Թուրքն ու ռուսը, Հայաստանի երկու օձիքներից բռնած, քաշում էին… Այս աղմուկի վրա հանկարծ Հայաստանն արթնացավ եւ ասաց…

Թուրքն ու ռուսը, Հայաստանի երկու օձիքներից բռնած, քաշում էին. մեկն ասում էր՝ թող տանեմ Սիրիայի անապատում կոտորեմ, մյուսն ասում էր՝ չէ’, ես պիտի տանեմ Սիբիրում կոտորեմ։

Այս աղմուկի վրա հանկարծ Հայաստանն արթնացավ եւ ասաց.
— Ջանը՛մ, երկուսդ էլ մեծ պետություններ եք, ամոթ չէ՞ ընդամենը մեկ միլիոնանոց հայություն կոտորելու համար իրար քաշքշում եք։

Թողե՛ք, ես ինքս իմ ձեռքով կկոտորեմ։
— Այդքան կարողություն ունե՞ս։

— Փա’հ, բան ասացիք։ Գնացեք՝ մի երկու տարի հետո եկեք. թե Հայաստանում մի հայ տեսնեք՝ թքեք իմ երեսին։ Մի միլիոնն ի՞նչ բան է։ Կարեւոր մասը բանտերում կկոտորեմ, մնացյալ մանր-մունրն էլ կձուլեմ Ռուսաստանին, կվերջանա կերթա…
——————————
Պատմական այն շրջանում, երբ դեռ քաղաքներ գոյություն չունեին եւ մարդիկ ապրում էին գյուղերում, ոչ մի ազգ ինքն իրեն չէր կոտորում, միշտ ուրիշները պիտի կոտորեին։

Բայց երբ առաջ եկան քաղաքները, ծաղկեցին “քաղաքացիական կռիվները” եւ այլեւս ազգերն առանց հարեւան ազգերին նեղություն տալու՝ իրենք իրենց կոտորում էին։

Այնպես, ինչպես հիմա առանց սափրիչի մենք մեզ ածիլում ենք…
Լեռ Կամսար

(Visited 2 682 times, 1 visits today)