Գյուղի հարսանիքներին, երբ կանչում էին և թաղումների, որ պիտի գնար առանց կանչելու, այդ մարդը ինքը չէր գնում, այլ ուղարկում էր իր… կոշիկները.Բայց եղավ մի օր, որ մեռավ նաև այդ մարդը…

… Հնում, շատ հնում, տատս է պատմել, մեր գյուղում ապրելիս է եղել մի մարդ, հարուստ, գոռոզ մի մարդ:

Գյուղի հարսանիքներին, երբ կանչում էին և թաղումների , որ պիտի գնար առանց կանչելու, այդ մարդը ինքը չէր գնում, այլ ուղարկում էր իր …կոշիկները։

Այո այո կոշիկները ինքը չէր գնում, ուղարկում էր կոշիկները: Գյուղացիք բարի ու անօգնական մարդիկ էին, այդ մարդը հարուստ էր և ուժեղ և գյուղացիք նրա կոշիկները տանում դնում էին պատվավոր տեղ հարս ու փեսային մոտիկ, կամ հանգուցյալի դագաղին մոտիկ:

Բայց եղավ մի օր, որ մեռավ նաև այդ մարդը, որը հարուստ էր ու չար, մեռավ և նրա դագաղի մոտ մեծ, լուսավոր հյուրասրահում, մեկ երկու ազգականի կողքին հերթով, իրար հետևից եկան, շարվեցին գյուղի բոլոր կոշիկները:

Գյուղացիք բարի էին և անօգնական, բայց նրանց հոգին փխրուն էր, իսկ փխրուն հոգիների վերքը ուշ է սպիանում: Նրա դագաղը դժվարությամբ կտրեցին գետնից, որովհետև կոշիկները պարզ է, ձեռքեր չունեն և այդ մեկ երկու ազգականն էլ մի քանի րոպե տանելուց հետո դագաղը սայլին դրին, որովհետև անկարող էին մինչև գերեզմանատուն հասցնել, իսկ գյուղի կոշիկները բոլորն էլ տանը մնացին, որովհետև այդ կոշիկների տերերը մնացել էին իրենց տներում` առաջին անգամ խախտելով գյուղի սուրբ ավանդությունը:

Վարդգես Պետրոսյան << Մեր Հայրերը >>

(Visited 5 283 times, 1 visits today)