Անդրանիկ Շիրվանզադե միջադեպը կամ մի ապտակի պատմություն

ԱՆԴՐԱՆԻԿ-ՇԻՐՎԱՆԶԱԴԵ ՄԻՋԱԴԵՊԸ
ԿԱՄ ՄԻ ԱՊՏԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1917 թ․ փետրվարի վերջին Պետրոգրադում տեղի ունեցավ զինված հեղաշրջում, որը հանգեցրեց Նիկոլայ II-ի գահընկեցությանը, իսկ իշխանությունն անցավ Ժամանակավոր կառավարությանը։

Պատերազմող Ռուսական կայսրությունը հայտնվեց քաոսի մեջ։ Անկառավարելի քաոսի։
Փետրվարյան հեղաշրջումը, բնականաբար, անմիջապես արձագանք գտավ Այսրկովկասի «մայրաքաղաք» Թիֆլիսում։ Ազատ գործելու հնարավորություն ստացան կուսակցությունները, որոնց ղեկավարեցին համաներումով բանտերից արձակված քաղբանտարկյալները։

Ցարիզմի հետ բոլոր առնչություն ունեցողները՝ պաշտոնյաները, ոստիկանները, ժանդարմներն ու նրանց լրտուները հայտարարվեցին «սև դաս», ստեղծվեցին տարատեսակ կոմիտեներ, և սկսվեցին զանգվածային ձերբակալություններ ու հաշվեհարդարներ։

Պարենի և առհասարակ ամեն ինչի գները շեշտակի բարձրացան, ինչը հանգեցրեց համատարած գործադուլների։ Գլուխ բարձրացրեց քաղաքի քրեական տարրը։ /Հետաքրքիր է, որ այդ ընթացքում հասարակությունն այցելում էր թատրոն՝ թաթարական վոդևիլներ թամաշա անելու/։

ՀՅԴ-ն դուրս եկավ ընդհատակից, իսկ «Հորիզոն» թերթը հայտարարեց, որ հանդիսանում է Դաշնակցության օրգանը։ «Մշակ» թերթն իր հերթին հայտնեց, թե դառնում է Հայ ժողովրդական կուսակցության օրգան։

Այդ ժամանակ Թիֆլիսում գտնվող Անդրանիկը, ցանկանալով թեժ պահել արևմտահայության ազատագրական պայքարը, ներգրավել նորանոր կամավորական ուժեր ու դրամ, կազմակերպեց տաճկահայերի և հարյուր հազարավոր գաղթականների համագումարներ։ Դրանցից մեկի ժամանակ ելույթ ունեցավ Շիրվանզադեն։

Թե նա կոնկրետ ինչ էր ասել, ինձ չհաջողվեց պարզել, բայց «Մշակը» գրեց․ «Թիֆլիս, 10 ապրիլի
Ամսիս 8-ին «Մի բաժակ թէյ» սրճարանում մեր ականաւոր հեղինակ Շիրվանզադէին հասցված ֆիզիքական վիրաւորանքը, որպէս վայրենի երևոյթ, չէ կարող վրդովմունք չը յարուցել բոլոր այն անձանց մէջ, որոնք գիտեն յարգել մարդկային անձնաւորութիւնը և խոնարհվել իրականութեան քաղաքակիրթ կարգերի առաջ։

Միանգամայն անկախ այն հանգամանքից, էթ ինչ միջադէպ է առիթ եղել այդ վարմունքին, և չը քննելով խնդիրն ըստ էութեան՝ մենք բացարձակօրէն արտայայտում ենք մեր զայրոյթն ու բողոքը ֆիզիքական կոպիտ ոյժի գործադրութեան և առաւելապէս մեր վաստակաւոր գրող Շիրվանզադէի վերաբերմամբ կատարված բռնութեան դէմ։

Երբ բիրտ ոյժը հանդէս է գալիս և իր ձեռքը մեկնում դէպի այն, ինչ նուիրական է մեզ համար, մենք, վշտացած կատարված դէպքից, յայտնում ենք մեր յարգելի վիպասան դրամատուրգ Շիրվանզադէին ցաւակցութեան ու համակրանքի ջերմ զգացմունքներ։

Հ․ Համբարձումեան, Միքայէլ Մանուէլեան, Լևոն Քալանթար, Գրիգոր Քալանթար, Պօղոս Աբէլեան, Վահան Տէրեան, Պ․ Մակինցեան, Ազատ Վշտունի, Գաւրօշ, Ստ․ Զօրեան»։

Խոսքն այն մասին էր, որ Շիրվանզադեին ապտակել էին։ 20 օր անց «Հորիզոնն» ու «Մշակը» տպագրեցին հետևյալ նամակը․
«Թիֆլիս, 29 ապրիլի
Ներքև ստորագրողներս՝ Անդրանիկի և Շիրվանզադէի հաւանութեամբ, մօտիկից ծանօթանալով նրանց մէջ տեղի ունեցած անախորժ միջադէպի մանրամասնութիւններին, երկու կողմից լիազօրութեամբ գալիս ենք յայտարարելու հետևեալը․

Շիրվանզադէն յայտնում է, որ Անդրանիկին ուղղած իր խօսքերը չեն համապատասխանում իր իսկական զգացմունքներին, դրա համար ներողութիւն է խնդրում նրանից և խորապէս ցաւում է, որ իր յախուռն արտայայտութիւնով վիրաւորել է իր թիւրքահայ եղբայրներին։

Անդրանիկն էլ իր կողմից յայտնում է, որ վերև յիշած միջադէպի պատճառով, առանց իր գիտութեան, իր ազգականներից մէկի կողմից բիրտ ոյժի գործածութիւնը Շիրվանզադէի դէմ չի համապատասխանում իր զգացմունքներին և ցաւ է յայտնում այս դէպքի համար։

Այս յայտարարութիւնով միջադէպը համարվում է վերջացած։
Յովհ․ Թումանեան, Համբարձում Մելիքեան»։ Այո, նամակը ստորագրել էին Ամենայն հայոց բանաստեղծը և կամավորական շարժման գլխավոր ֆինանսիստ, թիֆլիսաբնակ բաքվեցի կապիտալիստ Հ․ Մելիքյանը։

Կարելի է միայն ենթադրել, թե 20 օրում ինչպիսի խոսակցություններ, բանակցություններ էին տեղի ունեցել, բայց փաստը փաստ է՝ արհավիրքի օրերին Զորավարն ու ժամանակի ամենաանվանի գրողը գիտակցել էին իրենց պատասխանատվությունը ժողովրդի ճակատագրի հանդեպ ու մի կողմ դրել անձնական խնդիրները․․․

Նյութի հեղինակ՝ Խաչատուր Դադայան

(Visited 151 times, 1 visits today)