Գիտե՞նք արդյոք. Թե ինչու Արմենակ Խանփերյանցը դարձավ Սերգեյ Խուդյակով․ Արդյո՞ք նա թաքցնում էր իր ՀԱՅԿԱԿԱՆ ծագումը, թե՞ փորձում էր խուսափել մահից

Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցն ինչ-որ, հավանաբար լուրջ պատճառով, Սերգեյ Խուդյակով դարձավ և մարտերում հավերժացավ հենց այդ անունով: Սակայն միևնույն ժամանակ նա չէր թաքցնում իր հայ լինելը։ Իրականում ո՞րն էր պատճառը, որ հայտնի մարշալը հրաժարվեց հայկական անուն ազգանունից․ մի քանի հետաքրքիր ու պատմական վարկած։

1․ Առաջին վարկածի համաձայն Արմենակ Խանփերյանցի անվանափոխության ամենահասարակ բացատրություններից մեկն այն է, որ Արմենակը ցանկացել է թաքցնել իր հայկական ծագումը` մտածելով, որ ռուսական անվամբ ավելի շատ բաների կարող է հասնել: Սակայն նրա հետ տարբեր տարիների ընթացքում շփում ունեցած հայերի բազմաթիվ վկայություններ կան, ըստ որոնց, նա ազատ խոսում էր հայերեն և չէր թաքցնում հարազատ լեզվի իմացությունը, այնպես որ դժվար թե վերը նշված ենթադրությունը իրականությանը մոտ լինի:

2․ Գոյություն ունի ավելի ազնվական տարբերակ, ըստ որի Սերգեյ Խուդյակովը եղել է Արմենակ Խանփերյանցի զինակից ընկերը` հետախուզական հեծելազորի հրամատարը: Զբոսանավը, որով նրանք նավարկում էին խորտակվել է, Խուդյակովը, վիրավոր լինելով, փրկել է լողալ չիմացող Արմենակի կյանքը և զոհվել, իսկ փրկվածը վերցրել է ընկերոջ անունը: Սակայն նրա կեսնագիրներից ոչ մեկին չի հաջողվել գտնել այդպիսի Սերգեյ Խուդյակովի` ո՛չ ծառայողական ցուցակներում, ո՛չ ենթադրվող հայրենիքում` Սարատովի շրջանում, նման անունով մարդ չկա:

3․ Մյուս վարկածի համաձայն՝ Բաքվի համայնքի զորամասի պարտությունից հետո, Խանփերյանցը, ով ծառայում էր այդ զորամասում, մյուսների հետ միասին թուրքերի ձեռքն է ընկել: Վերջիններս բոլոր հայերին գնդակահարում էին հենց կառամատույցին, իսկ մյուսներին ձեռք չէին տալիս: Այդպես Արմենակը ցույց է տալիս ինչ-որ տեղ ձեռք բերած վարժարանի ուսանողական տոմսը` Ս.Ա. Խուդյակովի անունով: Նա կարողանում է խուսափել մահից, սակայն գերի է ընկնում:

Նույն գիշեր ձերբակալվածների խումբը փախուստի է դիմում և Արմենակը հայտնվում է ազատության մեջ: Այս վարկածը կասկածի տեղիք է տալիս, քանի որ հայտնի է` Խանփերյանցը իր բոլոր փաստաթղթերում նշում էր իր իսկական ծննդյան վայրը՝ Արցախ: Ստացվում է, որ եթե այդ վարժարանի ուսանողական տոմսն իսկապես գոյություն է ունեցել, ապա դրա իսկական տիրոջ` Խուդյակովի և Խանփերյանցի ծննդյան թվերը պետք է համընկնեին, իսկ դա քիչ հավանական է:

4․ Ասում էին նաև, որ Բաքվի կոմունայի ժամանակ հեռախոսավար աշխատելիս՝ Արմենակը նկատում է, որ ոմն Լավրենտի Բերիա մշտական կապի մեջ է բրիտանական հյուպատոս Մակդոնելլի հետ: Նրանց զրույցի թեմաները չափազանց կասկածելի էին: Հանկարծ Բաքվի թերթերից մեկում հայտնվում է մի լուսանկար, որտեղ հենց այդ Բերիան էր: Եվ Արմենակը թերթի լուսանկարը, հեռախոսային զրույցների վերաբերյալ իր բացատրական նամակի հետ միասին, փոխանցում է Չեկային և, վախենալով Բերիայի վրեժից, փոխում է անունը:

Սակայն այս տարբերակը նույնպես չի հաստատվում պատմության կողմից:
Նման թերթ չի գտնվել և, հավանաբար, այն գոյություն չի ունեցել: Բայց ամենակարևորն այն է, որ 19-ամյա Բերիան չէր կարող Խուդյակովին այնպես վախեցնել, որ վերջինս փոխեր անունը, քանի որ այդ ժամանակ Բերիան դեռ իրենից ոչինչ չէր ներկայացնում, և ոչ ոք չէր կարող կանխորոշել նրա գործունեության նման շրջադարձը: Այսպես թե այնպես` անվանափոխության իրական պատճառը գիտեր միայն Արմենակ Խանփերյանցը: Իսկ ինքն այդ մասին այդպես էլ ոչ ոքի ոչինչ չի պատմել:

Աղբյուրը՝ iammedia.am

(Visited 74 times, 1 visits today)