Յոթ ամսական հղի էի, ամուսինս զոհվեց, երեխես էլ հազիվ փրկվեց. Բաբայանների ՀՈՒԶԻՉ պատմությունը

34-ամյա Արփինե Բալայանը և ամուսինը՝ Վանիկ Բաբայանը, վերջին տարիներին երկար բուժվում էին՝ երազելով երկրորդ երեխայի մասին։ Սեպտեմբեր ամսին Արփինեն արդեն 7 ամսական հղի էր, գիտեին, որ տղա են ունենալու, անունն էլ որոշել էին՝ Արեգ։

Արցախյան պատերազմը, սակայն, թույլ չտվեց լիաթոք ուրախանալ երեխայի ծննդով։ Նոյեմբեր ամսին ծնվեց Արեգը, նույն ամսին՝ պատերազմի վերջին օրը՝ հրադադար ստորագրելուց ընդամենը ժամեր առաջ, Լաչինում հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս զոհվեց Արփինեի ամուսինը՝ այդպես էլ չտեսնելով սպասված որդուն:

«Մենք շատ երկար էինք սպասում այս բալիկիս, ես ահագին ժամանակ չէի հղիանում, ահագին բուժումներ, 5-6 տարի պայքարել ենք, որ հղիանամ ու հրաշքով եմ հղիացել: Որ երեխեն ծնվել ա, ես մտածում եմ՝ Աստված գիտեր՝ ինձ ինչ էր սպասում, ինչ էր լինելու, դրա համար էդ երեխուն տվել ա ինձ»,- հուզմունքով ասում է Արփինե Բալայանը։
Արփինեն ու Վանիկը բնակվել են Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում, պատերազմի օրերին Արփինեն մեծ տղայի հետ տեղահանվել է, նախ տեղափոխվել է Գորիս, այնուհետև՝ Երևան: Ամուսինը կամավոր մեկնել է հայրենիքը պաշտպանելու:

«Մենք տուն ունեինք՝ Վանիկի հայրական տունը, նաև պետական շենքում տուն ունեինք, սարքել էինք, տունը պետք ա սեփականաշնորհեինք, ուզում էինք տեղափոխվել, բայց չհասցրեցինք։
Պատերազմը որ սկսվեց, ամուսինս կամավոր գրանցվեց պահեստայինում, որ կամավոր գնա։ Մինչև մեր ամուսնանալը՝ էդ տարի ինքը մեքենայով վթար էր տվել, շատ մեծ ավարիա էր տվել, ձախ թոքը վիրահատել էին, առողջական խնդրի պատճառով վայենկոմատն իրեն ազատել էր զինվորական ծառայությունից, բայց ինքը կամավոր գնաց»,- ասում է Արփինեն։

Արփինեն ամուսնու զոհվելու մասին իմանում է նոյեմբերի 9-ին: Դաժան լուրերից հետո Արփինեի ինքնազգացողությունը սկսում է վատանալ, օրեր շարունակ ճնշման տատանումներ է ունենում, երեխայի աճը կանգնում է, երեխան հրաշքով է փրկվում:
«Ամսի 28-ին հանրապետականում պառկեցի, 29-ին բժիշկը ասեց, եթե լավ ես զգում, քեզ կուղարկեմ տուն, տանը բուժումը կշարունակես: Բայց երեկոյան վատացա, էխո արեցին, երեխու սրտի զարկերն էին քչանում, պտղաջրերս էին չորանում: Բժիշկն ասեց՝ պետք ա կես ժամվա մեջ վիրահատեն, թե չէ ներարգանդային մահ կգրանցվի: Վիրահատարան տարան, վիրահատությունը ավարտվեց ուղիղ ժամը 12։00-ին: Փառք Աստծո, նոյեմբերի 30-ին ծնվեց տղաս: Մինչև էդ բժիշկը լավ չէր խոսում, որ ծնվեց, ասեց՝ աչքդ լույս, տղեդ լավ ա ծնվել»,- պատմում է Արփինեն:

Արցախյան պատերազմը չնայած շրջեց ինչպես շատ արցախցիների կյանքը, այնպես էլ Արփինեի, բայց նա փորձում է իր մեջ ուժ գտնել, հաղթահարել ցավն ու կսկիծը, որ ապրի ու ապրեցնի երեխաներին:

Այսպես ասեմ՝ ես կապրեմ, բայց ոչ ինձ համար, այլ՝ իմ երեխեքի։ Իմ ամուսինը գոնե ինձ երկու երեխա ա տվել՝ էդ նվերը, բա մնացած 18-19 տարեկան տղերքի ծնողներն ինչ ասեն»,- ասում է Արփինեն:

(Visited 1 614 times, 1 visits today)