Ինչպես Լենկ Թեմուրը ստորացրեց Օսմանյան սուլթան Բայազիդ Առաջինին

1389 թվականին Օսմանյան սուլթան Մուրադ Առաջինի բանակը Կոսովոյի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է Սերբիայի կառավարիչ Լազար Խրեբելյանովիչի զորքին: Լազարն ու սերբական արիստոկրատիայի բազմաթիվ ներկայացուցիչները գերի են ընկել ու գլխատվել:

Այս նույն ճակատամարտում զոհվել է նաև սուլթան Մուրադը, և սուլթան է դարձել նրա որդի Բայազիդը:

Սերբիան դարձել է Օսմանյան կայսրության վասալը և պարտավորվել է հարկ վճարել ու զորք տրամադրել օսմանյան բանակին: Սերբիայի կառավարումը հանձնվել է Լազարի որդի Ստեֆանին, իսկ Ստեֆանի քրոջը՝ Օլիվերա Դեսպինային («դեսպինա» -ն անձնական անուն չէ, այլ նշանակում է դեսպոտի (այդպես է անվանվել Սերբիայի կառավարչի տիտղոսը) կին կամ դուստր) ուղարկել են Բայազիդի հարեմ, և նա դարձել է նրա կանանցից մեկը:

Հիշյալ ժամանակաշրջանում սուլթանի հարեմը գտնվել է Էդիրնե քաղաքում: Օլիվերայի եղբայրները՝ Ստեֆանն ու Վուկը, նույնպես գնացել են սուլթանի պալատ, որպեսզի ընդունեն իրենց վասալական վիճակը:

Սերբական աղբյուրները նշում են, թե Օլիվերան իսլամ չի ընդունել, հավատարիմ է մնացել իր քրիստոնեական դավանանքին: Ըստ ժամանակագիրների՝ Օլիվերան շատ գեղեցիկ է եղել և մեծ ազդեցություն է ունեցել սուլթանի վրա: Պատմաբաններից ոմանք ասում են, թե նրա ամուսնությունը շատ ռացիոնալ որոշում է եղել և նպաստել է սերբ ժողովրդի ու սերբական պետության գոյատևմանը:

Օլիվերայի մայրը՝ իշխանուհի Միլիցան, 1393 թվականին գնացել է սուլթանի ոտքը, որպեսզի խնդրի թույլ տալ սերբերի մեծ սրբերից մեկի մասունքների տեղափոխումը Վալախիայից Բելգրադ: Շնորհիվ Օլիվերայի՝ Միլիցային լավ են ընդունել: Դրան հաջորդել է դավաճանության մեջ կասկածվող Ստեֆանի այցը սուլթանին: Ստեֆանը դաշինք էր կնքել Հունգարիայի թագավոր Սիգիզմունդի հետ, և Օլիվերան մեծ դեր է խաղացել սուլթանի զայրույթը եղբոր նկատմամբ մեղմելու գործում ու նույնիսկ ամրապնդել է նրա կարգավիճակը:

1402 թվականին աշխարհակալ Լենկ Թեմուրն Անկարայի ճակատամարտում ջախջախել է Բայազիդի գլխավորած օսմանյան բանակը: Այդ ճակատամարտում օսմանյան բանակի կազմում կռվել են նաև սերբերը՝ Ստեֆանի գլխավորությամբ: Օլիվերան և իր ամուսինը՝ Բայազիդ Առաջինը, գերվել են ու բազում նվաստացումների ենթարկվել: Բայազիդին վանդակն են գցել, կերակրել են թերմացքներով, իսկ Օլիվերային ստիպել են մերկացած սպասարկել կերուխումի մասնակիցներին՝ Լենկ Թեմուրին ու նրա մերձավոր զինակիցներին: Բայազիդը, չկարողանալով դիմանալ իր կնոջ ստորացմանը, գլուխը խփել է վանդակի ձողերին, ցանկացել է ինքնասպանություն գործել:

Բայազիդը և իր որդիները մեռել են գերության մեջ, իսկ Օլիվերային ազատ են արձակել

Լազարը և նրա ընտանիքը, ձախից ամենավերջինը՝ Օլիվերա Դեսպինան:

(Visited 971 times, 1 visits today)