն: Իսկ արդ, ինչի՞ համար է օրենքը. օրենքը տրվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար այն Զավակը, որին եղած խոստումը հրեշտակների կողմից տրվեց միջնորդի միջոցով:

Իսկ միջնորդը ենթադրում է երկու կողմ, մինչդեռ Աստված մեկ է: Եվ արդ, օրենքը Աստծո խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի. որովհետև եթե օրենքը, որ տրված է, կարող լիներ կյանք տալ, ապա հաստատապես արդարությունը օրենքից կլիներ:

Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ դրեց մեղքի տակ, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատով տրվի հավատացողներին:

(Visited 73 times, 1 visits today)