Տիգրան անունով որքա՞ն արքա ենք ունեցել՝ յոթ, թե՞ ութ․․․ Հայոց Տիգրան արքաները

Տիգրան անունով որքա՞ն արքա ենք ունեցել՝ յոթ, թե՞ ութ․․․ Ակադեմիական պատմագրության մեջ առաջինը՝ Տիգրան Երվանդյանն է, վերջինը՝ Տիգրան 7-րդը, սակայն Հայոց գահին բազմած Տիգրան անունով արքաները՝ թվով ութն են։

Եւ այսպես․ ինչպես նշեցինք՝ առաջինը Երվանդ Սակավակյացի որդին՝ Տիգրան Երվանդյանն է (Ք․ա․ 570-ական — 524 թթ․)։ Նա օգնեց Կյուրոսին՝ տապալել Մարաստանի վերջին արքա Աստիագեսին (Աժդահակ) եւ ստեղծել Աքեմենյան Պարսկաստան պետությունը։ Ի նշան երախտագիտության՝ Կյուրոս Մեծը նրան հանձնեց իր տերության արեւմտյան մասի կառավարումը։ Չգիտես ինչու, Տիգրան Երվանդյանին հայոց պատմագրությունը Տիգրան Ա անունով չի կոչում։

Արտաշես Ա-ի ավագ որդու՝ Արտավազդ Ա-ի մահից հետո՝ հայոց գահն անցավ նրա եղբայր Տիրանին (Տիգրան Ա)՝ 115-95 թթ․ (Մեծ Հայքի արեւմտյան զորքերի հրամանատարը, Տիգրան Մեծի հայրը)։ Արքայի մասին հասել են կցկտուր տեղեկություններ։ Խորենացին նրան անվանում է Տիրան, Ապպիանոսը՝ Տիգրան։

Հայտնի է, որ Տիրան-Տիգրան Ա-ի որդի Տիգրանը, դեռեւս հորեղբոր՝ Արտավազդ Ա-ի կառավարման շրջանում, պատանդի կարգավիճակում հայտնվել է պարթեւական արքունիքում, իսկ հոր մահից հետո՝ նստել հայոց գահին (Ք․ա․ 95 — 55): Փաստորեն, Տիգրան 2-րդ Մեծը՝ հայոց գահին նստած թվով երրորդ Տիգրանն է։

Ք․ա․ 20-ին, Արտաշատում, դավադրաբար սպանվում է Տիգրան Մեծի թոռը՝ Արտավազդ Բ-ի որդի Արտաշես Բ-ն, որին հաջորդում է հռոմեական լեգեոնների ներխուժումը Մեծ Հայք։ Օգոստոս կայսեր ցանկությամբ հայոց գահին բազմում է լեգեոնների հետ Հայաստան եկած, ավելի քան տասը տարի Հռոմում ապրած Տիգրան Գ-ն (Ք․ա․ 20-8 թթ․), ով սպանված արքայի եղբայրն էր։ Հռոմի այս դրածոն կարճ ժամանակ անց վարում է ինքնուրույն քաղաքականություն եւ առանց կայսեր թույլտվության՝ գահաժառանգ է հայտարարում որդուն՝ Տիգրան Դ-ին։

Տիգրան Դ-ն հայոց գահին բազմել է երկու անգամ՝ Ք․ա․ 8-5 եւ Ք․ա․ 2 — Ք․հ․1 թթ․։ Վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական նկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ-ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոսը Ք.ա. 5-ին զորք է ուղարկել Հայաստան, տապալել է Տիգրան Դ-ին եւ հայոց գահը հանձնել նրա հորեղբորը՝ Արտավազդ Գ-ին (Ք․ա․ 5-2 թթ)։ Հայերը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած եւ հայ իրականությունից հեռացած նոր գահակալի իշխանության հետ՝ Ք.ա. 2-ին ապստամբել են եւ վերստին իշխանության բերել Տիգրան Դ-ին, ով այս անգամ գահ է բարձրացել քրոջ՝ Էրատոյի հետ միասին։ 1 թ․ Հայոց արքան սպանվել է կովկասյան լեռնականների՝ սարմատների դեմ պայքարում։

Տիգրան Ե-ն եւ Տիգրան Զ-ն Հռոմի դրածոներ էին։ Առաջինը հոր գծով Հրեաստանի թագավոր Հերովդես Ա-ի թոռն էր, մայրական գծով սերում էր Կապադովկիայի իշխող դինաստիայից։ 6 թվին նրան Հայոց արքա է հռչակել Օկտավիանոս Օգոստոս կայսրը։ Նույն թվին հայերը ապստասմբել են, տապալել Տիգրանին եւ կրկին գահ բարձրացրել Էրատոյին։ Գահազրկված Տիգրան Ե-ն փախել է Հռոմ (36-ին գլխատվել է Տիբերիոս կայսեր հրամանով)։ Տիգրան Ե-ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին նա պատկերված է հայկական ավանդական թագով, իսկ հակառակ երեսին՝ մարտակառքով, ձեռքին դափնեճյուղ։

Տիգրան Զ-ն՝ Տիգրան Ե-ի եղբայր Ալեքսանդրի որդին է։ 60 թ․ նրան Տիգրանակերտում գահ է բարձրացրել հռոմեացի զորավար Կորբուլոնը։ Ք․ա․ 61-ին պարթեւական զորքերն անցել են հակահարձակման եւ հարկադրել Կորբուլոնին Մծբինում ստորագրել զինադադարի համաձայնագիր, որի համաձայն կողմերն իրենց զորքերը դուրս են բերել Մեծ Հայքից։ Տիգրանակերտը լքել է նաեւ Տիգրան Զ-ն։

Թվով ութերորդ Տիգրան թագավորը՝ Տիգրան Է-ն, նույնպես Հռոմի դրածո էր։ Նրա իսկական անունը Սոհեմոս էր։ Ասորիքի Էմեսա (Հոմս) քաղաքի թագավորն էր, ներկայանում էր որպես Երվանդունիների հարստության շառավիղ։ Հռոմի ծերակույտի անդամ էր։ Հայոց գահը ստացել է Անտոնինոս Պիոս կայսրից եւ հաջորդել գահընկեց արված Վաղարշ Ա Արշակունուն (117-140): Կառավարել է 42 տարի՝ 140-161 եւ 164-185 թթ․։ Խորենացին Սոհեմոսին անվանում է Տիգրան Վերջին։

(Visited 1 197 times, 1 visits today)