Հանկարծ դուռը արագորեն բացելով, բարկացած ներս մտավ Բաշինջաղյանը և ուղղակի հարձակվեց Աղայանի վրա…

Պատմում է Ավետիք Իսահակյանը…

1908 թվի ուշ աշնանը, գրականության նահապետ Ղազարոս Աղայանը Հովհաննես Թումանյանին և ինձ ասաց, թե՝ հինգշաբթի օրը Գևորգ Բաշինջաղյանի մոտ ճաշի ենք կանչված. Գևորգն ասաց, թե՝ «Ղազարոս, տղաներին առ արի, մի քիչ ժամանակ անցկացնենք»:

Տղաները՝ Հովհ. Թումանյանն էր, Կոմիտասը, Վրթանես Փափազյանը և ես: Հինգշաբթի օրը հավաքվեցինք ժամադրավայր սրճարանում և գնացինք Գ. Բաշինջաղյանի տունը:

Զանգը տվեցինք. դուռը բացեց Բաշինջաղյանի տիկինը. քաղցր ժպիտով մեզ ընդունեց և առաջնորդեց նկարչի արվեստանոցը, որ միաժամանակ իր նկարների սրահն էր:

— Գևորգը տանը չէ՞, — հարցրեց Աղայանը:
— Ոչ, տանը չէ, հիմա կգա, խնդրեմ մի քիչ սպասեցեք…
Տիկնոջ սիրալիրության տակ ես զգացի մի ինչ-որ շփոթմունք, վարանում:

Ընդարձակ, լուսավոր սրահում մենք սկսեցինք դիտել նրա նկարները, իրար ցույց էինք տալիս այս կամ այն նկարը, հիանում էինք, հրճվում: Այսպես անցավ մի ժամ, թերևս ավելի:

Երկար ժամանակ անց հանկարծ դուռը արագորեն բացելով, բարկացած ներս մտավ Բաշինջաղյանը և ուղղակի հարձակվեց Աղայանի վրա.
-Մարդ Քրիստոսի, ես քեզ ի՞նչ ասի…
-Դու ասիր թե՝ հինգշաբթի տղաներին առ…

-Հա է, հա, բայց ես ասի թե՝ էս հինգշաբթի չէ, մյուս հինգշաբթի. Էս հինգշաբթի ես ինքս հյուր եմ ուրիշի մոտ, էդ ասի:

Մի խոսքով բավական ուշ սեղան նստեցինք և շատ ուրախ ճաշասեղան ունեցանք, մինչև ուշ գիշեր խոսք ու զրույց, կատակ ու ծիծաղ: Կոմիտասն էլ երգեց ու նվագեց:
Այդ անմոռանալի օրը Վ. Փափազյանը հավերժացրեց լուսանկարելով` խումբը գեղեցիկ պատկերասրահում:

(Visited 1 096 times, 1 visits today)