Կառքերն առջից տանում են 170 պսակ, 24-ն արծաթէ. Մանթաշեանցի թաղումը

ՄԱՆԹԱՇԵԱՆԻ ԹԱՂՈՒՄԸ
Ապրիլի 30-ին, շաբաթ առաւօտեան ժամը 9-ից սկսած քաղաքի բոլոր մասերից սկսած ժողովուրդը շարան-շարան հաւաքւում է Սօլօլակ, ուր Մանթաշեանի տունն է։

Տան փողոցը, Երևանեան հրապարակը, Դվօրցովայա, Գօլօվինսկի, Բարեատինսկայա, Մադաթովսկայա, Վանքսկայա փողոցները, տների կտուրները, պատշգամբները լի են հոծ բազմութեամբ։

Տան առաջ շարուած են համքարներն իրենց ծալած ու սևաքօղ դրօշակներով։ Դռանը և բոլոր փողոցներում ոստիկանութեան պաշտօնեաները հետևակ և հեծեալ պահակներով կարգ են պահում։

Ժամի 11-ին հանգուցեալի ամբողջ բնակարանը լի է յուղարկաւորողներով․ գալիս են 24 քահանայ, Թիֆլիզի թեմի կառավարիչ Տ․ Եփրեմ եպիսկոպոսը, Տ․ Բենիկ վարդապետը, և սկսւում է տան կարգը։

Դուրս են բերում դագաղը, և յուղարկաւորութեան թափօրը յառաջ է շարժւում ծովացած ժողովրդի միջով։ Կառքերն առջևից տանում են 170 պսակ, 24-ն արծաթէ։

Ոստիկանութիւնը շղթայ է կապել ու հազիւ կարողանում է կարգը պահել։ Ժամի 12-ն անց դին հասցնում են եկեղեցի և սկսում են պատարագը։ Վանքի եկեղեցու դռները փակւում են, որովհետև այլևս հնար չկայ մարդ ներս թողնել։

Դիակը դուրս բերին եկեղեցուց ժամը 3-ին մօտ։ Տաճարի արևմտեան դռան մօտ հանգիստ դրին և սկսուեցին ճառախօսութիւնները։
Ժամի 4-ին մօտ դագաղը մօտեցաւ գերեզմանին, որ նոյն Վանքի գաւթումն է և պատրաստւում էր Մանթաշեանի կենդանութեան ժամանակ ու ամփոփուեց այնտեղ։
Այսպէս շքեղ ու անօրինակ էր Աղէքսանդր Մանթաշեանի թաղումը։

«Նաֆտի թագաւորը» իր միլիօններն ու ամեն ինչ թողնելով հեռացաւ այս աշխարհից՝ լոկ մի դագաղ վերցնելով իրեն հետ, որին նեղ էր գալիս Կովկասը և Եւրոպան իսկ, երեք կանգուն երկարութեամբ տապանումն ամփոփուեցաւ։

Դագաղից ու հողից դուրս մնացին նրա բարի գործերը, որոնց մէջ անթառամ կը մնայ Աղէքսանդր Մանթաշեանի անունն ու յիշատակը։

Նյութը՝ Խաչատուր Դադայանի ֆեյսբուքյան էջից։

(Visited 281 times, 1 visits today)